Երկաթե ձողով հարվածելուց հետո, շիշը կոտրել է եւ խրել կոկորդը. մանրամասներ սպանությունից

Մարտի 18-ին Սևանի բնակչուհուց ահազանգ էր ստացվել, որ հայրը՝ 1961թ. ծնված Գուրգեն Ներսեսովը, մարտի 17-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, դուրս է եկել իրենց բնակարանից՝ Սևանի քաղաքապետարան գնալու նպատակով և մինչ օրս չի վերադարձել:

2 օր հետո Գուրգեն Ներսեսովին Սեւան քաղաքում հայտնաբերել են մահացած: Սպանողը՝ համաքաղաքացի Գարիկ Հայրապետյանն է, ով, ըստ սեւանցիների, նախկինում դատված է եղել թմրանյութ օգտագործելու եւ այլ խուլիգանական արարքներ կատարելու համար: Սեւանում մեզ պատմեցին, թե ինչ դաժանությամբ է սպանվել Գուրգեն Ներսեսովը. «Միասին գնացել են մի կտոր հաց են կերել, հետո Գարիկը մեքենայով տարել է Ցամաքաբերդում գտնվող «Մինուտկա» ռեստորանային համալիրի մոտ եւ երկաթե ձողով սկսել է հարվածել գլխին: Անխիղճը դրանով չի բավարարվել, շիշը կոտրել է եւ մտցրել կոկորդի մեջ: Բաքվեցի էր, անշառ մարդ էր: Ասում են, Գուրգենը դրան հայհոյել է, եւ դա էլ եղել է սպանության պատճառ: Իսկ սպանողի ընտանիքին լավ են ճանաչում սեւանում՝ ընտանիքով ոնց որ հիվանդոտ լինեն, նրանց մականունով «չերչիլ» են ասում»:

«Գուրգենը վարսավիր էր, հին սովետական մազ կտրելու մեքենա ուներ, դրանով օրվա հացի փող էր վաստակում: Հաճախակի էր քաղաքապետարանից օգնություն ստանում: Էս վերջում էլ թղթերը դասավորել էր, որ Փարոս ստանար: 2 օր էր անհետ կորել էր, հետո պարզվեց, որ սպանել են»,- ասաց Գուրգենի հարեւաններից մեկը: Հարեւանի խոսքով, սպանողը՝ Գարիկը իրենց հարեւանությամբ է ապրում:

ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գուրգեն Ներսեսովը դարձել է սպանության զոհ։ Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է տուժողի համաքաղաքացին՝ 1975թ-ին ծնված Գարիկ Հայրապետյանը։ Նախաքննությունը շարունակվում է։

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X