Ամեն ինչ կոչվեց իր անունով․ շենքը՝ պալատ, ճարտարապետները` պալատական

Մարտի 17-ին Հայաստանի ճարտարապետների միությունում տեղի ունեցավ միության 19-րդ համագումարը, որի օրակարգային հարցը` Հայաստանի ճարտարապետների միավորման՝ Ճարտարապետների պալատի վերակազմավորման մասին որոշման ընդունումն էր եւ արդեն նոր Ճարտարապետների պալատի նախագահի ընտրությունը։ Այս փոփոխությունն իրականացվում է «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, որն ամիսներ առաջ միաձայն ընդունվեց ԱԺ-ում՝ բոլոր ֆրակցիաների կողմից։ Օրենքն արդեն վավերացվել է հանրապետության նախագահի կողմից եւ այժմ ուժի մեջ է:

Ճարտարապետների միության՝ պալատի վերակազմավորվելու փաստը եւ համագումարին ներկա փոխքաղաքապետ Կամո Արեյանի կես կատակ ասված խոսքը, թե դուք էլ դարձաք պալատականներ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարբեր մեկնաբանությունների տեղիք են տվել, ճարտարապետ օգտատերերից մեկը գրել էր, որ վերջապես ամեն ինչ կկոչվի իր անունով․ «Շենքը՝ պալատ, ճարտարապետները` պալատական»:

Թե ինչ կտա պալատ դարձած Ճարտարապետների միությունը, ինչպես է կառավարվելու, Ճարտարապետների պալատի նախագահ ընտրված, նախկին միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ասաց, որ պալատի ներսում գործող խորհուրդներն ու հանձնաժողովներն արդեն ձեւավորվել են։ «Պալատի խորհուրդ, պալատի նախագահ, պալատի որակավորման հանձնաժողովներ՝ դրանք բոլորն ընտրվել են»,- ասում է նա ու հավելում, որ պալատի բարձրագույն մարմինն ընդհանուր ժողովն է լինելու, որը տարեկան մեկ անգամ պարտադիր կհրավիրվի, որովհետեւ որոշ հարցեր ժողովի միջոցով են լուծվելու։ «Այստեղ ընդգրկված են միության բոլոր անդամները, հետո նախագահն է, խորհուրդը, որակավորման հանձնաժողովները՝ ճարտարապետների եւ ճարտարագետների համար առանձին, ի վերջո՝ բոլորս միասին ենք որոշումներն իրականացնելու։ Նախագահը, իհարկե, աշխատում է պալատի խորհրդի հետ, որը բաղկացած է 17 անդամից։ Որակավորման հանձնաժողովներում 4-ը մենք ենք ընտրում, 2-ը տալիս է գերատեսչությունը, մի մասնագետ էլ՝ համալսարանը»։

Ըստ նրա՝ վերակազմավորման բուն էությունն այն է, որ եթե նախկինում միությունը հասարակական կազմակերպություն էր եւ կարող էր միայն մարդկանց իրազեկել, ինչ-որ հարցեր առաջ քաշել, որոնք կարող էին լսվել կամ չլսվել, հիմա արդեն ներկայացնում է մասնագիտական մարդկանց խումբ, որն առաջ է շարժվում օրենքով։ Մինասյանը հուսով է, որ այս դեպքում արդեն իրենց կարծիքը որոշակի կշիռ կունենա թե՛ հասարակության մեջ, թե՛ կառավարական մակարդակում։

Այս օրենքը ճարտարապետության որակը կբարձրացնի՞։ Մկրտիչ Մինասյանի կարծիքով՝ այս ամենն արվում է հենց դրա համար, նաեւ ճարտարապետի նախկինում ունեցած հարգանքն ու հեղինակությունը վերականգնելու նպատակով։

Համագումարի ընթացքում կարծիք հնչեց նաեւ, որ օրինագիծը եւ արդեն ընդունված օրենքի շարադրանքը տարբեր են իրարից, եւ կան իրավական, մասնագիտական հակասություններ օրենքում։ Մկրտիչ Մինասյանն այս տեսակետը հիմնավոր չի համարում, մատնանշում է ընդհանուր միության տրամադրությունն ու նշում, որ դեռեւս 2016-ին խոսել-քննարկել են, որ պետք է գնան պալատ դառնալու ճանապարհով եւ պետք է հենց իրենք տան որակավորումներ ճարտարապետներին։

Այն, որ քվեարկությունը կարծես տարերային է եղել, եւ դահլիճում ներկաները չեն հասցրել ֆիքսել գրանցված «կողմ» եւ «դեմ»-երը, ապա Մինասյանը նկատում է, որ նույնիսկ կրեմլյան մեծ դահլիճում, երբ ընդհանուր քվեարկություն է, մարդիկ ձեռք են բարձրացնում․ «Այսինքն՝ կա հաշվիչ հանձնաժողով, որը հաշվում է այդ քվեները, եւ որպեսզի հեշտ լիներ, ասում էինք՝ ովքե՞ր են դեմ, իսկ տվյալ հարցի շուրջ դեմ 5 հոգի է եղել, որը հաշվել ենք»։

Ինչպե՞ս է գնահատում այն փաստը, որ նախագահի պաշտոնում առաջադրել են եւս 3 հոգու, ովքեր, սակայն, ինքնաբացարկ են հայտնել։ «Նախագահի թեկնածու եղավ նաեւ մեր փոխնախագահը, մյուս փոխնախագահը, նաեւ խորհրդի անդամներից, բայց քանի որ մենք միասին ենք աշխատում, նրանք վստահեցին ինձ ու հանեցին իրենց թեկնածությունը, կարող էին թողնել, որ շղարշի նման թվար, թե շատ թեկնածուներ են եղել, բայց ինչի՞ մենք մեզ խաբենք»։

Ճարտարապետ** Հրաչ Պողոսյանն** իր խոսքում ընդգծում է՝ համագումարը շատ հանգիստ է անցել, այնքան հանգիստ, որ հենց դա է վտանգավոր, որովհետեւ մարդկանց համար միեւնույն է, թե ինչ կլինի։ «Վատ է, երբ աուդիտորիայի ակտիվությունը չես զգում։ Այն մարդիկ, ովքեր այդ ամենը կազմակերպել են, մշակել, նրանց դա պարզ է, բայց դահլիճում նստածների համար դա պարզ չէ։ Այսինքն՝ նրանց պետք է լրիվ բացատրվեր, որ նրանք հասկանային, ըմբռնեին, թե հարցն ինչում է, եւ որոշեին՝ մտնե՞ն այդ պալատի մեջ, թե՞ ոչ, որովհետեւ կամավոր է, կարող ես դառնալ պալատի անդամ, կարող ես եւ ոչ։ Դահլիճի պասիվությունն ինչու է ինձ անհանգստացնում եւ, իմ կարծիքով, վտանգավոր, որովհետեւ երբ մարդիկ պասիվ են, դա նշանակում է, որ լճացման որոշակի նախադրյալներ կան։ Մարդիկ պետք է ակտիվ լինեն, չհամաձայնեն միանգամից ամեն ինչի հետ, պետք է փորփրեն, փնտրեն, հասկանան՝ լավ է, թե վատ։ Հիմա այս երկրի ամբողջ քաղաքաշինական բախտը երիտասարդներից է կախված, իսկ նրանք պետք է լինեն շահագրգռված, անհանգիստ մարդիկ, հարցուփորձ անեն, բողոքեն ինչ-որ բանից, իսկ երբ հանգստություն է, լռություն, դա վտանգավոր բան է, դա լճացման առաջին նշանն է։ Ես գիտեմ, որ բոլորի մոտ էլ անհանգստություն կա, շատ մեծ դժգոհություն այս վիճակից, հատկապես՝ երբ պատվիրատուն թելադրում է իր կամքը»,- ասում է Պողոսյանը եւ, պատասխանելով այն հարցին, թե այս օրենքը որքանով կնպաստի, որ անօրինական կառուցապատումներ եւ որոշումներ չլինեն, ասում, որ,իր կարծիքով, որոշ հույսեր կան։ Սակայն հուսադրող չի եղել, որ ամբողջ համագումարի ընթացքում մի հոգի է փորձել առարկել, այն էլ՝ ոչ հիմնավոր։

Հրաչ Պողոսյանի դիտարկմամբ՝ կառուցվածքի տեսանկյունից նոր պալատը նման է հին միությանը․ «Պալատը նույն ֆունկցիաներն ունի, ինչ Ճարտարապետների միությունը, ուղղակի ունի նաեւ լրացուցիչ ֆունկցիաներ։ Տարբերությունը նրանում է, որ սա ինքնակառավարվող մարմին է, ոչ առեւտրային, ոչ շահույթ հետապնդող, եւ նպատակն այն է, որ օրենքը եւ միության այս նոր կառուցվածքը, որ կոչվում է պալատ, կարողանա ազդել ճարտարապետության, կառուցապատման որակը բարձրացնելու վրա ամբողջ Հայաստանում»։

Օրենքում այդ լծակները կա՞ն, որ կարողանա ազդել։ «Կան լծակներ, բայց, անկախ կառուցվածքից, ամեն ինչ կախված է գործունեության որակից։ Ես հույս ունեմ, որ նոր խորհուրդը նորացված անդամներով կկարողանա ինչ-որ բան փոխել այսօրվա վիճակում։ Իսկ վիճակը լավ չէ, որովհետեւ ե՛ւ ճարտարապետներն են դժգոհ, ե՛ւ հանրությունը։ Լծակներից մեկն այն է, որ պալատը պետք է քննի մարդկանց դիմումը, նոր արտոնագրի իրավունք տա։ Պալատը պետք է զբաղվի նաեւ պալատի անդամների՝ ճարտարապետների վերապատրաստման գործով։ Շատ գեղեցիկ օրենքներ կարելի է գրել, եւ մեր երկիրն ունի նման օրենքներ, բայց դրանք դրվում են մի կողմ, եւ կյանքը գնում է ուրիշ ուղղությամբ։ Եթե այդպես լինի, ոչ մի հույս չկա, որ մենք կունենանք լավ ճարտարապետություն, լավ քաղաքաշինություն։ Այսօրվա սիստեմը բերում է նրան, որ որեւէ գլխավոր ճարտարապետ որոշիչ դեր չունի հատկապես Երեւանից դուրս, ամեն ինչ որոշվում է կառուցապատողի հզորությունով, նրա գումարային հնարավորություններով, նրա ազդեցությամբ իշխանության վրա, ճարտարապետը 3-4-րդական ազդեցություն ունի։ Օրենքի բոլոր կետերը պայքարի միջոցով պետք է մտցնել կյանք»,- ասում է նա ու, անդրադառնալով ձեւավորված խորհրդին, հանձնաժողովներին, նկատում, որ մի քանի հոգի նախկին վարչության կազմից բացարկ են հայտարարել, որոնց մեջ՝ նաեւ ինքը․ «Օրինակ, ես մեծ ցանկություն ունեի, որ նոր մարդիկ մտնեն այդ խորհրդի մեջ՝ ավելի երիտասարդ, նոր մտքեր ունեցող, որովհետեւ այն, ինչ մենք արել ենք, ըստ երեւույթին, վատ ենք արել, որովհետեւ, եթե լավ անեինք, դժգոհություն չէր լինի»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X