Ռուսաստանը կգնա՞ Հայաստանի ճանապարհով

Հետաքրքիր խոսակցություններ են սկսվել ՌԴ նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի վերընտրությունից հետո: Սա Վլադիմիր Պուտինի վերջին ընտրությունն է այդ պաշտոնում, եւ նա, առանց Սահմանադրության խախտման կամ համապատասխան փոփոխությունների, չի կարող եւս մեկ անգամ հավակնել ՌԴ բարձրագույն պաշտոնին: Այդ մասին բավականին ուշագրավ հայտարարություն է արել Տնտեսական եւ քաղաքական ռեֆորմների կենտրոնի ղեկավար Նիկոլայ Միրոնովը: «Սա վերջին ժամկետն է, ոչ մի փոխատեղում այլեւս չի կարող լինել»,- ասել է քաղաքագետը՝ հասկացնելով, որ ընդմիջում վերցնել եւ նորից վերադառնալ, ինչպես դա արվեց Մեդվեդեւին մեջտեղ բերելով, Պուտինն այլեւս չի կարող:

Այդուհանդերձ, այդ իրավիճակը խոչընդոտ չէ Պուտինի համար` մնալու ամենաակտիվ քաղաքականության մեջ` երկրի ղեկավարման լծակները, բնականաբար, պահելով իր ձեռքում:

Միրոնովը նաեւ վստահություն է հայտնել, որ եթե ոչ հիմա, ապա ոչ ուշ, քան 2 տարի անց ՌԴ ղեկավարության շարքերում կընդգծվի այն դեմքը, որը կփոխարինի Պուտինին:

«Լայն ընտրություն կատարելու հնարավորություն, իհարկե, կա: Մենք շատ արժանի քաղաքական եւ պետական գործիչներ ունենք: Ես կարծում եմ, որ Պուտինի ընտրությունը կանգ կառնի 40-ն անց համեմատաբար երիտասարդ հետնորդի վրա, որի անունը, եթե արդեն Պուտինը եւ էլիտան գիտի, ապա հասարակությանը հայտնի կդառնա ոչ շուտ, քան 2 տարի անց»,- ասել է Միրոնովը:

Ոչ պակաս հետաքրքիր հայտարարություն է արել ՌԴ «ԼԴ» կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, որն այս նախագահական ընտրությունների անհաջողակներից մեկն է: Նա հայտարարել է, որ 2018 թվականի նախագահական ընտրությունները վերջինը կլինեն Ռուսաստանի պատմության մեջ: Ժիրինովսկու հայտարարությունը, կարծես, բխում է օտարերկրացի լրագրղին Պուտինի պատասխանից: Լրագրողի հարցին` մենք շարունակելո՞ւ ենք տեսնել նույն Պուտինին, նորընտիրը պատասխանել է` ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոխվում:

Նկատենք, սակայն, որ Պուտինի հետագա պաշտոնավարման անհնարինության կամ պաշտոնավարման ձեւի փոփոխության մասին խոսակցությունները տարածվում են այն պահին, երբ Պուտինը հետխորհրդային Ռուսաստանի պատմության մեջ ռեկորդ է սահմանում ոչ միայն ընտրությունների հաճախելիության, այլեւ իր օգտին ստացած ձայների առումով: Սա պետք է որ հիմք տար մտածելու այլ ուղղությամբ, բայց, ահա, խոսվում է բոլորովին այլ բանի մասին:

Իրավիճակը, ինչ խոսք, հիշեցնում է մեր գլխով անցածը, երբ Սերժ Սարգսյանը 2013 թ. ընտրություններից հետո հայտարարեց բոլոր քաղաքական ուժերի հետ համատեղ աշխատելու, ընդդիմության նկատմամբ մեծ հանդուրժողականության եւ համախմբման մասին: Գրեթե նույնաբովանդակ հայտարարություն է արել նաեւ Պուտինը` նախնական արդյունքների հայտարարությունից հետո իր «ընդլայնված թիմի» եւ լրագրողների հետ հանդիպմանը:

Փակագծերն ավելի է բացել «ամենահաս» Ժիրինովսկին, որ նույնիսկ նկարագրել է Ռուսաստանի հետնախագահական կառավարման ձեւը` նշելով, որ ստեղծվելու է Պետական խորհուրդ՝ կազմված Ռուսաստանի բոլոր նահանգապետերից, որոնք էլ ընտրելու են խորհրդի նախագահին` «председатель»-ին: Այսինքն, եթե Ժիրինովսկու ասածները որոշակի հիմք ունեն, ապա Ռուսաստանում «президент»-ը վերածվում է «председатель»-ի, ճիշտ այնպես, ինչպես Չինաստանում:

Ո՞ր ճանապարհը կընտրի Պուտինը` հետնորդի՞ն նախագահի պաշտոնում նշանակելը, թե՞ անձամբ «председатель» դառնալը: Շատ ավելի հավանական է թվում երկրորդ տարբերակը: Այդ դեպքում, ամենայն հավանականությամբ, հարկ կլինի սահմանադրական փոփոխություններ կատարել, ինչը, հաստատ, դժվար չի լինի Պուտինի համար՝ իր ունեցած այս «աջակցության» պայմաններում: Եվ այստեղ երկրի ղեկավարի կողմից «հավերժության ճանապարհի» ընտրության առումով կրին զուգահեռներ են առաջանում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ: Իսկ եթե «իշխանության հավերժացման» երեւույթը դիտարկենք զուտ ռիսկայնության առումով, ապա կտեսնենք, որ մեր հայրենակիցն իր ռուս գործընկերոջից ավելի համարձակ է, թեեւ որոշել է միայն վերջին վայրկյանին հայտարարել իր անունը: Ամբողջ հարցն այն է, որ Հայաստանում այլեւս հնարավոր չէ նախագահին համարժեք մի նոր պաշտոն ստեղծելը, որովհետեւ հայերենում «նախագահ» բառը ռուսերենի նման «президент» եւ «председатель» տարբերակներ չունի: Մյուս կողմից էլ, եթե «президент»-ից «председатель» դառնալու համար շատ խելք պետք չէ, ապա նախագահից վարչապետ դառնալը բավականին բարդ պրոցես էր, որի ընթացքում Սերժ Սարգսյանին հաջողվում է (հաջողվեց) հաճելին համադրել օգտակարի հետ:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X