Պուտինի հաղթանակը և պարտությունը Ռուսաստանի

Ռուսաստանի ներքաղաքական իրավիճակի մասին հնարավոր է պատկերացում կազմել նույնիսկ կրպակների միջոցով։ Մի անգամ Սանկտ Պետերբուրգի կրպակներից մեկի վաճառողուհուն խնդրեցի ընդդիմադիր ուղղվածության որևէ թերթ տալ, ի պատասխան հարցի հնչեց այս ցինիկ պատասխանը. «Մեր երկրում ընդդիմադիր թերթեր չեն վաճառվում, իսկ եթե ուզում ես հակառուսական նորություններ կարդալ, ապա գնա Ուկրաինա»: Ասում եմ այ մայրիկ ջան, ի՞նչ Ուկրաինա, ես Տիգրան Խզմալյանի հակառուսական գրառումները կարդացած եկել եմ արդեն: Իհարկե տենց էլ չհասկացավ, ինչ եմ խոսում, բայց փաստը մնում է փաստ, որ այդ երկրում ընդդիմադիր թերթեր չկան։ Ավելին՝ ընդդիմություն էլ չկա, ուր մնաց թերթեր լինեն։

Ռուսաստանում ընդդիմությունն ոչնչացված է, իսկ երկրում հաստատվել է մեկ անձի բացարձակ իշխանություն, որտեղ նկատվում են նաև անհատի պաշտամունքի ակնհայտ տարրեր: Նախագահական վերջին ընտրություններն էլ ասվածի լուռ վկայությունն են։ Վլադիմիր Պուտինը վճռական հաղթանակ տարավ այդ ընտրություններում, բայց ցավոք սրտի մեկ անձի հաղթանակը պարտությունն էր մի ամբողջ պետության, որը պարզ չէ, թե ինչ հունով կընթանա միահեծան կառավարման համակարգի և մեկ անձի կամայականությունների արդյունքում։

Ռուսաստանն ինքն իրեն դիտարկում է որպես «Երրորդ Հռոմ», ավելին՝ ռևանշիստական դիրքերից փորձում է համեմատվել Խորհրդային Միության փառքի ու հզորության հետ։ Բայց Երրորդ Հռոմ լինելու համար առնվազն պետք է Հռոմի որակ ունենալ, իսկ Խորհրդային Միության հետ համեմատության եզրեր գտնելու համար գոնե բովանդակային լուրջ ներուժ է անհրաժեշտ։ Ո՛չ մեկը կա և ո՛չ էլ մյուսը։

Ընդհանուր առմամաբ Խորհրդային Միության հիմքում առաջին հերթին ընկած էր ինտելեկտը, գիտությունը, ստեղծարար միտումը և աշխարհում կոմունիզմի տարածման հրամայականը, գաղափարախոսություն, որը տասնամյակներ շարունակ արտահայտում էր բազմաթիվ ժողովուրդների ազատագրական և հեղափոխական տրամադրությունները: Այլ խնդիր է, որ ինստիտուցիոնալ տեսանկյունից կայսրությունն այդ կենսունակ չգտնվեց:

Եթե փորձենք ԽՍՀՄ-ը համեմատել Ռուսաստանի Դաշնության հետ, ապա ներկայիս Ռուսաստանում գերիշխում է մարտնչող տգիտությունը, կրոնական ֆանատիզմը, հայրենասիրական շիզոֆրենիան և անսանձ ռևանշիզմը: Ճիշտ է Խորհրդային Միությունը ամբողջատիրական էր, բայց այն աշխարհի և առաջին հերթին ինտելեկտուալ-գաղափարական տեսանկյունից Եվրոպայի մի մասնիկն էր: Դրա փլուզումից հետո ամերիկացի քաղաքագետները ցինիզմով պետք է խոստովանեին, որ կոմունիստների հետ շատ հետաքրքիր և կառուցողական բանավեճեր էին ստացվում, իսկ ռուս ուղղափառ ազգայնականի հետ խոսելն անգամ անհնար է:

Իսկապես Ռուսաստանը շատ հետաքրքիր պետություն է, դրա մշակույթը, դրամատիկ զարգացումներով լեցուն պատմությունը պարզապես աներևակայելի են: Բայց ճակատագրի հեգնանքով ներկայումս իշխանության են եկել այս արկածախնդիր ֆանատիկները, որոնք նորից ու նորից պետությունը տանում են արկածախնդրության: Տնտեսությունը հալվում է օր օրի, իսկ որքան վատթարանում է սոցիալ-տնտեսական վիճակը, այդքան պետությունն այդ աշխարհի համար դառնում է վտանգավոր ու ագռեսիվ: Ի դեպ ավելորդ չի լինի, եթե նշենք, որ Խորհրդային Միությունը բացառիկ դեր էր խաղում միջազգային անվտանգության, հավասարակշռության և կայունության արտահանման ու պահպանման տեսանկյունից, իսկ Ռուսաստանն, ընդհակառակը, իր ռևանշիստական տրամադրություններով սպառնում է միջազգային անվտանգության համակարգին։

Հետաքրքրական է, որ այդ խայտառակ ընտրությունները կյանքի կոչվեցին Ռուսական Մեծ Հեղափոխության հենց 100-ամյակից ամիսներ անց։ Ինչ-որ խորհրդանշական իմաստ կա այս ամենի մեջ, բայց Մոսկվայում կարծես թե պատմությունից դասեր չեն քաղել, քանի որ նրանց կառուցած կայսրության հիմքերը խարխուլ են, և Ռուսական կայսրության տխրահռչակ օրինակն հաշվի առնելով, դրանք ամեն պահ կարող են պայթել։

Որքան էլ իրավիճակը առերևույթ հանգիստ լինի, բայց Ռուսաստանում լարվածության ծխացող տիրույթ կա։ Ակնհայտ է, սոցիալական անարդարությունն ու դեսպոտիզմը աստիճանաբար լցնում են հանրության համբերության բաժակը: Եթե բարեփոխումները հապաղեն, ապա ծխացող թմբիրը պայթելու է, մեկ, թե քսան տարի հետո, միևնույնն է պայթելու է:

Անցյալ դարասկզբի հեղափոխությունն ուներ բազմաթիվ պատճառներ, բայց ամենախորքային պատճառը հարյուրամյակներ շարունակվող ճորտատիրությունն էր: Ճիշտ է այն վերացվել էր դեռևս 19-րդ դարի երկրորդ կեսին, բայց բազմաթիվ հետազոտողների կարծիքով հարյուրամյակների ընթացքում ժողովրդի ատելությունը այնքան էր արմատացել ինքնակալության նկատմամբ, որ 1917 թ. մարդիկ անխնա ոչնչացրեցին կայսրությունը: Նրանց այլևս հնարավոր չէր կանգնեցնել, նրանք արդեն փողոցում էին, նույնիսկ Փետրվարյան Հեղափոխությունը տուն չուղարկեց մարդկանց: Քաղցած մութ զանգվածի վերածված ժողովուրդը երբեք տուն չի գնում, քանի դեռ մինչև վերջին շունչը չի ոչնչացրել իրեն շահագործողներին։

Եկատերինա 2-ը չկարողացավ վերացնել ճորտատիրությունը, Նիկոլայ 1-ը զբաղված էր դեկաբրիստներին կախաղան բարձրացնելով ու Չաադաևին հոգեբուժարան ուղարկելով, իսկ հետո արդեն ուշ էր: Ի դեպ իշխանությունները չկարողացան հասկանալ դեկաբրիստների փոխանցած ազդակները: Նրանց տվեցին ծախված և դավաճան պիտակները, իսկ դիմադրությունը ճնշեցին՝ չհասկանալով, որ խեղդելով այդ դիմադրությունը, հող են նախապատրաստում ավելի զորեղ շարժման համար: Ընդամենը հարյուր տարի անց այդ զորեղ շարժումը պետք է ոչնչացներ կայսրությունը:

Ներկայումս կատարվում է գրեթե նույն գործընթացը: Ալեքսեյ Նավալնուն և առհասարակ ընդդիմության մնացորդներին ծաղրում են և այդ ծաղրանքով փորձում են ճնշել նրանց նախաձեռնած պայքարի փորձերը՝ առանց հասկանալու, որ հիմք են նախապատրաստում առավել զորեղ շարժման համար:

Կայսրերը հեգնանքով էին վերաբերում ճորտատիրությանը, իսկ Պուտինը՝ կոռուպցիայի հետևանքներին: Մի՞թե վերջինս չի հասկանում, որ դա կարող է մի օր պայթել: Եթե մարդիկ ինչ-որ մի օր ինչ-որ մի կայծից փողոց դուրս գան, ապա Պուտինին չեն փրկի նույնիսկ նրա պոպուլիստական ելույթները միջազգային արենայում:

Պուտինն արդեն իսկ պետք է մտածի իշխանությունը խաղաղ ճանապարհով հանձնելու անհրաժեշտության մասին։ Չնայած դժվար է ասել, 18 տարվա կառավարումը անշուշտ կբթացնի ցանկացած ռացիոնալ ու բանական գործչի։

Մեկնաբանություն
X