Ինչպես ոխերիմ թշնամիներ

>

Երեւանի քաղաքապետարանում այսօր ավագանու հերթական նիստն էր․ թեեւ նախորդ նիստի նման ծեծուջարդ տեղի չունեցավ, սակայն փոխադարձ մեղադրանքների, վիրավորանքների պակաս եւս չեղավ։ Նիստում քննարկվում էր օրակարգային տասը հարց, որոնցից ամենաաղմկահարույցները ներկայացվել էին «Երկիր Ծիրանի» խմբակցության կողմից։

Հարցերից մեկով «ԵԾ»-ն առաջարկում էր Վազգեն Սարգսյանի անվան փողոցի մի հատվածը վերանվանել Վիլսոնի անունով, իսկ երկրորդ հարցով՝ Երեւանում տեղադրել Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող արձան։ Մինչ անցնելը օրակարգային հարցերի քննարկմանը, «Ելք»-ից Ալեն Սիմոնյանը առաջարկեց 1 րոպե լռությամբ հոտնկայս հարգել Մարտի 1-ի տասը զոհերի հիշատակը, ի զարմանս բոլորի, ՀՀԿ-ն ոտքի չկանգնեց եւ այդես ցույց տվեց իր վերաբերմունքը զոհերի նկատմամբ։

«Ելք» խմբակցության անդամները այդ երկու հարցերի վերաբերյալ կոշտ դիրքորոշում հայտնեցին՝ նշելով, թե «ԵԾ»-ն պատվեր է կատարում, այնուհետեւ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարեց, թե իրենց խմբակցությունը լքում է նիստերի դահլիճը։ Հարցերի չընդունվելուց հետո «Ելքը» վերադարձավ նիստերի դահլիճ եւ շարունակեց իր աշխատանքը։ Դրանից հետո իսկական գզվռտոց սկսվեց «Ելք»-ի եւ «ԵԾ»-ի ավագանու անդամների միջեւ։

Ելույթներից մեկում «Երկիր Ծիրանիից» Մարինա Խաչատրյանը կրկին անդրադարձավ Վազգեն Սարգսյանի անվան փողոցի վերանվանմանը, ինչն էլ բորբոքեց մյուս խմբակցությունների ավագանու անդամների զայրույթը։ ՀՀԿ-ականները սկսեցին հարվածել սեղաններին, «Ելք»-ից էլ Անի Խաչատրյանն ասաց. «Այ, ոչխար.... երեւի Զարուհու աչքը մնացել ա կնքահորս վրա։ Այ, կոյուղաջրերի թագուհի»։ Գործընկերները նրան շարունակ հորդորում էին չխոսել։ «Ելք»-ից մեկ այլ ավագանու անդամ էլ ասաց. «Ամեն մեկը մի քանի անգամ ամուսնացած, բաժանված ա»։

Պետք է փաստել, որ դեռ ոչ մի ավագանու նիստին ՀՀԿ-ականները այսքան ակտիվ չէին եղել, նրանցից շատերը օրակարգային այդ երկու հարցերի վերաբերյալ սուր ելույթներ ունեցան՝ հիմնականում շեղվելով թեմայից եւ խայթելով ընդդիմադիր երեք կին գործիչներին։ Երբ կրքերը հանդարտվեցին, «ԵԼՔ»-ի եւ «ԵԾ»-ի միջեւ, հայտնի Լեւոն Իգիթյանի խոսքը կռիվ գցեց հանրապետականների եւ «Ելք»-ի միջեւ։

Նա, դիմելով «Ելք»-ականներին, ասաց՝ եթե մի մասնագիտությունից գլուխ չեք հանում, պետք է դրանից չխոսեք։ Նշենք, որ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը իր ելույթում ասել էր, թե Երեւանում չպետք է շենքեր քանդվեն, այլ հին շենքերը բարեկարգվեն։ Նա որպես լավագույն օրինակ ներկայացրել էր Կոմիտաս թանգարան-ինստիտուտի շենքը, որը բարեկարգվել է ճարտարապետ, երգիչ Արթուր Մեսչյանի շնորհիվ։ Սրան բուռն արձագանքեցին «Ելք»-ի ավագանու անդամները։

«Ելք»-ից Անի Խաչատրյանը, դիմելով Տարոն Մարգարյանին, ասաց. «Չեք կարողանում էլի ստանձնել»։ Նիստերի դահլիճում տիրող «դժոխային» մթնոլորտը կարծես թե հերիք չէ, պարզվում է, որ ՀՀԿ-ականները կռիվների մեծ սիրահար են։

Բանն այն է, որ մինչ նիստն ընթանում էր, այդ ընթացքում նիստերի դահլիճից դուրս վիճաբանություն է տեղի ունեցել «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի եւ Երևանի առևտրի և սպասարկման վարչության պետ Արման Եդոյանի միջեւ։ Միջանցքում ծխելու ժամանակ Սիմոյանը կատակելով դիմել է Երևանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանին՝ ասելով՝ մի ծխեք, ինչը դուր չի եկել Եդոյանին և սկսել են վիճել միմյանց հետ:

Ըստ վիճաբանությանը ներկա լրագրողների՝ Եդոյանը Սիմոնյանի հեռանալուց հետո սպառնալիք է հնչեցրել վերջինիս հասցեին՝ ասելով․ «Ալենին պետք ա սատկցնեմ»։ Քֆուրչի Լեւոն Իգիթյանն կրկին խոսեց եւ կրկին «ԵԾ»-ի ղեկավար Զարուհի Փոստանջյանի մասին, նա ներկայացրեց, թե ինքը մեծ բան ունի Հայաստանի համար արած․ «Այդ մարդն իրավունք է վերապահում մի օր մեզ դատի է տալիս, ասում է՝ ձեզ կնստացնեն, գնահատականներ է տալիս: Ափռ-ցըփռ իրեն թույլ է տալիս վիրավորանքներ քաղաքապետի ու ամեն մեկիս նկատմամբ: Եղբայր, ես կենսագրություն ունեմ, դրա տերն եմ եւ շատ լավ կենսագրություն ունեմ: Ամբողջ կյանքը երկրիս եմ ծառայել: Դեռ ոչ մի բան չարած երկրի համար, կատեգորիկ գնահատականները, թե ես էսպես եմ համարում: Տո դու ո՞վ ես: Եթե էս երկրի համար իմ արածները վզիդ դնեմ, գրիժա կստանաս: Դու ոնց ես ինձ դատի տալի»։

Երկու խոսք անշառ ավագանու անդամների մասին․ «Երկիր Ծիրանիից» ժամանակին պոկված երկու ավագանու անդամները՝ իրենց անկախ ավագանիներ հռչակած Հայկ Պետրոսյանը եւ Մնացական Պարակշիեւ ողջ նիստի ընթացքում ոչ մի ծպտուն չհանեցին, նրանք 6 ժամից ավելի նստեցին դահլիճում, ընդմիջմանը դուրս եկան ծխելու, քար-արձան դարձած գամվեցին աթոռներին, վերջում էլ թողին, հեռացան, կարծես թե ավագանու անդամի դերը այդպիսին է եւ այդպես էլ պետք է լինի։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X