Ահա պատմությունը

Նովրուզի տոնակատարության առթիվ ելույթում Իլհամ Ալիեւը կրկին «փայլել է» պատմագիտության ասպարեզում: Նա վերստին Հայաստանի ներկայիս տարածքի մեծ մասը համարել է «ադրբեջանական», անդրադարձել 19-րդ դարասկզբի ժողովրդագրական իրավիճակին, ըստ որի Երեւանի խանության բնակիչների «80 տոկոսն ադրբեջանցիներ էին», իսկ վերջում էլ ամփոփել. «Սա պատմություն է, պատմական իրականություն... Մենք դա արբեք չենք մոռանում եւ չենք մոռանա»:

Ադրբեջանի նախագահին մեկ անգամ արդեն հորդորել ենք, որ կարդա ազգային պատմագրության հիմնադիր Աբաս-կուլի աղա Բաքիխանովի «Գյուլիստան-ի իրամ» աշխատությունը, որը ակադեմիկոս Զիա Բունիաթովի խմբագրությամբ Բաքվում ռուսերեն լեզվով հրատարակվել է «Էլմ» գիտական հրատարակչության կողմից՝ 1991թվականին: Երեւում է, Իլհամ Ալիեւի ուղեղին այդ գիրքը հասու չէ: Բայց դա չի նշանակում, թե եւս մեկ անգամ Բաքիխանովի օգնությանը դիմելու հարկ չկա: Այսպես, խոսելով Կովկասի երկրների մասին, նա գրում է. «Շատ հեղինակներ շփոթում են Հայաստանը, Վիրքը, Կոլխիդան եւ Աղվանքը, եւ դրանից որոշ տեղերի մատնանշումը դառնում է անորոշ: Համադրելով տարբեր հանգամանքներ եւ պատմաբանների վկայություններ, կարելի է ենթադրել, որ Կուրի աջ ափը Հայաստանի սահմանն է»։

Այնուհետեւ. «Տրդատը 289-290թ.թ. նվաճում է Վիրքը, Աղվանքը (Շիրվանը) եւ Մասկատը (հավանաբար՝ Թաբասարանի մի մասը)»: (նույն տեղում) Խոսքը Հայոց Արշակունի Տրդատ թագավորի մասին է, որի օրոք, ըստ Բաքիխանովի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Վաղարշապատում հիմնադրում է Էջմիածնի տաճարը: Եւ այսպես՝ աշխատության յուրաքանչյուր բաժնում Հայաստանի մասին կա հիշատակում՝ որպես հայկական պետության, հայ ժողովրդի հայրենիքի: Իսկ ինչ վերաբերում է ժողովրդագրությանը, ապա Բաքիխանովի մոտ հանդիպում ենք երկու կարեւորագույն վկայության: «Թեյմուրը (խոսքը Լենկ-Թեմուրի մասին է՝ Վ. Ա.) Ղարաբաղում, Գյանջայում եւ Երեւանում բնակեցրեց Թուրքիայից եւ Սիրիայից բերած 50 հազար ընտանիք՝ մեծ մասամբ այն թյուրքերի ժառանգներին, որոնց Հուլավու խանը տեղափոխել էր Պարսկաստան եւ որոնք ժամանակի ընթացքում հեռացել էին Թուրքիա եւ Սիրիա»:

Տվյալ դեպքում «ընդանիք» բառը պետք է հասկանալ «տոհմ, գերդաստան» իմաստով, որպեսզի պարզ լինի, թե ժողովրդագրական ինչ աղետի են ենթարկվել Արցախը, Ուտիքը եւ Արարատյան աշխարհը: Վստահաբար կարելի է ասել, որ խոսքը միլիոնից ավելի թուրք բնակչության մասին է, որ Լենկ-Թեմուրը բնակեցրել է իր կողմից ամայացրած հայկական տարածքներում: Այնուհետեւ . «Հին մատյաններից երեւում է, որ Շահ Իսմայիլը Իրաքից «բայաթ» ցեղը տեղափոխել է մասմամբ Երեւան, մասամբ՝ Դերբենտ եւ Շաբրան, որպեսզի ուժեղացնի տեղի կառավարիչներին»: Ասված է պարզ. իր նշանակած թուրք կառավարիչներին ուժեղացնելու համար Շահ Իսմայիլը Երեւանում վերաբնակեցրել է «բայաթ» թուրքական ցեղի մի մասին: Երկու դարից ոչ ավելի ժամանակահատվածում, այսպիսով, Արցախը, Ուտիքը եւ Արարատյան աշխարհը երկու անգամ ենթարկվել են ժողովրդագրական էքսպանսիայի, տեղի է ունեցել միլիոնավոր թուրք բնակիչների ներհոսք: Այդպիսով փոխվել է Հայոց աշխարհի այդ նահանգների ժողովրդագրական պատկերը: Իսկ եթե դրան գումարենք, որ 17-րդ դարասկզբին էլ Շաբ Աբասն է Արարտյան աշխարհից հայերին զանգվածաբար բռնագաղթեցրել Պարսկաստան, ապա պատկերն ավելի ամբողջական կդառնա: Ահա իրական պատմությունը, որ պետք է չիմացողն իմանա, առաջին հերթին՝ ադրբեջանական երիտասարդությունը, որին Իլհամ Ալիեւը բութ համառությամբ ներշնչում է, որ ներկայիս Հայաստանի տարածքի «մեծ մասն ադրբեջանական է»:

Մեկնաբանություն
X