Տրամադրել են 260 միլիոն դոլար`առանց PR-ի եւ թմբկահարության

Սա փոքր, համակրելի կայան է

260 միլիոն դոլար արժեցել է Երեւանին էլետրաէներգիա մատակարարող նոր էներգակայանի կառուցումը, որը փոխարինել է Երեւանի ջերմաէլելտրակայանի նախկին մի քանի էներգաբլոկներին: Այսօր Հայաստանում արտադրվող ողջ էլկտրաէներգիայի մեկ քառորդը արտադրում է այս նոր էներգակայանը, որ կառուցվել է JICA-ի` Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության տրամադրած 0,75% տարեկան տոկոսադրույքով, 50 տարի մարման ժամկետով արտոնյալ վարկի շնորհիվ: Վարկային միջոցները տրամադրվել են 2005-2008-ին, էլեկտրակայանը կառուցվել է 2008-2010-ին: Դժվար է պատկերացնել, թե խորհրդային ժամանակներում կառուցված, իր ժամանակի համար հրաշալի եւ Հայաստանին մեծապես ծառայած, բայց տասնամյակների ընթացքում մաշված, հնացող տեխնոլոգիաներով եւ նվազող ՕԳԳ-ով ՋԷԿ-ի հույսին մնալու դեպքում Երեւանը էներգետիկ ինչ անբավարարության եւ հոսանքային անջատումների մղձավանջում կհայտնվեր, եթե դրանց փոխարինող նոր, Հայաստանում առաջին համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանը չկառուցվեր ճապոնական ֆինանսավորմամբ, սարքավորումներով եւ խորհրդատվությամբ:

Մեծամորի ատոմակայան եւ Բյուրականի աստղադիտարան ունեցող Հայաստանում երեւի ոչինչ այնքան ցավ չի պատճառում, որքան երկրի գիտա-արդյունաբերական ներուժի եւ հզորության այդ վկայությունների հակադրությունը մնացյալ արդյունաբերության պատկերին: Դրա համար էլ մեքենաշինության, սարքաշինության քիմիայի, էներգետիկայի, յուրաքանչյուր առաջընթաց ուրախացնում է` ճապոնացիների կառուցած համակցված ցիկլով էլեկտրակայանն էլ դրանց թվում: Այս կայանը շահագործվում է 2010թ-ից, սակայն վստահ եմ` երեւանցիների 99%-ը ինձ նման երբեւէ չէր լսել դրա մասին: Կայանի մասին տեղեկացա, այնտեղ եղա միայն շնորհիվ ճապոնացիների, ավելի ստույգ` Հայաստանում Ճապոնիայի դեսպատան, որ press-tour էր կազմակերպել JICA-ի օժանդակությամբ իրականացված ծրագրերը ներկայացնելու համար:

Տարիների ընթացքում JICA-ն Հայաստանում օժանդակել է տասնյակ, գուցե հարյուրավոր ծրագրերի, մեծ մասամբ դրամաշնորհների տեսքով` 100 հազարից մինչեւ մի քանի միլիոն դոլարի բյուջեներով: Այդուհանդերձ ինձ վրա ամենից խորը տպավորություն գործեց համակցված ցիկլով էլեկտրակայանը` եւ որովհետեւ դրա անհրաժեշտությունն ու օգտակարությունն է չափազանց մեծ, եւ որովհետեւ առանց թմբկահարելու, շեփորահարելու, PR-ի, անգամ մի բառի կամ հիշեցնելու JICA-ի տրամադրած 260 միլիոն դոլարն է տպավորություն գործում, եւ վերջապես որովհետեւ Էրեբունիում, Արին-Բերդ փողոցին մոտ ընդարձակ, բարեկարգ տարածքում բարձրացող այդ մեծ կայանը հսկայական խողովակներով, շոգետուրբինների աշխատանքով, անընդհատ գահավիժող ջրի պատկերով առօրեական տեսարան չէր եւ տպավորում էր: Այլ հարց, որ ՋԵԿ-ի տեխնիկական տնօրենը` Արկադի Գեւորգյանը չհամաձայնեց թե կայանը մեծ է. «ավելի մեծերն են լինում, սա փոքր, համակրելի կայան է»: Համակրելի որակումը իրոք տեղին էր:

ISIS-ից փրկված հայը Երեւանում

Ճապոնիայի դեսպանատան մեկ այլ ծրագիր, բոլորովին այլ ոլորտից էր` բարեգործության եւ սիրիահայ փաստականներին աջակցության: Հայաստան տեղափոխված սիրիահայերը թերեւս մի քանի բարեսիրական կազմակերպություներ են հիմնադրել, որոնց բոլորի առաջին մղումը եւ հոգսը եղել է Սիրիայի` ռազմադաշտերի վերածված քաղաքներից մեր հայերենակիցներին տեղափոխելը եւ Հայաստան հասցնելը, հետո արդեն Հայաստան տեղափոխվածների սոցիալական ինտեգրումը, նրանց համար աշխատատեղեր ստեղծել: Ահա սիրիահայերին միավորող նման ՀԿ-ներից մեկն էլ «Հալեպն» է, որը սիրիահայ մեր հայրենակիցների` Հայաստանում ինտեգրման, աշխատատեղերի ստեղծման նպատակով ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցու հանգանակած միջոցներով Երեւանի Կողբացու փողոցում տարածք է ձեռք բերել «Հալեպյան խոհանոց» բացելու համար:

Գերմանական GIZ-ը դրամաշնորհ է տրամադրել «Հալեպին» անհրաժեշտ խոհարարական սարքավորումները գնելու եւ աշխատակազմի վերապատրաստման համար, իսկ Ճապոնիայի դեսպանատունը մեկ այլ դրամաշնորհով հոգում է ռեստորանի վերանորոգման եւ ներքին հարդարման ծախսերը: Մարտի 14-ին Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին ապագա «Հալեպյան խորհանոցի» տանիքի ներքո «Հալեպ» ՀԿ-ի հետ ստորագրեց դրամաշնորհի պայմանագիրը: Մերձավոր-արեւելյան խոհանոցը անգերազանցելի է, եւ ուրախալի է որ Երեւանում հերթական նման ռեստորանը բացվի, բայց թե դոնորների, թե «Հալեպ» ՀԿ-ի անդամների, թե հասարկության համար ավելի էականն այն է, որ ծրագրում ընդգրկված սիրիահայերը «Հալեպյան խոհանոցին» աշխատակցելով հաստատուն կանգնեն Հայաստանի հողի վրա:

Նրանցից մեկը` Գրիգորը` ISIS-ի գերության մեջ էր հայտնվել եւ մահվանից փրկվել էր արաբերեն աղոթելու առաջացրած շփոթության շնորհիվ, մի ուրիշ տիկնոջ` տիկ. Անահիտի որդին չորս տարի ծառայել էր սիրիական բանակում, այնտեղից ամպստամբներն էին գերեվարել, բարեբախտաբար հետո կարողացել էր ազատվել, այլ հայազգի երիտասարդներ 6-7 տարի սիրիական բանակից զորացրվել չեն կարողանում, որովհետեւ գործնականում զորակոչվածնրին չեն զորացրում: Ստորագրության արարողությանը հաջորդած հինգ-տաս րոպեի ընթացքում, որ զրուցում էինք «Հալեպի» անդամների հետ, այնքան մարդկային ճակատագրերի, հաղթահարված ողբերգություների, վերգտնվող կյանքի պատմություններ լսեցի, որ մի քանի նովելի նյութ կարող էր ծառայել: Սակայն ուրախալին եւ կարեւորն այն է, որ եւս մի քանի տասնյակ սիրիահայ մեր հայրենակիցների համար այժմ ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Գերմանիայից ցուցաբերված այս օգնությունը փակում է անցյալի էջերը` այնտեղ թողնելով պատմված եւ չպատմված նովելները: Հայաստանում կերտվող ներկան ու ապագան լավագույն նովելն է, որ արժե գրվի:

Կալիֆորնիա գնացող փոքրիկը

Մեկ այլ ծրագիր, որ Ճապոնիայի դեսպանատունը իրականացնում է Հայաստանում, Երեւանի բժշկական համալսարանին կից Հերացու անվան ավագ դպրոցի հետ համագործակցությունն է, որի շրջանակում շուրջ 100 հազար դոլարի դրամաշնորհով դպրոցի 25 դասասենյակներից 12-ը վերանորոգվել էին, հագեցվել տեխնիկական սարքավորումներով, էլեկտրոնային գրատախտակներով, լաբորատոր պարագաներով եւ այլն: Ճապոնացիները նաեւ գրադարանն էին վերանորոգել, հարմարավետ ընթերցասրահի վերածել: Բայց դա ամբողջը չէ: Ինչպես պատմեց դպրոցի տնօրենը` Նարինե Սարգսյանը, ով մի հայացքից էլ երեւում էր կատարյալ մանկավարժ է եւ Հերացու ավագ դպրոցը կերտելու առաքելությամբ ուղղակի ապրում է, դպրոցը կարողացել է ամբողջական հիմնանորոգման դրամաշնորհ էլ շահել` Համաշխարհային բանկից եւ սեպտեմբերից իտալացիները սկսելու են հիմնանորոգումը: Դպրոց այցելած իտալացիների խորհուրդը եղել է փաթեթավորել եւ հուսալի պահպանել ճապոնացիների նվիրաբերած տեխնիկան, հինանորոգումից հետո վերստին մոնտաժելու համար, որովհետեւ նման արժեքավոր տեխնիկա ձեռք բերելը բարդ է:

Իսկ ավագ դպրոցի ձեռքբերումները միայն նյութական չեն: Դպրոցն իր 620 աշակերտներով այնքան դրական ու ոգեւորիչ աուրա ունի, որ այն չխաթարելու համար հինանորոգման ընթացքում ամբողջ դպրոցը միասնաբար եւ ժամակավորպես մեկ այլ հարկի տակ է տեղափոխվելու: Պետք էր միայն տեսնել աշակերտների լրջությունը կենսաբանության կաբինետում` լաբորատոր ինչ-որ փորձ էին կատարում եւ սպիտակ խալաթներով իրենց համարյա բժիշկ էին պատկերացնում… Ի դեպ դպրոցի աշակերտուհիներից մեկը Շուշանիկ անունով, որ աշխույժ, սիրունիկ երեխա է, հրավիրվել է ԱՄՆ` կենսաբանության համաշխարհային օլիմպիադայի մասնակցելու: Հարցրեցի` այնքան անգլերեն գիտի՞ որ օլիմպիադայում չկաշկանդվի, կարողանա գիտելիքներն անգլերեն ներկայացնել: Պատասխանեց «Այո, անգլերեն լրացուցիչ պարապում եմ»:

Ըստ իս, ընդհանրապես եթե ՀՀ ԿԳՆ-ն քիչ խոչընդոտի եւ Հայաստանի երեխաներին չկայացած պոլիգլոտներ չդարձնի` մեր երեխաները միջազգային հարթակներում մեծ ներկայություն եւ հաղթանակներ կունենան: Ողջունելի է, եթե երեխան ցանկություն ունի գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, անգամ պարսկերեն կամ չինարեն սովորելու, բայց ոչ հայերենի կամ անգլերենի հաշվին, որովհետեւ առանց հայերենի իմացության լիարժեք հայ չես լինի, առանց անգլերենի էլ մնացյալ աշխարհում լիարժեք չես ներկայանա եւ գործի:

Բաբլոյանի կենտրոնում ստորագրված պայմանագիրը

Վերջին կանգառը Ճապոնիայի դեսպանատան կազմակերպած press-tour-ում, որին մասնակցեցի, Արաբկիր մանկական բժշկական կենտրոնում էր: Այն հասարակությանն ավելի հայտնի է Բաբլոյանի կենտրոն անվանումով: Դեսպանատան աշխատակիցների հետ անգամ կատակեցինք, եթե նյութը վերնագրեմ «Բաբլոյանի կենտրոնը Ճապոնիայից դրամաշնորհ է ստացել», վստահաբար ընթերցողների թիվը կբազմապատկվի, քանի որ Արա Բաբլոյանը, ով ժամանակին հիմնադրել է «Արաբկիր» բժշկական կենտրոնը, այժմ ՀՀ ԱԺ նախագահությունում Գալուստ Սահակյանի գործն է շարունակում: Ի դեպ «Արաբկիր» կենտրոնը այժմ էլ սխալ չէ Բաբլոյանի կենտրոն կոչելը, քանի որ տնօրենը դարձյալ Բաբլոյան է` Արա Բաբլոյանի որդին: Բայց ի տարբերություն ԱԺ նախագահի որդին միանգամայն համակրելի, ժպտադեմ, դրական աուրայով մարդ է:

Իսկ դրամաշնորհի ստորագրման արարողությունը, թեեւ կազմակերպված էր Բաբլոյանի կենտրոնում, դրամաշնորհը կենտրոնին չէր հատկացվում, այլ «Հավատ» անվանումով հասարակական մի կազմակերպության, որը արդեն երկու տասնամյակ զբաղվում է երեխաների լսողական խանգարումների խնդիրներով, եւ միավորում է նման խնդիրներ ունեցող երեխաների ծնողներին: «Հավատ» ՀԿ-ին Բաբլոյանի կենտրոնում տարածք են հատկացրել եւ համագործակցություն են սկսել դեռ 1990-ականներից: Այս ՀԿ-ին Ճապոնիայի դեսպանատնից 2010-ին հատկացված դրամաշնորհով հնարավոր է եղել Հայաստանի 10 ծննդատների համար ձեռք բերել նորածինների լսողության հետազոտման սարքեր, որոնցով կյանքի ընդամենը երկրորդ օրում հնարավոր է նորածինների լսողությունը ստուգել եւ խանգարումը ախտորոշել: Իսկ դատելով առողջապահական վիճակագրությունից նորածնի մոտ ախտորոշված լսողության խաթարումները վաղ բժշկական միջամտությամբ հնարավոր է բուժել:

Հետագայում տարիներին այլ դոնորներ այլ երկրներից օժանադակել են, որպեսզի նորածինների լսողությունը ստուգող սարքավորումներ ձեռք բերվեն եւս մեկ տասնյակից ավելի ծննդատների համար: Այժմ Ճապոնիայի դեսպանատան նոր դրամաշնորհով վերջնագծին էին հասնում քսան տարվա ջանքերը` այս դրամաշնորհով սարքավորումներ ձեռք կբերվի մնացյալ 22 ծննդատան համար, եւ այլեւս Հայաստանի բոլոր ծննդատներում հնարավոր կլինի նորածիննների լսողությունը ստուգել, եւ վաղ բժշկական միջամտությամբ խաթարումները բուժել:

Պայմանագրի ստորագրման արարողության կապակցությամբ բուժկենտրոն եկած Արա Բաբլոյանը դեսպան Էյջի Տագուչիին եւ ներկաներին պատմեց, որ տարիներ առաջ Ճապոնիայից ժամանած բժիշկների Արաբկիր ԲԿ-ում ծանոթացրել են մի ուսանողուհու հետ` Իրինա անունով, ով ծնվել է լսողական խաթարումով, բուժվել է Արաբկիր ԲԿ-ի Սուրդոլոգիական կենտրոնում, նաեւ Ճապոնիայի նվիրած սարքավորումներով: Իրինան ապաքինվել է, բարձագույն կրթություն է ստացել, մասնագիտացել է ճապոներեն լեզվում եւ այժմ կարող էր իբրեւ թարգմանիչ օգնել հայ եւ ճապոնացի բժիշկների հաղորդակցությանը: Այդպիսի առօրեական հրաշքներ:

Մեկնաբանություն
X