Ալիեւի մարտի 19-ը

Այսօր մեկնարկում է Ադրբեջանի նախագահի ընտրությունների քարոզարշավը: Զուգադիպությու՞ն է, թե՞ քաղտեխնոլոգիական հաշվարկի արդյունք, բայց այն համընկնում է Ռուսաստանի նախագահի ընտրությունների նախնական արդյունքների հրապարակմանը: Ու թեեւ ՌԴ ԿԸՀ-ն դեռեւս վերջնական տվյալներ չի ներկայացրել, Իլհամ Ալիեւը, թերեւս, ամենաառաջինն է Վլադիմիր Պուտինին շնորհավորել՝ «Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ»:

Քսան օր հետո Ադրբեջանի ԿԸՀ-ն կհրապարակի նախագահի ընտրությունների նախնական արդյունքները: Դարձյալ պատահականությու՞ն է, թե՞ կանխածրագրված, բայց Ադրբեջանում նույնպես նախագահի պաշտոնի համար կպայքարի ութ թեկնածու: Տարբերությունն այն է, որ Ադրբեջանի հիմնական քաղաքական ուժերը բոյկոտել են ընտրությունը, իսկ Ռուսաստանի կոմկուսը եւ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն իրենց մասնակցությամբ միանգամայն լեգիտիմացրել Պուտինի վերընտրությունը: ՌԴ նախագահին ուղղված Իլհամ Ալիեւի ողջույնի խոսքում ընդգծված է, որ երկու երկրների միջեւ ռազմավարական համագործակցության մեջ մեծ է Պուտինի անձնական ներդրումը: Հավանաբար, Ալիեւն սպասում է, որ իր վերընտրության առթիվ նույն գնահատականին իրեն Պուտինը կարժանացնի: Բայց, իհարկե, Ալիեւը Պուտին դառնալու շանսեր չունի: Նրան այդպես էլ չհաջողվեց Ադրբեջանում ստեղծել կառավարելի քաղաքական համակարգ: Ընդդիմադիր կուսակցությունները չեն ընդունում Ալիեւի հեղինակությունը:

Մինչդեռ Ռուսաստանում եւ կոմունիստները, եւ լիբերալ-դեմոկրատները խաղում են Կրեմլի սահմանած կանոններով: Մարտի 19-ը Ալիեւի համար սկսվել է Պուտինին շնորհավորանքով: Քսան օր հետո առաջինն ո՞վ է նրան շնորհավորելու: Երեւի՝ Թուրքիայի նախագահը: Թեեւ բացառված չէ, որ մինչ այդ Պուտինը հասցրած լինի հեռախոսազրույց ունենալ Ալիեւի հետ: «Ադրբեջանին եւ Ռուսաստանին կապում են բազմադարյա բարեկամության եւ բարիդրացիության կապերը»,- Պուտինին հղած հեռագրում ընդգծել է Ալիեւը: Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին սահմանադրական օրենքում Ռուսաստանն անվանված է «օկուպանտ»:

Բայց այն ժամանակ Ռուսաստանի նախագահը Ելցինն էր: Այսօր Ադրբեջանում այդ մասին ոչ ոք չի հիշում: Մարտի 19-ին սկսելով քարոզարշավը, Ալիեւը գիտի, որ ապրիլի 11-ին տոնելու է «համոզիչ հաղթանակ»: Ինտրիգն այն է, թե նա կհամարձակվի՞ գերազանցել շուրջ 77 տոկոս ձայն ստացած Պուտինին, թե՞ ավելի համեստ արդյունքով կբավարարվի: Ավելի հավանական է, որ նա պարզապես կկրկնի Պուտինի արդյունքները: Հանուն Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ «ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդման»:

Մեկնաբանություն
X