Ի՞նչ գիտի Բրայզան

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ, Բաքվում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Մեթյու Բրայզան մեկնաբանել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցը Վաշինգտոն: Այդ մասին տեղեկացնում է Oxu.az-ը եւ մեջբերում Բրայզային. «Դա Սահակյանի առաջին այցը չէ ԱՄՆ: Ավելին, նա ԱՄՆ կառավարությունից բացարձակապես ոչ մի հովանավորություն չունի: Ինչպես եւ նախկինում, չի նախատեսվում նրա ոչ մի հանդիպում ԱՄՆ կառավարության պաշտոնատար դեմքերի հետ, բացի, հավանական է,

ԱՄՆ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահից, այն էլ ոչ պաշտոնական մակարդակով»: Բրայզան, ըստ երեւույթին, ինչ-որ աղբյուրից է տեղեկացել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի հետ Արցախի նախագահի հավանական հանդիպման մասին: Այլապես այդ մասին չէր բարձրաձայնի: Իսկ դա Արցախի նախագահի ամերիկյան այցին տալիս է առանձնակի կարեւորություն:

Ըստ երեւույթին, այդ մասին որոշակի տեղեկություններ ունեն նաեւ Բաքվում: Այլապես այդքան մեծ կարեւորություն չէին տա Արցախի նախագահի ԱՄՆ այցին: Կարելի՞ է ենթադրել, որ փորձ է արվում կարգավորման բանակցություններին մասնակից դարձնել Արցախի իշխանություններին: Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն ասել է, որ տարածաշրջանային վերջին այցելության ժամանակ համանախագահները «հանդես են եկել որոշ կրեատիվ առաջարկություններով»:

Իսկ գուցե Վաշինգտոնում կարիք են զգացել դրանք լրացուցիչ քննարկել Արցախի նախագահի՞ հետ, եւ Բրայզան ընդամենը դիվանագիտական լեզվով ա՞յդ է ակնարկում:

Մեկնաբանություն
X