Ինքնիշխանության ճանապարհը

Հանրային-քաղաքական դիսկուրդում հրատապ է դառնում Հայաստանի «ինքնիշխանության վերականգնման» կամ «ապագաղութացման» թեման: Մեծամասամբ դժգոհությունը Ռուսաստանից է եւ իշխանություններից, որ «վասալական կախման մեջ են, կատարում են այն, ինչ հրահանգավորում է Մոսկվան»: Բանավեճի ժամանակ հարցադրումները սրվում են՝ հասկանալի է: Պարզ է նաեւ, որ Հայաստանը եւ նրա կարգի երկրները չեն կարող լիակատար անկախ եւ ինքնիշխան լինել: Բայց եւ արդարացի չէր լինի անտեսել, որ անհանգստանալու պատճառներ, իրոք, կան, եւ հայ-ռուսական հարաբերությունները հազիվ թե իրավահավասար եւ զուտ գործընկերային են: Այստեղ, գուցե, դեր ունի սուբյեկտիվ գործոնը, բայց ավելի մեծ է օբյեկտիվ հանգամանքների պարագան: Ռուսաստանից մեր կախվածության բուն պատճառը պատմա-հոգեբանական է: Եւ ոչ թե Ռուսաստանն է մեզ «գաղութացրել», այլ ինքներս ենք գաղութացել, որովհետեւ տարածաշրջանում մեր գոյությունը եւ քաղաքական կազմակերպվածությունը կապել եւ կապում ենք Ռուսաստանի հետ: Պատճառն էլ պարզ է. մենք պաթոլոգիկ վախ ունենք Թուրքիայից եւ թրքությունից, որը կենցաղային մակարդակով դսրեւորվում է թրքատյացության ձեւով, քաղաքական կյանքում՝ երրորդ ուժի սեւեռուն որոնմամբ:

Հայաստանի ինքնիշխանության կամ «վասալության» սահմանագիծն, ահա, անցնում է Թուրքիայի եւ թուրքերի նկատմամբ մեր վերաբերմունքի միջով: Եւ դա մեզնից ավելի լավ հասկանում են թե Մոսկվայում, թե Անկարայում: Մենք է, որ համառորեն չենք հաշտվում իրականության հետ, որ շոշափելի եւ արժանապատիվ ինքնիշխանություն ունենալու համար պետք է նորմալ հարաբերությունների մեջ լինենք Թուրքիայի եւ թրքության հետ՝ ներառյալ ադրբեջանցի թուրքերին: Հակառակը տրված չէ, որովհետեւ մեր ռեսուրսները թրքականի հետ համադրելի չեն, ուստի, ուզենք, թե ոչ՝ տարբերությունը փորձելու ենք լրացնել արտաքին աջակցությամբ: Իսկ ով աջակցում է կամ հանդես է գալիս որպես երաշխավոր, նա էլ թելադրում է պայմանները:

Սկզբունքորեն տարբերություն չկա՝ ՀԱՊԿ «հովանոցի՞» ապահովությունից ես թրքատյացություն դրսեւորում, թե՞՝ ՆԱՏՕ-ի: Երկու դեպքում էլ ստիպված ես ինքնիշխանությունից մեծ բաժին զորհաբերել, որպեսզի այս պայթյունավտանգ տարածաշրջանում քեզ հարաբերականորեն ապահով զգաս: Այսօր Ռուսաստանին են մեղադրում մեզ «գաղութացնելու» համար, բայց եթե ստացվի այնպես, որ Հայաստանը փոխի անվտանգության համակարգը, քաղաքական եւ հանրային այլ խմբեր էլ սկսելու են Միացյալ Նահանգներին «գաղութարար» անվանել: Համենայն դեպս, ԱՄՆ-ն «արբանյակ» երկրների հետ հարաբերություններում ավելի նրբանկատ չէ: Բանավիճել կարելի է երկար, փաստերի եւ փաստարկների պակաս, թերեւս, չի զգացվի:

Այդուհանդերձ հանգելու ենք մի՝ հարաբերականորեն ընդունելի, տարբերակի. Հայաստանն անհամեմատ ազատ, անկախ եւ ինքնիշխանության շոշափելի ատրիբուտներով օժտված երկիր կդառնա միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների հաստատումից հետո: Ընդ որում, դա վերաբերում է նաեւ մասամբ Թուրքիային, ամբողջովին՝ Ադրբեջանին, որը նույնպես ինքնիշխանության մի շատ զգալի մասը զիջել եւ զիջում է, որպեսզի ԼՂ հարցում ցանկալի արդյունքի հասնի: Մինչդեռ կարող էր պայմանավորվել հայկական կողմերի հետ եւ հասնել քաղաքական ինքնուրույնության:

Մեկնաբանություն
X