Ի՞նչ է ծրագրվում

Մարտի 15-16-ին Բաքվում էր Թուրքիայի վարչապետը: Ադրբեջանի նախագահի եւ վարչապետի հետ բանակցություններից զատ նրա աշխատանքային օրակարգում էր մի բազմանշանակ հանդիպում. նա ընդունել էր 2016թ. ապրիլյան մարտերում ծանր վիրավորված՝ Ադրբեջանի բանակի սպա Քարիմ Մուսավիին: Ազգությամբ ադրբեջանցի՞, թե՞ թուրք է Մուսավին՝ հայտնի չէ:

Բայց ինչու՞ է Թուրքիայի վարչապետը հատկապես նրան ընդունելության արժանացրել՝ ահա հարցը: Մանավանդ որ Մուսավիի հետ զրույցում Թուրքիայի վարչապետն ասել է, թե նրա «եղբայրներն այսօր հերոսաբար մարտնչում են Աֆրինում»: Աֆրինում Թուրքիայի սկսած «հակաահաբեկչական գործողությանն» Ադրբեջանում հետեւում են սրված ուշադրությամբ:

Ըստ երեւույթին, գոյություն ունի թուրք-ադրբեջանական ինչ-որ ծրագիր, որի մասին Բաքվում Թուրքիայի վարչապետն ակնարկել է, որ եթե «Ղարաբաղում գտնվող ահաբեկիչներն Ադրբեջանին կամ Թուրքիային վտանգ սպառնան, ապա կհետեւեն պատասխան քայլեր»:

Վերջին մի քանի ամիսներին թուրքական քարոզչությունը սցենար է պատկերում, որ Թուրքիայի արեւելքում ենթարկվելով հետապնդումների՝ «քուրդ գրոհայինները Հայաստանի տարածքով տեղափոխվում են Ղարաբաղ»: Թուրքիայի վարչապետի Բաքվում արած ակնարկը տվյալ «ժանրից» է: Այդ է վկայում թուրք մեկնաբան Էնգին Օզերի հետեւյալ պնդումը. «Կարելի է սպասել, որ Թուրքիան մոտ ժամանակներս վերջնագիր կներկայացնի Հայաստանին՝ ահաբեկչական խմբավորումների հետ համագործակցության համար»:

Այնուհետեւ, ինչպես թուրք մեկնաբանն է կարծում, «Ղարաբաղում PKK-ի գրոհայինների առկայությունը խիստ կմեծացնի Ղարաբաղում Անկարայի եւ Բաքվի համատեղ ռազմագործողության շանսերը»: Եթե ասվածը մեկնաբանի երեւակայության արդյունքը չէ, ուրեմն մշակվում է թուրք-ադրբեջանական համատեղ գործողությունների ծրագիր: Եւ ավելի ու ավելի համոզիչ են դառնում պնդումները, որ ապրիլյան էսկալացիայի ընթացքում ադրբեջանական կողմից գործել է թուրքական հատուկ նշանակության զորաջոկատ: Բացառված չէ, որ Բաքվում Թուրքիայի վարչապետի կողմից ընդունելության արժանացած Քարիմ Մուսավին այդ ջոկատի կրտսեր հրամանատարներից մեկն է եղել:

Մեկնաբանություն
X