Ի՞նչ արդյունք կա Մեղրիի նորաբաց և մյուս երկու ազատ տնտեսական գոտիներից

Անցյալ տարի դեկտեմբերի 15-ին Մեղրիում՝ հայ-իրանական սահմանին, մեծ շուքով բացվեց «Մեղրի» ազատ տնտեսական գոտին։ Սրա նախադրյալներն ի հայտ էին եկել դեռ Հովիկ Աբրահամյանի վարչապետության ժամանակ, ու կյանքի կոչվեց Կարեն Կարապետյանի օրոք։ Սա թվով երրորդ ազատ տնտեսական գոտին է Հայաստանում։ Մյուս երկուսը արդեն Երևանում են, մեկը «Ալյանս» ազատ տնտեսական գոտին է, որի մեկնարկը տրվել է 2013 թվականի օգոստոսի 1-ին, իսկ մյուսը «Մերիդիան» ազատ տնտեսական գոտին է, որի մեկնարկը տրվել է 2015 թվականի մարտի 12-ին։ Ազատ տնտեսական գոտու նպատակը, ինչպես ձևակերպված է տնտեսական զաևգացման և ներդրումների նախարարության կողմից, ուղղակիորեն օտարերկրյա ներդրումների ներգրավումն է։ Գոյություն ունի նաև առանձին օրենք «Ազատ տնտեսական գոտիների մասին»։ Այս օրենքով որոշակի արտոնություններ են սահմանվում տնտեսական գոտու կազմակերպչի և շահագործողի համար, օրինակ՝ ավելացված արժեքի հարկից ազատում, մաքսատուրքի վճարման արտոնություններ և այլն։

Այս երեք ազատ տնտեսականգոտիներից երկուսի գործունեության ժամկետը տասը տարի է, իսկ վերջում բացված «Մեղրի» ազատ տնտեսական գոտունը՝ 50 տարի։ Սա թերևս խոսում է այն մասին, որ կառավարությունը լայն ապագա է կանխատեսել այս գոտու համար և մեծ հույսեր է կապում սրանից՝ հույսով, որ այն կխթանի տնտեսական աճին և զարգացման լուրջ հեռանկարներ կապահովի։ Սա թերևս այն պատճառով, որ ի տարբերություն մյուս երկուսի, որոնցից մեկը բարձրագույն տեխնոլոգիաների, մյուսը՝ ոսկերչության, ակնագործության բնագավառում է գործունեություն ծավալում, «Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործառնական սպեկտրը շատ ավելի լայն է՝ արդյունաբերություն, լոգիստիկա, գյուղատնտեսություն, առևտուր, փոխադրումներ և պահեստային տնտեսություն և այլն։ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ արդյունքներ կան դեկտեմբերին բացված ազատ տնտեսական գոտու գործունեությունից, արդյոք կա՞ տնտեսական ակտիվություն, ծառայո՞ւմ է այն իր նպատակին, թե՞ ոչ։ Բայց պարզվեց՝ Մեղրիում բացված ազատ տնտեսական գոտին դեռևս չի գործում, հետևաբար դեկտեմբերից այս կողմ գրանցած արդյունքների, ակտիվության մասին վաղ է խոսելը, քանի որ արդյունք դեռ չկա։

Նախարարությունից մեզ ասացին, որ այս պահին շահագործողների հետ քննարկման գործընթացն է ընթանում, թե ինչ պայմաններով են նրանք աշխատելու։ Այդ շահագործողները հենց պոտենցիալ ներդրողներն են։

Ինչ վերաբերում է նախորդ երկու ազատ տտեսական գոտիների գործունեությանը արդյունքներին, ապա տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից ասացին, որ 2017-ին նախորդ տարվա համեմատ այս երկու գոտիներում էլ ավելացել են շահագործողների թիվը, նաև 70.8 տոկոսով արտահանման աճ ունեն. «2017 թվականի դրությամբ «Ալյանսում» ու «Մերիդիանում» միասին իրականացվել է 9.8 մլրդ դրամի ներդրում, և ստեղծվել է 528 աշխատատեղ։ Իրացման ծավալները 2016-ին կազմել են 4.6 միլիարդ դրամ, 2017-ին՝ 7 միլիարդ»,-ասացին նախարարությունից։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X