Ադրբեջանի նախագահի պաշտոնի համար «կպայքարի» ութ թեկնածու

Մարտի 17-ին Ադրբեջանի ԿԸՀ-ն գրանցել է նախագահի վերջին թեկնածուին՝ Սարդար Ջալալօղլուին: Մինչ այդ թեկնածու էին գրանցվել գործող նախագահ Իլհամ Ալիեւը, Զահիդ Օրուջը, Արազ Ալիզադեն, Գուդրաթ Հասանգուլիեւը, Ֆարաջ Գուլիեւը, Հաֆիզ Հաջիեւը եւ Ռազի Նուրալլաեւը: Ովքեր են ցուցակի վերջին երեք անձինք՝ տեղեկություններ չկան: Իսկ ահա Օրուջը, Ալիզադեն եւ Հասանգուլիեւը Միլլի մեջլիսի պատգամավորներ են: Ամենաինտրիգայինը նախագահի պաշտոնում Արազ Ալիզադեի առաջադրումն է: Նա հանդիսանում է Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահը՝ նախկին նախագահ Այազ Մութալիբովի հետ միասին:

Ադրբեջան վերադառնալուց եւ էքս-նախագահի օրինական կարգավիճակ ու սոցիալական ապահովության պետական երաշխիքներ ստանալուց հետո վերջինս հայտարարել է, որ այլեւս քաղաքականությամբ չի զբաղվելու: Դա չի խանգարում, սակայն, որ Մութալիբովը հանդես գա ընտրություններում Իլհամ Ալիեւին սատարելու մասին հայտարարությամբ: Ստացվում է, որ Արազ Ալիզադեն չունի նույնիսկ նախկին կուսակցական լծակցի աջակցությունը:

Նույնը կարելի է ասել մյուս թեկնածուների մասին: Ակնհայտ է, որ նրանք առաջադրվել եւ նախագահի թեկնածու են գրանցվել, որպեսզի ընտրությունների «մրցակցայնության» ֆոն ստեղծեն: Ադրբեջանում նախագահի ընտրության քարոզարշավը մեկնարկում է մարտի 19-ին եւ կտեւի մինչեւ ապրիլի 10-ը: Քվեարկությունը տեղի կունենա ապրիլի 11-ին: Մարտի 31-ին ընտրությունները բոյկոտած ընդդիմությունը պատրաստվում է հանրահավաքի:

Մեկնաբանություն
X