Ի՞նչ արժե Վիլսոնի մե՜ծ կնիքը

(Երբ տունդ ապակուց է, հարեւանիդ քար մի նետիր)․

Էդիկ Անդրեասյանի հոդվածին անդրադառնալու հարկ չէր լինի (իմ հասցեին քինոտ հարձակումները, վերագրումները, ինձ տված նրա «բարեկամական» խորհուրդները վաղուց կորցրել են առաջին թարմությունը եւ միայն ժպիտ են հարուցում), եթե...

Բանն այն է, որ նա մի երկարաշունչ միջարկում է արել՝ սփյուռքահայի համար Հայաստանը եւ Արցախը պատմական հայրենիք չէ, մեր պատմական հայրենիքը գուցե Կիլիկիան է, իսկ Արեւմտյան Հայաստանը, Վիլսոնի գծած սահմաններում հայրենիք է, քանի որ ոչ մի միջազգային իրավարար կառույց ԱՄՆ նախագահի մեծ կնիքով կնքված վճիռը չի բեկանել, իսկ բոլշեւիկա-քեմալական ավանտյուրաները, որով Հայաստանը ծվեն-ծվեն է արվել այդ երկուսի միջեւ, մի օր պատմություն են դառնալու, ինչպես որ պատմություն է դարձել «Ադրբեջանական ԽՍՀ ԼՂԻՄ» կոչված անհեթեթությունը,- եւ միջին-վիճակագրական հային վերստին «կապել» տասնամյակներ ի վեր տեւող ըղձախոսությանը, թե երբեւէ ունենալու ենք ազատ, անկախ եւ միացեալ Հայաստան, որի սահմաններն սկսվելու են Եփրատից եւ ձգվելու են չգիտեմ մինչեւ որտեղ:

Շարադրանքը կարելի էր ավելի պերճախոս անել, համեմել բանաստեղծական պաթետիկայով կամ «Ընկեր ջան, գինի լից» մարտականությամբ: Դրանից ոչինչ չէր փոխվելու: Ասելիքի միջուկն է կարեւոր՝ որքանո՞վ է իրականությանը համապատասխանում, որ ԱՄՆ նախագահ Վիլսոնի գծած հայ-թուրքական սահմանն այսօր էլ իրավական է, միջազգային ոչ մի ատյան այն չի բեկանել: Այսօրվա Թուրքիայի սահմանները, որոնց արդարացիությունն ի դեպ, Էրդողանը վիճարկում եւ քեմալական կառավարությանը մեղադրում է Մոսուլը եւ Էգեյան ծովում մի քանի մանր կղզիները «հանձնելու» մեջ, հաստատված են երկու՝ Մոսկվայի եւ Լոզանի, պայմանագրերով, որոնք, կարող ենք առանց վերապահումների ասել, ոչ ոք չի բեկանել եւ չի պատրաստվում բեկանել: Այդ սահմաններում է Թուրքիան ՄԱԿ-ի անդամ դարձել, դրանք գտնվում են ՆԱՏՕ-ի անվտանգության համակարգի տիրույթում:

Այս իրողությունների, թուրքական զինված ուժերի, 80 միլիոնից ավելի թուրք բնակչության, որի ճնշող մեծամասնությունը դավանում է արմատական ազգայնականություն, համեմատ ի՞նչ արժե Վիլսոնի մե՜ծ կնիքով հաստատված հայ-թուրքական «սահմանը»: Ի դեպ, այն չեղարկելու հարկ բացարձակապես չկա, որովհետեւ դա ընդամենը մի պատմական փաստաթուղթ է, որ կարող է ինչ-որ պատմաբանի հետաքրքիր լինել, բայց երբեք՝ որեւէ պետության, առանձին քաղաքական գործչի կամ նույնիսկ դիվանագետի, եթե նա անգամ Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ դրական տրամադրված՝ նախկին դեսպան Էվանսն է:

Պատճառը պարզ է. Վիլսոնի իրավարար վիճիռն իր դե-յուրե արժեքից զրկվել է, երբ ԱՄՆ Կոնգրեսը մերժել է ընդունել Հայաստանի մանդատը: Հայությունը մինչեւ կոկորդ կուշտ է ցնորապաշտությունից: Նա ճշմարտության կարիք ունի, որքան էլ որ դառը լինի. եթե Միացյալ Նահանգների նախագահները, որպեսզի խնդիրներ չունենան Թուրքիայի հետ, զգուշանում են նույնիսկ արտաբերել «ցեղասպանություն» կամ, ինչպես Էդիկի հարազատ միջավայրում է ընդունված ասել՝ «ջենոսայդ» բառը, եթե Թուրքիան ոչ միայն իր ներքին կյանքում է կատաղի անհանդուրժողական երկրի անգամ մասնակի ֆեդերալացման հարցում, այլեւ սահմանների անխախտելիության համար ռազմական քայլերի է դիմում Իրաքում, Սիրիայում, վաղը բացառված չէ՝ նաեւ այլ տեղերում, ապա ի՞նչ աղետ պիտի այդ երկրին պատուհասի, որպեսզի Վիլսոնի գծած սահմանով Արեւմտյան Հայաստանը մերը դառնա:

Ի վերջո, այդ տարածքներում այսօր մի քանի միլիոն քուրդ է բնակվում: Տասնամյակներ ի վեր նրանք Թուրքիայում քաղաքական եւ զինված պայքար են տանում, որպեսզի անկախ պետություն ունենան: Ո՞ւր ենք նրանց ուղարկելու, եթե մի օր վիլսոնյան սահմաններն իրոք հաստատվեն: Թե մտադիր ենք հայ-քրդական կոնֆեդերացիա ստեղծե՞լ: Բայց՝ լուրջ. հայտնի խոսք կա՝ երբ տունդ ապակուց է, հարեւանիդ քար մի նետիր: Նկատի ունենալով Թուրքիայի, թուրքաբնակ Ատրպատականի, Ադրբեջանի եւ դարձյալ թուրքաբնակ Բորչալուի թշնամի հարեւանությունը, Հրանտ Մաթեւոսյանը բանաձեւել է. «Մեր հայրենիքը Թուրքիայում է»։ Ես Վիլսոնի սահմաններին չեմ հավատում, ինձ համար հայ հանճարի պահպանողական-երկյուղած զգուշավորությունն է ուղեցույց:

Մեկնաբանություն
X