Արմեն Սարգսյանի քաղաքացիության խնդրով մեր հետաքննությունը շարունակվում է

Մարտի 2-ին Արմեն Սարգսյանն ընտրվեց ՀՀ նախագահի պաշտոնում: Ընտրությանը հաջորդած օրերին պարզ դարձավ, որ ԱԺ մեծամասնության կողմից ընտրված ՀՀ նախագահը ոչ միայն ոչ լեգիտիմ է` որպես նախագահի թեկնածու եւ նախագահ, այլեւ քաղաքակիրթ աշխարհի կողմից էլ միանշանակ չի ընդունվում` ո՛չ պաշտոնական Բրյուսելը, ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Լոնդոնը, ո՛չ Փարիզը, ո՛չ Բեռլինը, ո՛չ Հռոմը, անգամ Հռոմի պապը, չնայած իր անսահման բարությանն ու մարդասիրությանը, չշնորհավորեցին նրան: Փոխարենը շնորհավորեցին Պուտինը եւ Նազարբաեւը…

Նորից մերժվող եվ չընդունվող

Հայաստանյան լրատվամիջոցները լուրեր են տարածել Պուտինից եւ Նազարբաեւից բացի նաեւ այլ առաջնորդներից պրն Սարգսյանի ստացած շնորհավորանքների մասին, այդ թվում՝ Լեհաստանի եւ Չեխիայի նախագահներից, ինչը հավատարժան էր` հաշվի առնելով, որ թե՛ Զեմանը, թե՛ Դուդան սեփական հասարակությունների եւ ԵՄ-ի հետ խնդիրներ ունեցող մարգինալ առաջնորդներ են: Բայց արի եւ տես, որ պրն Արմեն Սարգսյանին շնորհավորելու մասին չկա ոչ մի նշում կամ լուր ո՛չ Հայաստանում Լեհաստանի կամ Չեխիայի դեսպանատների կայքերում, ո՛չ էլ նախագահներ Դուդայի կամ Զեմանի պաշտոնական կայքերում: Այդ կայքերը կարող է այցելել յուրաքանչյուրը եւ եզրակացություն անել:

Իսկ, առհասարակ, երբ պրն Արմեն Սարգսյանին ՀՀԿ-ից պաշտոնապես առաջարկվեց առաջադրվել ՀՀ նախագահի պաշտոնում, եւ նույնիսկ դրանից էլ վաղ, երբ թեկնածուների թվում սկսեց շրջանառվել նրա անունը, Հայաստանում որքան կիսագրագետ անձ կար, հատկապես մամուլի էջերին հասանելիություն ունեցող, սկսեցին հրապարակավ դատարկախոսել, թե իբր Արմեն Սարգսյանն Արեւմուտքի հովանավորյալը եւ թեկնածուն է: Ըստ այդ անձանց՝ եթե Սարգսյանը շուրջ 30 տարի բնակվել եւ բնակվում է Լոնդոնում, նշանակում է նա Արեւմուտքի թեկնածուն է: Մի՞թե…

Ռոման Աբրամովիչը, Բորիս Բերեզովսկին եւ ռուսական քրեաօլիգարխիկ շրջանակների տասնյակ այլ ներկայացուցիչներ նույնպես բնակվել, ոմանք անգամ մահկանացուն են կնքել Միացյալ Թագավորությունում, ինչ է, դրանից նրանք կարեւորությո՞ւն են ձեռք բերել ՄԹ-ի համար կամ դարձել են ՄԹ հովանավորյա՞լ: Անշուշտ` ոչ: Այդ անձանց շփումների շրջանակը Լոնդոնում անշարժ գույքի գործակալությունները, բորսաները, իրավապահ մարմինները եւ դատարաններն են, իսկ դա բրիտանական էսթաբլիշմենթի հետ չհատվող շրջանակ է: Առանձնապես չտարբերվող պատկեր է նաեւ Արմեն Սարգսյանի դեպքում: Պրն Սարգսյանը որքան էլ համալսարանական եւ գործարար շրջանակների հետ շփումներ ունենա, ՄԹ-ում նա չի ունեցել եւ չունի որեւէ նշանակալից բիզնես (ունեցել է երկու աննշան ՍՊԸ` Eurasia House International եւ Cambridge Pharmaceutics), ոչ էլ 1991-ից ի վեր որեւէ համալսարանում տեսանելի գիտական ներգրավվածություն ունի: Մի 10-15 տարի առաջ նվիրատվությունների համար Kennedy School-ի կամ Harris Public Policy-ի դեկանին կից խորհուրդների կազմում ընդգրկվելը, տասնյակ նման նվիրատուների թվում, գիտության հետ կապ չի ստեղծում:

Իրականում 1991-ից ի վեր ՄԹ-ում պրն Սարգսյանը հերթագայությամբ եղել է կա՛մ ՀՀ դեսպան, կա՛մ օֆշորային գործարար (ի դեմս Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված իր Highbury Group-ի, գուցե Կարիբյան այլ կղզում գրանցված Knightsbridge Group-ի եւ այլն): Իսկ այդ դերակատարություններից ոչ մեկը բրիտանական էսթաբլիշմենթի հետ հարաբերություններ կառուցելու հարթակ չէ: Եվ դրա արդյունքն է, որ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ ո՛չ Միացյալ Թագավորության արքայական ընտանիքից, ո՛չ վարչապետից կամ կառավարությունից, ո՛չ պաշտոնական այլ ատյանից պրն Սարգսյանին շնորհավորանք չբարձրաձայնվեց: Անգամ բրիտանական ԶԼՄ-ները նրա ընտրությանը չանդրադարձան, նույնիսկ BBC-ի ռուսական ծառայությունը, որ լուսաբանում է Հայաստանին առնչվող տասնյակ հարցեր: Հուսանք՝ Լոնդոնի եւ, առհասարակ, եվրոպական մայրաքաղաքների քար լռությունից հետո Արմեն Սարգսյանին Արեւմուտքի, առավել եւս՝ Մեծ Բրիտանիայի հովանավորյալ ներկայացնողները սեփական անլրջության աստիճանը պատկերացրել են:

Իհարկե, դժվար է ասել՝ պրն Սարգսյանն իրոք վայելո՞ւմ է որեւէ երկրի հովանավորությունը, թե ոչ, բայց եթե վայելում է, ապա, մեծագույն հավանականությամբ` Ռուսաստանի: Դեռ մի կողմ թողած իրական կամ հորինված ասեկոսեները, թե պրն Սարգսյանը խորհրդային KГB-ի հետ համագործակցության շնորհիվ է 1980-ականներին անցել երկաթե վարագույրից այն կողմ` լինելով ընդամենը թեկնածուական թեզ պաշտպանած (գուցե դեռ չպաշտպանած) ԵՊՀ դասախոս: Ակներեւ է, որ նա ո՛չ Լեւ Լանդաու էր, ՛ոչ Վիկտոր Համբարձումյան, ո՛չ Սերգեյ Մերգելյան, որ նրա գիտական մեծության եւ հեղինակության առջեւ խորհրդային իշխանությունները տեղի տային:

Սակայն ավելի էականն ու փաստականն այն է, որ պրն Սարգսյանն ինքը ընդամենը մի քանի տարի առաջ հայտարարել է. «Я считаю Москву и Санкт-Петербург своей второй родиной. В культурном смысле считаю себя советским человеком. Я принадлежу этой культуре, мне всегда здесь приятно, удобно и комфортно»: Դրան հավելենք, որ պրն Սարգսյանի նաեւ բիզնես գործունեությունն է Ռուսաստանում, նախագահ առաջադրվելու առաջարկից հետո իր սփյուռքյան շրջագայությունները Մոսկվայից սկսեց, ընտրվելուց հետո առաջին շնորհավորանքը` ԵՏՄ ինտեգրումը խորացնելու հրահանգով, Կրեմլից ստացավ…

Իրականում Արմեն Սարգսյանը Ռուսաստանի հովանավորյալն է, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը: Բայց նրա դեպքում արդեն ուրվագծվում է Արեւմուտքում չընդունվելու հեռանկարը` Կարեն Կարապետյանի կամ Վիգեն Սարգսյանի նմանությամբ, որ երկու տարուց ավելի պաշտոնավարում են, բայց Բրյուսելում այդպես էլ ընդունելության չեն արժանացել` չխոսելով այլեւս Փարիզում, Բեռլինում, Լոնդոնում կամ Վաշինգտոնում ընդունվելու մասին:

Դամոկլյան սրի նմանությամբ

Արմեն Սարգսյանի տեսանելի մերժումն Արեւմուտքի կողմից կարող է տարբեր բացատրություններ ունենալ, ի վերջո՝ արեւմտյան կառավարությունները շատ ավելին կիմանան նրա մասին, քան Հայաստանի քաղաքացիները, բայց ինձ թվում է՝ պրն Սարգսյանի ոչ լեգիտիմության հանգամանքն էլ փոքր դեր չի կատարում:

Եթե ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնն զբաղեցնող Դավիթ Հարությունյանը հասնում է նրան, որ հայտարարում է, թե իր համար էականն այն է, որ Արմեն Սարգսյանը հայտարարել է այլ երկրի քաղաքացիությունից հրաժարվելու մասին, դրանից հետո թե այլ երկրի ընթացակարգերով երբ է քաղաքացիությունը դադարել՝ իր համար նշանակություն չունի, դա ոչ միայն իրավական անհեթեթություն է, չասելու համար՝ բանականության հետ խնդիր, դա նախ իրավիճակի անելանելության խոստովանություն է:

Եթե պետություն-քաղաքացի հարաբերություններում ոչ թե պետականորեն սահմանված գործընթացին, իրավական ընթացակարգին, պետության անունից կայացվող որոշմանը, տրվող փաստաթղթին հավատ ընծայենք, այլ քաղաքացու հայտարարություններին, ապա գույները մի քիչ խտացնելով կստացվի, որ քրեական հանցագործին էլ, ըստ Դավիթ Հարությունյանի, կարելի է անմեղ համարել եւ դատարանի դահլիճից ազատ արձակել, եթե հայտարարի, որ ինքն անմեղ է: Թե հանցանքը հաստատող ինչ ապացույցներ գոյություն ունեն, դատարանն ինչ քննություն կվարի, ինչ վճիռ կկայացնի, Հարությունյանի համար արժեք չունի, կարեւորը քաղաքացու հայտարարությունն է: Դա գիտակից մտածողությո՞ւն է:

Այնինչ պետության իրավասությունն է ինչպես արդարադատության իրականացումը, այնպես էլ քաղաքացիության շնորհումը կամ դադարեցումը․ դա կարող է անել միայն պետությունը: Հետեւաբար, պրն Արմեն Սարգսյանի բրիտանական քաղաքացիությունը կարող էր դադարեցնել միայն UK Home Office-ը, միայն Declaration of Renunciation փաստաթղթով: Չկա այդ փաստաթուղթը՝ նշանակում է` չկա նաեւ բրիտանական քաղաքացիության դադարում։

Ավելին՝ մինչեւ 2015թ. պրն Սարգսյանը սեփական ձեռքով, ստորագրությամբ եւ պատասխանատվությամբ ամեն տարի բրիտանական իշխանության, մասնավորապես քրեական հետապնդում սկսելու իրավասություն ունեցող HMRC-ի (Her Majesty’s Customs & Revenue) եւ CH-ի (Companies House) առջեւ պաշտոնապես հաստատել է իր բրիտանական քաղաքացիությունը: Եթե պրն Սարգսյանը բրիտանական իշխանության առջեւ կեղծում էր իր քաղաքացիությունը, նրա դեմ պետք է հետապնդում սկսվեր: Արմեն Սարգսյանը Confirmation statement-ներ ներկայացնելիս եղել է ՄԹ քաղաքացի, եւ չկա որեւէ հիմք մտածելու, թե 2015-ից հետո քաղաքացիությունը դադարել է:

Ամփոփելով՝ ՀՀ իշխանությունները, իրավիճակի ողջ հակասահմանադրականությունը գիտակցելով, ՀՀ նախագահի պաշտոնում հաստատել են մի մարդու, որն այդ պաշտոնում կարող է մնալ մինչեւ այն պահը, երբ Մեծ Բրիտանիան ոչ թե լռելյայն, այլ բարձաձայն եւ պաշտոնական փաստաթղթով կհավաստի այն, որ պրն Արմեն Վարդանի Սարգսյանը 2011-ից հետո եղել է եւ գուցե այսօր էլ շարունակում է լինել Մեծ Բրիտանիայի քաղաքացի:

Ցավոք, դա որոշ ժամանակ կպահանջի, քանի որ Home Office-ից առաջին պատասխանը քսան աշխատանքային օրում, ինչպեսեւ խոստացվել էր, եւ 16․02․2018-ի «Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության ոդիսականը» հոդվածում հայտնել էինք, ստացվեց: Պատասխանն այն էր, որ, Տվյալների պաշտպանության օրենքի սահմանափակումներից ելնելով, չեն կարող պրն Սարգսյանի մասին տվյալ հաղորդել, քաղաքացիության դադարումը հաստատել կամ հերքել: Այնուհետ հետագա քայլերի պարզաբանումն էր՝ եթե պատասխանը չի գոհացնում, կարելի է դիմել, որ հարցը Home Office FOI Requests-ում երկրորդ անգամ նայվի՝ արդեն այլ պաշտոնատարների կողմից, ովքեր խնդրի առաջին քննարկմանը չեն մասնակցել: Եթե այդ երկրորդ պատասխանն էլ չգոհացնի, դա իրավունք կտա արդեն դիմելու Մեծ Բրիտանիայում Տեղեկատվության ազատության օրենքով տեղեկության հրապարակում արտոնելու բարձրագույն իրավասություն ունեցող պաշտոնյային` UK Information Commissioner-ին:

Մեծ Բրիտանիան եղել է, կա եւ մնում է պետականության եւ օրինականության էտալոն երկրագնդի վրա, որտեղ ճշմարտությունը միշտ էլ բացահայտվում է։ Այո, դա կարող է պահանջել 20 աշխատանքային օր ժամկետ, գուցե մի քանի շաբաթ, բայց, ի վերջո, ճշմարտությունը պաշտոնապես կհայտնվի եւ կհավաստվի:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X