«Արմենիկումը» փակելո՞վ են ուզում արտադրություն խթանել

Մենք մարտի 3-ին հոդված էինք տպագրել՝ ««Արմենիկում» կենտրոնում ճամպրուկային տրամադրություն է» վերտառությամբ, որտեղ նշել էինք, որ աշխատակիցներին ասվել է՝ գլխների ճարը տեսնեն, քանի որ մայիսի 1-ից կենտրոնը չի գործելու։ Այդ ժամանակ դեռ կենտրոնի տնօրինությունն ու աշխատակիցները խուսափում էին խոսել կենտրոնի փակման մասին եւ մեր հարցերին նորմալ պատասխաններ չէին տալիս։ Եվ միայն մարտի 14-ին Հանրային խորհրդում «Արմենիկումի» հետագա ճակատագրի վերաբերյալ քննարկումից տեղեկացանք, որ կենտրոնի ֆինանսավորումը դադարեցվել է, եւ այն փակման ռեալ վտանգի առջեւ է։ Առողջապահության նախարարությունը փակման որոշում, որպես այդպիսին, չէր կայացրել, սակայն ֆինանսավորման դադարեցումը հավասարազոր է նման որոշմանը։

Հանրային խորհրդի քննարկման ժամանակ ներկաները տարակուսանք էին հայտնել կենտրոնի հնարավոր փակման հետ կապված՝ նշելով, որ, ընդհակառակը, անհրաժեշտ է պետական աջակցությամբ դեղամիջոցն առավել կիրառելի դարձնել: «Արմենիկումի» տնօրեն Լեւոն Գեւորգյանը նշել էր, որ կլինիկայի հետագա ճակատագրի վերաբերյալ իրենց հետ որեւէ քննարկում չի եղել, միայն տեղեկացել են, որ 2018 թվականին ֆինանսավորումը դադարեցվելու է: Բայց թե՛ տնօրենը, թե՛ քննարկման մյուս մասնակիցներն ու անգամ առողջապահության նախարարության ներկայացուցիչը փաստել էին դեղամիջոցի արդյունավետության մասին, հատկապես իմունիտետի բարձրացման միջոցով բուժվող հիվանդությունների դեպքում։

Բարձրացած աղմուկից մի քանի օր անց առողջապահության նախարարությունը որոշել է պարզաբանմամբ հանդես գալ, որով երեւի թե փորձել են փարատել մտահոգությունները կամ փոքր-ինչ նահանջել որդեգրված դիրքերից։ Սակայն ներկայացված պարզաբանումը շատ անորոշ է, ու չի հասկացվում, թե ի վերջո ինչ է սպասվում կենտրոնին։ Չնայած պարզաբանման մեջ հատուկ նշել են․ «Նպատակն «Արմենիկումի» արտադրության եւ սպառման խթանումն է»։

Նախարարությունից նշել են, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկված են առողջապահության նախարարության եւ ոլորտի առաջատար մասնագետները, այդ թվում` պաշտպանության նախարարության եւ «Արմենիկումի» ներկայացուցիչները․ «Աշխատանքային խումբը խորությամբ կուսումնասիրի շահառուների բժշկական օգնության եւ սպասարկման, ինչպես նաեւ «Արմենիկումի» արտադրության խթանմանն ու սպառմանն առնչվող բոլոր հարցերը: Նախարարության հիմնական նպատակն է՝ նպաստել աշխարհում «Արմենիկումի» ավելի լայն ճանաչմանը»։

Թե ինչպես են խթանելու դեղամիջոցի արտադրությունն ու սպառումը, եթե արդեն որոշվել է դադարեցնել ֆինանսավորումը, նախարարությունից չեն նշել։ Ամեն դեպքում, իրենց հայտարարությունն ու քայլերն իրար այնքան էլ չեն բռնում։

Ի դեպ, մենք փորձեցինք զրուցել նաեւ «Արմենիկումի» տնօրեն Լեւոն Գեւորգյանի հետ, բայց նա տարօրինակ մարդ դուրս եկավ։ Մեր հարցը լսելուն պես, թե կարո՞ղ է ասել՝ ինչու որոշվեց փակել «Արմենիկումը», ասաց․ «Ոչ մի բան էլ չեմ կարող ասել, էս համարով էլ զանգ չտաս», ու անջատեց հեռախոսը։ Երեւի թե պետք է ոչ թե փակել «Արմենիկումը», այլ նախ փոխել տնօրենին եւ ավելի ադեկվատ մեկին նշանակել, որը մարդկանց հետ հարաբերվելու տարրական կուլտուրային տիրապետում է։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X