Գարեգին Բ-ն Ղրիմի համայնքները կտրել է Ուկրաինայի թեմից եւ միացրել Ռուսաստանի Հայոց թեմին

Մայր Աթոռի տարածած պաշտոնական հայտարարության համաձայն, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը կմեկնի Ուկրաինա, որտեղ մարտի 17-ին կմասնակցի Դնեպր քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման արարողությանը:

Արդեն հայտնի է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը մասնակցել է նաեւ Կիեւի առաջնորդանիստ եկեղեցու հիմնարկեքի արարողությանը: Կաթողիկոսին ուղեկցող պատվիրակությունը բավական ներկայացուցչական է: Սա պաշտոնական հայտարարությունը: Իսկ ոչ պաշտոնապես …. «Հրապարակ»-ը ժամանակին առիթ ունեցել էր անդրադառնալու այն հարցին, թե Գարեգին Բ-ն ինչպես է Ուկրաինայի Հայոց թեմից, գոնե հայաստանյան հասարակության համար չափազանց սուսուփուս կերպով, կտրել Ղրիմի հայկական համայնքները եւ միացրել Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմին, որի առաջնորդը կաթողիկոսի հարազատ եղբայրն է` Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը:

Ու եթե այդ միավորման հետ կապված ինչ որ միջոցառման հետ կապված հեռուստառեպորտաժը չլիներ, թողարկված «Շողակաթ» ՀԸ կողմից, ապա դժվար էլ հայաստանյան հասարակությունն այդ մասին իմանար: Ամեն դեպքում, հիմա արդեն կաթողիկոսը Ուկրաինայում է, եւ ամենայն հավանականությամբ առիթ կունենա այս հարցին անդրադառնալու: Ընդ որում այդ անդրադարձը ոչ միայն ներհամայնքային կամ նույնիսկ` ներազգային հարց է, այլ նաեւ քաղաքական, եւ առաջին հերթին հենց Ուկրաինայի քաղաքական իշխանություններին հետաքրքիր կլինեն Գարեգին Բ-ի մեկնաբանությունները:

Վերանալով համայնքային եւ ազգային հարթակներից, զուտ քաղաքական իմաստով, Ղրիմը համարվում է Ուկրաինայի տարածք, որը բռնակցվել է Ռուսաստանին: Թեպետ Մոսկվան այդ բռնակցումը համարում է վերամիավորում, սակայն ոչ ՄԱԿ-ը, ոչ այլ միջազգային կազմակերպություններ ու կառույցներ չեն ճանաչում այդ միացումը: Ավելին, այն գեոպոլիտիկ խառնաշփոթը, որ այսօր կա աշխարհում, ըստ էության սկսվեց հենց այդ միացումից կամ բռնակցումից:

Ստացվում է, Գարեգին Բ-ն, կամա-ակամա կատարել է մի այնպիսի քայլ, որը խախտում է միջազգային իրավունքը, նաեւ հակասության մեջ մտնում ՄԱԿ կողմից ճանաչված Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հետ եւ բացիայդ կարող է բացասական ֆոն ստեղծել ուկրաինահայության համար: Բացի այդ, ինչպես հայտնի է, Ուկրաինայում հիմա փոփոխություն է կատարվել լեզվական քաղաքականության մեջ եւ մեկ-երկու տարուց ողջ Ուկրաինայում ուսուցումն իրականացվելու է ուկրաիներենով: Հասկանալի է, որ հայոց լեզուն այս դեպքում հայտնվում է հարվածի տակ:

Հաջորդ հարցը,որ համայն հայությանը, անշուշտ կհետաքրքրի, այնէ, թե լեզվական քաղաքականության հետ կապված խնդիրները կունենա արդյոք համարձակություն Գարեգին Բ-ն քննարկելու ուկրաինական ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ եթե այդպիսիք նախատեսվում են:

Տիգրան Վահանե

Մեկնաբանություն
X