Հայկական հիվանդություն

Հայրենական լրատվամիջոցը, հղում անելով պետական լրատվական գործակալությանը, որն իր հերթին լուրն ստացել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, գրում է, որ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի 36 անդամ միացել է Կոնգրեսի հայկական հարցերով համանախագահ Ֆրենկ Փալոնեին՝ կոչ անելով պետության արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Հալ Ռոջերսին եւ անդամ Նիտա Լոույեին՝ 2019 թվականի ֆինանսական տարում աջակցել Արցախին եւ Հայաստանին 70 միլիոն ԱՄՆ դոլար օգնություն տրամադրելու փաթեթին:

Կարդում է միջին-վիճակագրական քաղաքացին՝ Արցախում եւ Հայաստանում, եւ առաջին բանը, որ անցնում է մտքից, երախտագիտությունն է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին, որ Վաշինգտոնում օրնիբուն աշխատում է ի բարօրություն պատմական հայրենիքի, ոչ մի խոչընդոտի առջեւ չի ընկրկում: Երկրորդ տեղում երախտագիտության է արժանանում կոնգրեսական Փալոնեն, որ նվիրված է Հայաստանին եւ հայ ժողովրդին: Եւ հուսավառվում է միջին վիճակագրական քաղաքացին՝ Արցախում եւ Հայաստանում, որ Միացյալ Նահանգները՝ աշխարհի թիվ մեկ գերտերությունը, բարեհաճ է հայ ժողովրդի, Հայաստանի եւ Արցախի հանդեպ:

Ինչպես որ մի ժամանակ բոլորով հպարտ էինք, որ ԱՄՆ-ում հեղինակավոր հայ նահանգապետ ունենք կամ ներկայումս Ֆրանսիայի երկրորդ քաղաք Լիոնի քաղաքապետը հայ է: Միջին-վիճակագրական քաղաքացին Արցախում եւ Հայաստանում իրեն նեղություն չի տալիս, չի հետաքրքրվում, չի պարզում, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ունի 435 անդամ եւ, ուրեմն, Հայաստանին եւ Արցախին օգնություն ցուցաբերելու կոչին միացածներն ամերիկյան օրենսդիրների ընդհանուր թվի 10 տոկոսն էլ չեն կազմում: Ե՞րբ, ի՞նչ ջանքերի գնով կոնգրեսականների գոնե կեսից ավելին կմիանա Փալոնեի նախաձեռնությանը՝ ոչ ոք չգիտի:

Ավելի հավանական է, որ այդ կոչը բավարար օժանդակություն չի գտնի: Ի վերջո, որ երկրին ի՞նչ օգնություն պետք է ցուցաբերել, որոշում են ոչ այնքան օրենսդիրները, որքան՝ Սպիտակ տունը: Բայց դա ի՞նչ հիվանդություն է՝ մշտապես հուսալ, որ կլինի արտաքին մի մե՜ծ օգնություն, որը կլուծի մեր բոլոր խնդիրները: Չէ՞ որ գումարը, որի մասին խոսվում է, այնքան էլ մեծ չէ: Այդքան փող հայ օլիգարխները տարեկան հաստատ ծախսում են միայն արտասահմանում հանգստանալու վրա: Եւ արժե՞ հանուն այդ չնչին օգնության ժամանակ, նյարդեր, ամենայն հավանականությամբ՝ նաեւ միջոցներ ծախսել: Ակամայից մարդ տպավորություն է ունենում, թե նման ձեռնարկումներն ԱՄՆ-ում եւ եվրոպական որոշ մայրաքաղաքներում արվում են, որպեսզի արդարացված լինի սփյուռքի զանազան կառույցների գոյությունը, որից Հայաստանի եւ Արցախի իրական շահը պարզ չէ, թե որն է:

Իսկ գուցե ժամանա՞կն է, որ մենք բուժվենք հայկական այդ հիվանդությունից, կենտրոնանք մեր խնդիրների վրա եւ, որքան էլ դառը լինի, խոստովանենք, որ Հայաստանի եւ Արցախի համար պատասխանատու ենք մենք՝ հայրենիքում ապրողներս: Միայն մենք: Մնացածը երազախաբություն է, որից արդեն մեկ դար է ոչինչ էլ չի ստեղծվում:

Մեկնաբանություն
X