Հաց բերողն իր համոզմունքներով հողին հավասարեցրեց ոստիկանապետության պատնեշները

Հաց բերողը հրաշք արարող մարդ էր: Այդպիսի մարդկանց է վիճակված ապահովել հանրության ցատկը գաղափարական տեսանկյունից: Նա ավելին էր, քան պարզապես մարդ լինելը, քանզի նրան տրված էր անել այն, ինչ մյուսներն ընկալում են որպես հրաշք: Արթուրը որոշ իմաստով գերմարդ էր և առանց փոխաբերության, որովհետև նա այն ինչ-որ մեկն էր, որը ցնցեց խորը թմբիրի մեջ հայտնված հանրությանը: Ի՞նչ էր արել Արթուր Սարգսյանը: Ընդամենը հաց էր տարել քաղցած մարդկանց, վտանգել էր սեփական կյանքը, բայց փրկել ուրիշներին: Ամեն ինչ այդքան պարզ չէ:

Խնդրի բուն էությունը այդ հացի մեջ չէ, այլ՝ համոզմունքների: Արթուր Սարգսյանը իր համոզմունքներով ոչնչացրեց, հողին հավասարեցրեց ոստիկանական պատնեշները, գնաց գաղափարական հոսանքին հակառակ, խառնեց արմատավորված խաղի կանոնները և առաջնային պլան մղեց մարդուն և մարդասիրությունը: Մարդասիրությու՛ն: Այնքա՛ն խորթ բառ մեր իրականության մեջ: Դրա գոյության մասին ոչ ոք չէր հիշում, դրա վրա թքած ունեին: Բայց նա եկավ ու իր վճռական կեցվածքով սթափեցրեց բոլորին, հիշեցրեց, որ մարդը բարձրագույն արժեք է, և Հայաստանում չպետք է մարդիկ սովամահ լինեն:

Միով բանիվ Արթուր Սարգսյանը կասկածի տակ դրեց ոստիկանապետության կողմից ստեղծված գաղափարական միջավայրի ճշմարտացիությունը: Միջավայր, որի հետ կամա թե ակամա առնչվում էին բոլորը: Այսինքն` համակարգը կասկածի տակ դրվեց, և այն կասկածի տակ դրեց ընդամենը մի մարդ՝ իր մարդասիրությամբ և համոզմունքներով: Ակնհայտ էր՝ Արթուր Սարգսյանին չէին ներելու, նա անցել էր սահմանագիծը, նա խախտել էր շղթայի հաջորդականությունը: Այսքանից հետո նրան ինչպե՞ս ներեին:

Մարդատյացները մարդասերներին երբեք էլ չեն ներում, համակարգի միավորները համակարգի դեմ գնացողներին չեն կարող ներել: Եղավ այն, ինչ եղավ. Սոկրատեսին սպանողների, Հիսուս Նազովրեցուն խաչողների և Ջորդանոյին այրողների հետնորդները միջնադարյան տիղմի միջից գորտի կեցվածքով նորից գլուխ բարձրացրին և հաշվեհարդար տեսան, պարզապես դանդաղ սպանեցին, ամեն ինչ արեցին, որ հաց խորհրդանշող անհատը մնա առանց հացի:

Պատասխանատուն բռնության իշխանությունն է: Այն միշտ վրեժ է լուծում այն մարդկանցից, որոնք վտանգ են ներկայացնում իր գաղափարական գոյությանը: Արթուր Սարգսյանը այլևս չկա: Նա հրաժեշտ տվեց կյանքին՝ թեկուզ խոշտանգված ու տանջված, բայց սկզբունքային պայքարի վճռականությամբ և մեծագույն սիրով, որը իրենից հետո թողեց որպես ժառանգություն: «Հաց բերողը» նման է Միքայել Նալբանդյանին: Երկուսն էլ ազատության սիմվոլներ են:

Իշխանությունները նույնիսկ մահվանից հետո հանգիստ չեն տալիս Արթուրին, ինչպես ցարական իշխանությունները հանգիստ չէին տալիս Նալբանդյանին: Աշոտ Հովհաննիսյանը գրում է. «Գլուխ բարձրացնող ռեակցիայի պայմաններում ցարական ոստիկանները հալածանք սկսեցին անգամ Նալբանդյանի թարմ հողաթմբի շուրջը: Մեռած հեղափոխականը շարունակում է հեղափոխական լինել, թեպետև չի գործում ոչ մի ըմբոստություն»: Այդ նույն տրամաբանությամբ Արթուրը հեռացավ, բայց նրա արժեքային հեղափոխությունը երբեք չի հեռանա, որքան էլ դրա դեմ պայքարեն ու աղաղակեն, գաղափարներն ու սկզբունքներն այդ հանրության մեջ կապրեն հարատև:

Ննջես խաղաղությամբ, սիրելի մեր ընկեր, ինչ-որ մի օր մենք հաղթելու ենք մարդատյացներին և՝ հանուն մարդասիրության:

կարպիս փաշոյան

Մեկնաբանություն
X