Երգիչ Արա Այվազյանը երկու նոր տեսահոլովակ է ներկայացրել

>

Մոսկվաբնակ ժողովրդական երգիչ Արա Այվազյանը հանրության դատին է հանձնել միանգամից երկու տեսահոլովակ: Վերջերս հայ երգչի յութուբյան ալիքում է հրապարակվել նրա «Յար ջան» վերնագրով զուգերգը՝ իր ուսանողուհի Արմին Խաչատրյանի հետ: Իսկ մարտի 15-ին Այվազյանը ներկայացրել է բոլորովին նոր կատարում՝ «Մշո աղջիկը»: Ստեղծագործությունը կատարվել է Armenian Electro Music Festival-ի շրջանակում, և հոլովակում ներկայացված է հենց երգչի փառատոնային ելույթի տեսագրությունը:

Արա Այվազյանը սովորել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում, ինչպես նաև Ջիվանու անվան աշուղական դպրոցում, այնուհետև Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ ժողովրդական երգեցողության բաժնում։ 2009-2011 թթ. հանդես է եկել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Սասուն» ազգային երգի-պարի համույթում, որի կազմում մասնակցել է բազմաթիվ համերգների։ 2013 թվականին մենահամերգ է ունեցել «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Արա Այվազյանը ոչ միայն երգում է, այլև ստեղծագործում. նրա երգացանկում կան ստեղծագործություններ, որոնց հեղինակը հենց արտիստն է։ Համերգային շրջագայություններով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում, թողարկել է երկու ձայնասկավառակ, նկարահանել է տեսահոլովակներ։

Տեղեկացնենք, որ այս պահին արտիստը Ռուսաստանի Դաշնության Լյոբնա և Բալաշիխա («Նոյ» կրթահամալիրին կից) քաղաքներում հիմնարդրել է ազգային երգի «Արար» ստուդիան, որի նպատակն է պահպանել հայ մշակույթն՝ այն փոխանցելով նաև հետագա սերունդներին:

Առաջիկայում Արա Այվազյանը հյուրախաղերով հանդես կգա Եվրոպայում: Մասնավորապես մայիսին նախատեսված են ելույթներ Հոլանդիայում և Բելգիայում՝ Մուրադ և Կարեն Մշեցիների հետ: Այս պահին մոսկվաբնակ արտիստը Հայաստանում է: Մարտի 18-ին նա «Արամ Խաչատրյան» համերգասրահում մասնակցելու է ժողովրդական երգիչ Մուրադ Մշեցու հեղինակային երգի երեկոյին:

Մեկնաբանություն
X