Էթիկայի եւ ընկերության նորմերը պահելով՝ մենք փոխադարձ պայմանավորվածություն ունեինք

Սունդուկյան եւ նույն տարածքում գործող «Գոյ» թատրոնների միջեւ տարաձայնություններ են առաջացել, բայց պատճառը ոչ թե տարածքի հարցն է, այլ այդ տարածքի համար վճարվող կոմունալ ծախսերի։ Այդ առիթով նախօրեին Սունդուկյան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը նամակ է գրել «Գոյ»-ի տնօրեն Սարգիս Չոլոյանին եւ տեղեկացրել, որ ապրիլի 1-ից չեն պատրաստվում վճարել նրանց կոմունալ ծախսերը։

«Նամակի մեջ տարածքի հարց չի բարձրացվել, այդ նամակի մեջ միայն նշվել է՝ քանի որ «Գոյ» թատրոնի էլեկտրաէներգիան, կոմունալ ծախսերը վճարվում են Սունդուկյան թատրոնի հաշվին, ես նրանց առաջարկել եմ, որ իրենք դառնան առանձին բաժանորդ եւ ստեղծեն իրենց հաշիվը՝ առանձնանան։ Այսինքն՝ լինի ոչ թե Սունդուկյան թատրոնի միջոցների հաշվին, այլ՝ իրենց։ Առաջարկել եմ ստեղծել մասնագետներից կազմված խումբ, ովքեր կքննարկեն եւ բանակցությունների միջոցով կլուծեն այդ հարցը, իսկ իրենք դրել՝ հրապարակել են։ Ես, ի տարբերություն նրանց, նամակ չեմ հրապարակել, այլ ուղարկել եմ իրենց, որպեսզի ամեն ինչ լինի սոլիդ։ Ընդ որում՝ նրանց ուղարկելուց առաջ բանավոր ձեւով համաձայնեցրել եմ ե՛ւ իրենց տնօրենի հետ, ե՛ւ մշակույթի նախարարության։ Այդ բանավոր զգուշացումներն առաջին անգամ արել եմ 6-7 ամիս առաջ, ապա դարձյալ մի քանի ամիս հետո եւ վերջին անգամ արել եմ մեկ ամիս առաջ։ Այսինքն՝ մի քանի անգամ բանավոր կերպով զգուշացրել եմ եւ բոլոր կողմերի հետ համաձայնեցնելուց հետո միայն հանձնարարել եմ իրավաբաններին զբաղվել այդ հարցով, ովքեր էլ գործին տվել են բնականոն ընթացք»,- ասում է Մկրտչյանն ու շեշտում, որ պահել է մարդկային, բարոյական, մասնագիտական բոլոր նորմերն ու կանոնները։ «Դուք ինձ, օրինակ, կարո՞ղ եք ասել՝ ինչո՞ւ Սունդուկյան թատրոնը պետք է վճարի ուրիշ թատրոնի ծախսած հոսանքի համար»,- հավելում է Սունդուկյանի տնօրենը։ Այդ դեպքում ի՞նչ հիմունքներով, ի՞նչ պայմանավորվածությունների հիման վրա է այսքան ժամանակ վճարել։ «Բոլոր դեպքերում, եթե տարիներ շարունակ վճարել է Սունդուկյան թատրոնը, ապա դա պետք է միմիայն շնորհակալության արժանի լինի, ոչ թե հրապարակումներ անելու եւ քոմենթներ գրելու»։

Վարդան Մկրտչյանի նամակը «Գոյ» թատրոնը հանրայնացրել է հենց թատրոնի ֆեյսբուքյան էջում՝ այսպիսի գրառմամբ․ «Ներիր նրանց, տեր, քանզի չգիտեն, թե ինչ են անում»։ «Գոյ» թատրոնի տնօրեն Սարգիս Չոլոյանից հետաքրքրվեցինք, թե ինչ պայմանավորվածություն են ունեցել Սունդուկյան թատրոնի հետ։ «Էթիկայի եւ ընկերության նորմերը պահելով՝ փոխադարձ պայմանավորվածություն ունեինք եւ մենք չենք որոշում, որոշողը նախարարությունն է, եւ դա ի սկզբանե որոշված էր այդպես։ Երեւի նա չգիտեր դրա մասին։ Ինչեւէ՝ անցանք, մենք այլեւս բան չունենք իրար հետ խոսելու»։

«Գոյ» թատրոնի տնօրենի պնդմամբ՝ 2010-ից այդ պայմանագիրը գործում էր թատրոնների միջեւ, որը նախկին նախարարի որոշմամբ կնքվել էր «Գոյ» եւ Սունդուկյան թատրոնների նախկին տնօրենների միջեւ․ «Դա որոշված էր, քանի որ մենք մի շենքում ենք ապրում, գումարը տրվում էր իրենց թատրոնին՝ մեր վճարները տալու համար, հիմա եթե չի ուզում, մենք կդառնանք առանձին բաժանորդ, գումարը կտան մեզ՝ մենք կվճարենք։ Ամեն ինչ նորմալ է, ես էլ էի ուզում առանձին բաժանորդ դառնալ, ուղղակի Վարդանը մի քիչ շտապեց»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X