Այնպես էլ չէ, որ ՀՀԿ-ն ում ուզենա` վարչապետ կնշանակի

ՀՀԿ խոսնակ եւ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի Lragir.am-ին տված հարցազրույցը ոչ այն է` ուրախացրեց ինձ, ոչ այն է` հանգստացրեց, ոչ այն է` տագնապեցրեց: Միակ զգացումը, որ ունեցա, այն էր, որ շատ կարեւոր հարցի շուրջ լրագրողը զրուցել է թեեւ կարեւոր, բայց ոչ կոմպետենտ մարդու հետ: Ես ոչ մի կերպ չկարողացա ինքզինքս համոզել, որ, օրինակ, «մենք ում ուզենք, նրան էլ վարչապետ կնշանակենք» արտահայտությունը, որն արել է Շարմազանովը, հնարավոր է համարել քաղաքական հայտարարություն: Ես դեռ չեմ խոսում քաղաքական այն մոմենտի նրբության մասին, որի տիրույթում են թե՛ վարչապետի ՀՀԿ թեկնածուն, թե՛ ՀՀԿ-ն եւ թե՛ Շարմազանովն ինքը:

Ես մտքով Շարմազանովին մի այսպիսի հարց ուղղեցի` օրինակ, էլ ո՞ւմ կարող եք առաջադրել վարչապետի պաշտոնում: Իրո՞ք կարող եք ուրիշի առաջադրել: Ես արդեն չեմ հավատում, պարոն Շարմազանով:

Իսկապես, ինչո՞ւ պետք է ՀՀԿ-ն ուրիշի` Պողոսին, Պետրոսին կամ Մարտիրոսին առաջադրի, ինչպես Շարմազանովն է ասում, եթե կարող է Սերժ Սարգսյանին առաջադրել: Շարմազանովն ասում է` պետք է նայենք, թե ով է ավելի լավ պետության համար: Եվ պատկերացրեք, որ նույնիսկ այս տեսանկյունից ՀՀԿ-ում մեկ թեկնածու կա, եւ այդ թեկնածուն, հաստատ, Պողոսը, Պետրոսը կամ Մարտիրոսը չէ:

Շարմազանովը միակ ՀՀԿ-ականը չէ, որ այս էլ որերորդ անգամ ուզում է մեզ հուշել, որ վարչապետը լինելու է Սերժ Սարգսյանը, սակայն չի կարողանում: Ստացվում է, որ ՀՀԿ-ն դժվարություններ ունի Սերժ Սարգսյանի անունը տալու հետ կապված: Սա անհասկանալի է, մանավանդ, երբ ողջ երկիրն է խոսում Սերժ Սարգսյանի մասին` որպես միակ թեկնածուի: ՀՀԿ-ականները հսկա ուղտը նստել` կուզեկուզ են ման գալիս: Ո՞րն է իմաստը:

Այն ժամանակ, երբ դեռ թարմ էր Սերժ Սարգսյանի խոստումների տպավորությունը` այս չեմ ուզում դառնալ, այն չեմ ուզում դառնալ, նույնիսկ վարչապետ չեմ ուզում դառնալ, ՀՀԿ-ականների պահվածքը դեռ հասկանալի էր, բայց այսօր, երբ, ինչպես ասում են, ջուրը ջաղացը քշել է, ամեն ինչ միանգամից դառնում է անհասկանալի: ՀՀԿ-ի գաղտնապահությունն ուղղակի սպանում է: Այ մարդ, ասեք` պրծեք, էլ ի՞նչ եք ծամում:

Օ՛, իրենց թեկնածուին դեռ մեկ ամիս էլ կփայփայեն, որ նա, հանկարծ, չհայտնվի քննադատությունների թիրախում: Կարելի է մտածել, որ Սերժ Սարգսյանին հնարավոր է ավելի շատ ու խիստ քննադատել, քան արել են մինչ օրս: Այդ ի՞նչ չի տեսել Սերժ Սարգսյանն իր կյանքում, որ հիմա չպետք է տեսնի: Եթե հավերժ իշխելու մեղադրանքներից են փորձում նրան զերծ պահել, ապա շատ իզուր, որովհետեւ Սերժ Սարգսյանի շուրջն ավելի խայտառակ բաներ են կատարվում: Չինաստանը հավերժացրեց Սի Ծինպինին, Գերմանիան 4-րդ անգամ վարչապետ ընտրեց Անգելա Մերկելին, ցեցն ընկել է Դոնալդ Թրամփի մեջ, ասել է` «հավերժ նախագահ, դա հրաշալի է», Ալիեւի, Նազարբաեւի, Լուկաշենկոյի, Պուտինի մասին էլ չեմ խոսում: Արժե՞ նորից կրկնել, որ Հայաստանի կառավարության ղեկավարի պաշտոնում ԵՄ-ն միայն Սերժ Սարգսյանին է տեսնում: Հնարավոր է չհավատաք, բայց նույնիսկ Ալիեւն է միայն Սերժ Սարգսյանին ուզում, եւ պատահական չէ, որ իր ընտրության օրը մոտեցրեց ՀՀԿ ԳՄ «ճակատագրական» նիստի օրվան, որտեղ պետք է հայտարարվի Հայաստանի ապագա վարչապետի անունը:

Միակ մարտահրավերը, փաստորեն, մնացել է մեր ընդդիմությունը, որ դեռ կարող է իր ոչ ադեկվատ քայլերով, այսպես ասենք, խանգարել Սերժ Սարգսյանին` դառնալ վարչապետ: Ինչո՞ւ ոչ ադեկվատ, որովհետեւ, երբ ջուրը ջաղացը տանում էր, դա 2017թ. ապրիլի 2-ն էր, մեր ընդդիմադիրների մեծ մասը, ՀԱԿ-ից սկսած եւ ՕՐՕ-ով վերջացրած, ամեն ինչ արեցին, որ ԱԺ ընտրություններում շատ չխանգարեն ՀՀԿ-ին, այդ թվում եւ Սերժ Սարգսյանին: Նրանց քարոզարշավներն այնքան տխուր էին ու անգույն, որ համարձակ կարելի էր պնդել, որ ամենավառ բանը, թերեւս, նրանց ուսերին գցված «շարֆերն» էին:

«Ելքի» այսօրվա դեգերումները Սերժ Սարգսյանին խանգարելու ուղղությամբ ծիծաղաշարժ մուլտիկներ են հիշեցնում, որովհետեւ «Ելքն» ինքը խնդիր ունի ընդդիմություն նկատվելու: Կուզենայի ինձ ճիշտ հասկանայիք: Ես չեմ ասում, որ «Ելքն» ընդդիմություն չէ, պարզապես դա այն ընդդիմությունն է, որ իր ճիշտ տեղը կընկնի միայն հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, բայց ոչ հիմա, երբ ՀՀԿ-ն բոլոր օրենքներով իրավունք ունի լուծել պարզագույն մի հարց` նշանակել վարչապետ:

Ավարտելով` նշեմ, որ ՀՀԿ-ն վարչապետի հարցում դեռեւս կարող է մեզ զարմացնել, թեեւ ՀՀԿ-ից նման բան սպասելը նույնն է, թե մեկ ամսում տիեզերանավ հորինելը: Հույսն ավելի շատ հենց Սերժ Սարգսյանի վրա է: Չենք կարող բացառել, որ նա իր մտքում ունի մի տարբերակ եւս, որը մինչ օրս ոչ մեկի մտքով չի անցել: Այ, դա կլինի իսկական ֆուրոր, դա կլինի Սերժի ձեռագիր, դա կլրացնի կտրուկ որոշումներով քաղաքական իրավիճակին համընթաց գնալու քայլերի շարքը, որոնք մի ժամանակ սկսվեցին ընդդիմությանը երկխոսեցնելով ու Մեդվեդեւի հեռախոսից Գյուլին զանգելով եւ շարունակվեցին մինչեւ ԵԱՏՄ-ին անդամակցումն ու ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Ո՞վ գիտի, թե ինչ կանի Սերժ Սարգսյանը, եթե, ինչպես ինքն է ասել, նախագահ չի դառնալու, ԱԺ նախագահ չի դառնալու, վարչապետ չի դառնալու, իսկ կուսակցության ղեկավարի աթոռից երկիր կառավարելն էլ սիրուն չէ:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X