Ամերիկյան համերաշխությունն ու հայկական երկփեղկվածությունը

Լուսանկարն արվել է 2017 թ․ հոկտեմբերին։ ԱՄՆ-ի նախկին նախագահներ Ջիմի Քարտերը, Ջորջ Բուշ ավագը, Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ կրտսերը և Բարակ Օբաման միասին մասնակցում էին բարեգործական համերգի, որը տեղի էր ունենում Քոլեջ Սթեյշն քաղաքում գտնվող Տեխասի A&M համալսարանում։ Իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հանդես եկավ հատուկ տեսաուղերձով։ Նշենք նաև, որ հինգ նախկին նախագահները «Harvey», «Irma» և «Maria» փոթորիկներից տուժածներին աջակցելու նպատակով հիմնել են «One America Appeal» հիմնադրամը։

Իհարկե որևէ կերպ չեմ փորձում դրամատիկացնել այս ակցիան, վստահաբար նախագահներից յուրաքանչյուրն ունեցել է իր թերություններն ու բացթողումները, նրանցից ոմանք չափազանց անհաջող քաղաքականություն են իրականացրել՝ մեծագույն հարված հասցնելով աշխարհին և հենց ԱՄՆ-ին։ Բայց անկախ ամեն ինչից, չենք կարող չնշել, որ չափազանց արատասովոր և խորհրդանշական զգացողություններ են առաջանում, երբ հինգ նախագահներ միևնույն ժամին հայտնվում են միևնույն տեղում և փորձում համատեղ ինչ-որ աշախատանք իրականացնել։ Եթե մի պահ վերանանք անձերից, ապա կտեսնենք, որ գործ ունենք մի մեծ ավանդույթի հետ, որը սաղմնավորել և ձևավորել են ԱՄՆ-ի հիմնադիր հայրերը՝ Թ. ՋԵֆֆերսոնը, Ջ. Ադամսը և Ջ. Վաշինգտոնը։ Սա վկայությունն է այն իրողության, որ անկախ ամեն ինչից ամերիկյան հասարակության մեջ համերաշխության ինչ-որ տիրույթ կա, որի շուրջ տարբերները կարողանում են հանդիպել ու մեկտեղվել, թեկուզև մի քանի ժամով, բայց այնուամենայնիվ կարողանում են։ Ինքնաբավ միավորներից կազմված հանրույթը չի կարող հավերժ համերաշխության տիրույթում լինել, դա արհեստական է և բնորոշ ամբողջատիրական հասարակություններին։

Հենց այս կարճատև ակցիաներն են ուրվագծում և մեկ տիրույթում համախմբում հանրություն կոչվող խճանկարը։ Կա՞ արդյոք այսպիսի համերաշխություն հայկական միջավայրում։ Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ցանկություն է հայտնել, որ իր երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավերներ ուղարկվեն նաև նախկին նախագահներին՝ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Արդեն հայտնի է, որ երկրորդ նախագահը չի կարող մասնակցել երդմնակալությանը, իբրև թե՝ Հանրապետությունում չգտնվելու պատրվակով։ Առաջին նախագահը նույնպես, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի այդ ծիսակարգին, քանի որ շաբաթներ առաջ ՀԱԿ-ի ներկայացուցիչների և այն ժամանակ դեռ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումից հետո Կոնգրեսը չափազանց խիստ ու քննադատական հաղորդագրություն էր տարածել։

Բուն խնդիրը երդմնակալությանը մասնակցելը չէ, այլ այն, որ այս փոքրիկ էպիզոդի միջոցով պատկերացում ենք կազմում, թե ինչքան խորն է երկփեղկվածությունը Հայաստանում և առհասարակ՝ հայկական միջավայրում։ Եվ խոսքը ազգային միասնություն հորջորջվող կեղծ եզրույթի մասին չէ, քանի որ հանրությունը «եսասեր» տարբերների ամբողջություն է, իսկ տարբերները երբեք չեն կարող նույնականանալ։ Խոսքն ավելի շուտ հանրային համերաշխության մասին է, երբ տարբերները ինչ-որ տիրույթում կարողանում են հանդիպել ու մեկտեղվել։ Հենց այդ հանդիպման պայմանական տիրույթն է սոցիումի գոյության առաջնային հիմքը, որի ավանդույթը ցավոք սրտի Հայաստանում դեռևս չի ձևավորվել։ Եվ չի էլ ձևավորվի, քանի դեռ Հայաստանը շարունակում է գոյատևել այս անդեմ իրականության կամ էլ չգոյության պայմաններում։ Հանրությունը շարունակելու է երկփեղկված մնալ, քանի դեռ ընտրությունները կեղծվում են, իսկ քաղաքական կեղծ միֆերը աղտոտում գաղափարական միջավայրը։

Ահա սա է պատճառը, թե ինչու Հայաստանի նախագահները չեն կարող գոնե մեկ ժամով հանդիպել ու պարզապես զրուցել՝ քաղաքական տարաձայնություններից ու մրցավազքերից անդին։

Արդարության դեմ չմեղանչելու համար չենք կարող չնշել, որ ասվածի համատեքստում երկու անգամ բացառություն է արել միայն Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ցեղասպանության 100-ամյակի և Ապրիլյան պատերազմի առիթներով, ինչը չափազանց դրական նշանակություն ունեցավ հանրային համերաշխության տեսանկյունից։ Բայց այս երկու նախադեպերը դեռևս հեռու են ավանդույթ դառնալու հեռանկարից, քանի որ ավանդույթը պետք է ուժ ունենա, իսկ հայկական իրականությունում դեռևս շարունակում են տիրապետող մնալ հերքման և մերժման մոտեցումները, իսկ հաշտեցումը դիտարկվում է որպես անիրական պատրանք։ Իհարկե իրավիճակի առաջնային մեղավորները իշխանություններն են, որոնք ներդաշնակ սոցիում ձևավորելու փոխարեն, շարունակաբար զբաղվում են պալատական դավադրություններով և նեղ անձնական գործարքներով։

Մեկնաբանություն
X