Թուրքիային պետք է պատասխանատվության կանչել

Բաքվում անցկացվող ինչ-որ միջազգային կոչված ֆորումին մասնակցել է նաեւ Թուրքիայի վարչապետը: Նա ոչ միայն իր ներկայությամբ պատվել է կրտսեր եղբոր կազմակերպած միջոցառումը, այլեւ ասել ավագ եղբոր իր ծանրակշիռ խոսքը: Եւ, բնականաբար, անդրադարձել է նաեւ Թուրքիայի համար արյունածոր վերք դարձած՝ Լեռնային Ղարաբաղի խնդրին: Պաշտոնական Անկարայի դիրքորոշումն արդեն քառորդ դարից ավելի է՝ նույնն է, բազմիցս արտահայտվել է: Բայց Յըլդըրըմի խոսքում այս անգամ հայտնվել է մի շատ խարդախամիտ ձեւակերպում. «Եթե Լեռնային Ղարաբաղում գտնվող ահաբեկիչները Ադրբեջանին կամ Թուրքիային վտանգ սպառնան, մենք կարող ենք կիրառել պատասխան միջոցներ»:

Հավելյալ պարզաբանումների հարկ չկա: Պարզապես հարկ է պետական մակարդակով պատասխանատվության կանչել Թուրքիային այն բանի համար, որ նա Արցախը եւ նրա ժողովրդին անվանում է «ահաբեկիչ» եւ խարդախում, թե մենք կարող ենք վտանգ ներկայացնել ոչ միայն Ադրբեջանի, այլեւ անգամ Թուրքիայի համար, վերջում էլ սպառնում «պատասխան միջոցներով»: Այսինքն ի՞նչ, Թուրքիան զինված ուժեր է մտցնելու Ադրբեջան եւ միասնաբար հարձակվելու են Լեռնային Ղարաբաղի դե՞մ: Այսպե՞ս պիտի հասկանալ Յըլդւրըմին: Ցավոք, այլ տարբերակ չկա: Հարյուր տարի առաջ Օսմանյան բանակն էր Լեռնային Ղարաբաղին ստիպում ընդունել Ադրբեջանի գերիշխանությունը: Այսօր նույն սպառնալիքը հնչեցնում է հանրապետական Թուրքիայի վարչապետը: Դա բավական չէ՞, որպեսզի հայկական կողմը պաշտոնապես դիմի ԵԱՀԿ-ին, որպեսզի չեղարկվի Մինսկի խմբի անդամության Թուրքիայի մանդատը:

Չկարգավորված հակամարտության կողմերից մեկի նկատմամբ ռազմական ուժ կիրառելու մասին Թուրքիայի վարչապետի հայտարարությունը բավական է, որպեսզի այդ երկիրը զրկվի ԵԱՀԿ ՄԽ անդամությունից, իսկ համանախագահները բացառեն ԼՂ հարցով որեւէ խորհրդակցությունը Անկարայի հետ: Թուրքիան Ադրբեջանի հետ ԼՂ հակամարտության մի կողմ է, հետեւաբար չի կարող նաեւ Մինսկի խմբի անդամ լինել:

Մեկնաբանություն
X