Հեռու մնանք փայլուն ու նախշուն մշակութային գործերից

Ինչո՞վ է շնչում հայկական ազգային կինոն, ի՞նչ դժվարություններ ու խնդիրներ կան այսօրվա մեր կինոյի և հանդիսատեսի միջև, հարցերին պատասխանում է Հայաստանի և Ռուսաստանի կինոմիությունների անդամ Ռոբերտ Մաթոսյանը։

-Տարողունակ հարց է և ամբողջական պատասխան պետք չէ ակնկալել։ Թե ինչով է շնչում մեր կինոն դրա պատասխանը կարող եք գտնել մեր ունեցած այն մեկ- երկու կինոթատրոնններից դուրս եկող հանդիսատեսից, կամ ֆիլմի հեղինակներից։ Ոմանք կարող են հիացած լինել նորաստեղծ հայկական ֆիլմերով (այդ են վկայում հեռուստաէկրաններից տրված նրանց հարցազրույցները), իսկ ոմանք էլ ձեռքերը թափ տալով կասեն ա՛ Հայկական կինո է: Կարճ ասաց չկա այն միջինը որով փոքրիշատե հայկական կինոն ունեցել է տարիներ շարունակ։ Ինձ թվում է, որ ստեղծագործական առումով հայ կինոն ճանապարհից շեղվել է և քանի գնում այդ ամենը նկատելի է դառնում։ Սա, անշուշտ, վերլուծության, մեկանաբանության լուրջ ուսումնասիրության կարիք ունի։ Հայկինոյի այս վերջի մեկ-երկու տասնամյակը ես կանվանեի խմորումների շրջան, որից հետո հայկական կինոն կարծում եմ զարթոնք կապրի։

Մի առիթով ասել եմ, որ կինոն հարուստ երկրի գործ է։ Ցավոք մեր կինոյում գրեթե ներդնողներ չկան, սա լավ օրից չէ, իսկ լավ ֆիլմը խաղարկային կամ ոչ խաղարկային միանգամից ճանաչելի է դարձնում թե՛ ժողովրդին, թե՛ երկրին։ Անգամ ամենաընթերցվող գիրքը՝ հիշենք Հարրի Փոթերի օրինակը միայն կինոյի շնորհիվ է, որ ճանաչելի ու մասսայական է դառնում: Եզրահանգում՝ լավ ֆիլմը ստեղծվում է կա՛մ հետաքրքիր սցենարի, կա՛մ գրական արժեքվոր հենքի, կա՛մ բանիմաց ռեժիսորի, և վերջապես բարձրարժեք դերասանական խաղի, օպերատորական աշխատանքի ու երաժշտության հիման վրա։Կինոարվեստում շատ կարևոր է կինո-հանդիսատես կապի խնդիրը։ Ի վերջո կինոն՝ պատմության, ժամանակակից կյանքի, երևույթների ու մարդու հոգևոր աշխարհի անրադարձն է։ Իսկ հանդիսատես ասածը այդ մեկուկես, երկու ժամ տևող գործողությունների ականատեսն ու մասնակիցն է։Իմ պատկերացմամբ հանդիսատեսը պետք է այդ գործողությունների պատկերաշարքում կատարվող իրադարձությունների ակտիվ մասնակիցը լինի, ավելին նա նաև այդ գործողությունների յուրօրինակ, հավասար ստեղծագործողը համարվի։

Ինչպես կասեր հանրահայտ ռեժիսոր Անրի Վերնոյը (Աշոտ Մալաքյան)՝ հանդիսատեսին պետք է զգուշորեն ձեռքից բռնել ու վեր բարձացնել։ Ցավոք մեզանում ճիշտ հակառակն է՝ արվեստի գրեթե բոլոր ճյուղերում իջնում ենք ամենացածր ընկալումներով հանդիսատեսի մակարդակին։Այստեղից էլ ունեում ենք այն ամենը, ինչ այսօր ունենք․․․ Շատ կարևոր եմ համարում պրոֆեսիոնալ հանդիսատեսի ձևավորման խնդիրը։ Դրա լավագույն օրինակը վերջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում կազմակերպվող հետաքրքիր ու ինքնատիպ ֆիլմերի ցուցադրությունն է, որոնք ուղեկցվում են կինոգետների ու քննադատների մեկնությամբ ու կինոդիտողի մասնակցությամբ։ Եվ հաճելին այն է, որ սա ոչ թե ժամանակավոր է, այլ շարունակական բնույթ է կրելու։ Ահա այն կարճ ու շիտակ ճանապարհներից մեկը, որը կոչվում է ստեղծագործական կապ հանսդիսատեսի ու կինոյի միջև։ Այս ամենն ավելի մասսայական կդառնա, երբ շատ շուտով 30-ամյա ընդմիջումից հետո կվերաբացվի կինոյի տան դռները՝ վերանորոգված մոտ 600 տեղանոց կինոյի տան մեծ դահլիճով։ Համոզված եմ, որ այս պարագայում կվերականգնվի նաև մեր կինոյի լավագույն ավանդույթներն ու կինո-հանդիսատես ինտելեկտուալ կապը․․․

- Դուք ասացիք, որ մեր կինոն շեղվել է իր ճանապարհից, ինչո՞վ եք դա բացատրում։

-Նախ մենք հասարակական մի կացութաձևից անցանք մեկ այլ համակարգի։ Երբ ամեն ինչ փոխվում էր կինոն չէր կարող չփոխվեր։ Տարօրինակ մի փաստ՝ անկախության առաջին տարիներին մեր կինոն լուրջ կորուստներ ունեցավ մեկը մյուսի ետևից կյանքից հեռացան ռեժիսորներ Հենրիկ Մալյանը, Ֆրունզե Դովլաթյանը, Գրիգորի Մելիք- Ավագյանը, Բագրատ Հովհաննիսյանը, Դմիտրի Կեսայանցը, որոնց հետ անկախության սերունդը չհաղորդակցվեց։Այսինքն բնականոն սերնդափոխություն տեղի չունեցավ։Այսօրվա խաղարկային կինոն կարելի է համարել առկայծումների և որոնումների կինո։ Մեկ-երկու հետաքրքիր ֆիլմեր կան, սակայն դրանք ազգային կինոյի եղանակ չեն ստեղծում։ Այս տարիների ընթացքում մենք չստեղծեցինք այնպիսի մի հզոր մշակույթ, որը տեր կդառնար ազգայինի ժառանգականությանը։Ազգային մշակույթի ճանապարհը իրեն կվերագտնի այն ժամանակ, երբ մենք հրաժարվենք թամաշայնությունից, փայլուն ու նախշուն մշակութային գործերից։ Ցավոք միջակությունը խեղդում է ամենուր։ Կրկնում եմ՝ չնայած կան հետաքրքիր գործեր, սակայն դրանք կորչում են համընդհանուր միջակությունում:

-Իսկ ի՞նչ կասեիք վավերագրական կինոյի մասին։

Ոչ խաղարկային կինոյում ավանդույթները պահպանվել են։ Ավելին՝ Արթուր Փելեշյանի, Արա Վահունու, Ռուբեն Գևորգյանցի, Հարություն Խաչատրյանի նկարահանած ֆիլմերը օրինակ կարող են ծառայել երիտասարդ ռեժիսորների համար։Նախկին սովորական՝ «Խրոնիկալ կինո», «Փաստա-վավերագրական կինո» ավանդական ժանրը նրանք վերափոխեցին, դարձրին արվեստի գործեր: Այժմ էլ գալիս է մի նոր սերունդ թե՛ մեզանում, և թե՛ արտերկրում ովքեր կարող են դառնալ մեր ազգային կինոյի վաղվա օրը։

Զրուցեց Մարիամ Մարկոսյանը

Մեկնաբանություն
X