Ֆիլմարտադրությանն ուղղվելու է 274 մլն-ն, իսկ մնացած գումարը որտե՞ղ է ծախսվելու

Օրերս մշակույթի նախարարությունն ու Ազգային կինոկենտրոնը ներկայացրին կինոդաշտը կանոնակարգող քայլեր, կառուցվածքային մի շարք փոփոխություններ։

«Ման Փիքչերս ստուդիոյի» հիմնադիր տնօրեն, պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանի կարծիքով, բարեփոխումների փաթեթը, որ նախարարությունն ու Կինոկենտրոնը ներկայացրել են լրագրողներին, նախ պետք է ներկայացնեին մասնագետներին։

Այն, որ Ազգային կինոկենտրոնն այլեւս չի զբաղվելու կինոարտադրությամբ, եւ դրանով կզբաղվեն կինոարտադրող ընկերությունները, Սարիբեկյանը միանշանակ լավ է գնահատում․ «Ինքս մի տասը տարի է՝ արդեն բարձրաձայնում եմ, որ այստեղ կազուս է, եւ չի կարող այդպես լինել, որ մի կառույցին տաս հա՛մ արտադրելու իրավունք, հա՛մ աջակցելու լիազորություններ։ Իսկ այն, որ օրինակ են բերում, թե Ամերիկան ֆիլմարտադրությանը պետական բյուջեից միջոցներ չի հատկացնում, պետք է հաշվի առնել, որ Ամերիկան ընդհանրապես համեմատությունից դուրս է նույնիսկ Եվրոպայի նման երկրների համար, դա կինոինդուստրիա է եւ չի կարելի համեմատել մեզ նրա հետ, ինչո՞ւ օրինակ չեն բերում Նորվեգիան, Շվեդիան, Անգլիան, Ֆրանսիան»։

Այդ բարեփոխումների արդյունքում կառուցվածքային փոփոխություններ են լինելու Ազգային կինոկենտրոնում, ըստ այդմ՝ Ազգային կինոկենտրոնն ունենալու է տնօրեն, երկու տեղակալ ու ֆիլմ հանձնակատար, որոնց միջեւ էլ բաժանվում են բոլոր գործառույթները՝ ֆինանսականից մինչեւ կինոարտադրանքի իրացման հարցեր, ինչը, սակայն, այլ հարց է առաջ քաշում․ «Վերջը ո՞վ է այնտեղ ամենաառաջին դեմքը լինելու, ո՞վ պետք է կրի այդ ամբողջ կառույցի պատասխանատվությունը։ Ես նույնիսկ հիմա մտավախություն ունեմ հանձնախմբի անդամների հետ կապված, իրենք դիմելու են գիլդիաներին, որ ներկայացնեն իրենց թեկնածուներին։ Եթե վաղը, մյուս օրը հանկարծ մի բան այնպես չեղավ, ասելու են՝ մենք ի՞նչ անենք, գիլդիաներն են ներկայացրել, բայց չէ՞ որ որոշողը դու ես։ Մի քանի տարի առաջ, երբ SNC-ի տնօրենն այստեղ էր, ասաց, որ իմ գերագույն խնդիրն է՝ կարողանալ ամեն անգամ հավաքագրել անկաշառ, օբյեկտիվ փորձագետների, այնպիսի փորձագետների, որոնց համար թանկ է իր հեղինակությունը։ Հիմա ո՞վ է վերջնական տնօրենը՝ ֆիլմ հանձնակատարը հավասա՞ր է Կինոկենտրոնի տնօրենին, մի կառույցի մեջ երկու ղեկավա՞ր են սարքում։ Այդ երկուսը հավասարազոր կոմպանյոննե՞ր են, ո՞ւմ խոսքն է առաջինը, ո՞ւմ խոսքը՝ երկրորդը»։

Այն, որ ամեն բաժին պատասխանատու է լինելու իր աշխատանքի համար, ըստ նրա, դարձյալ լղոզված է։ «Հասկացանք, աշխատանքների բաժանում են արել, բայց կոնկրետ ո՞վ է այն մարդը, որ Կինոկենտրոնում պատասխանատու է լինելու ընդհանուր աշխատանքի համար»,- ասում է Սարիբեկյանն ու ընդգծում, որ Կինոկենտրոնը պետք է ունենա այնպիսի կանոնակարգ, որը թույլ կտա իրեն հնարավորինս անկախ լինել իր գործառույթներով․ «Մշակույթի նախարարության կառույցում ինքը ֆորմալ կերպով պետք է ներգրավված լինի, այսինքն՝ նախարարը եւ մյուսները միայն վավերացնողներ պետք է լինեն, բայց վերջն էլի բերում են նախարարի մոտ հաստատման»։

Մանվել Սարիբեկյանը չի հասկանում, թե ինչ նկատի ունեն, երբ ասում են՝ բաց ենք աշխատելու․ «Այդ բացը ես դեռեւս չեմ հասկանում, որովհետեւ արդեն իսկ կան նախադեպեր, անցած տարի, օրինակ, ֆիլմ է եղել, որ հայտ է ներկայացրել՝ առանց սցենարի, բայց որին (Մհեր Մկրտչյանի «Անխելք մարդը») տվել են բավականին մեծ գումար՝ մոտ 100 մլն դրամի չափով։ Գումարը տվել են, հետո նոր են սցենարը բերել, բայց իր մրցութային ճանապարհը, միեւնույն է, այն չի անցել, եւ գեղխորհուրդ ասվածը չի էլ քննարկել դա, որովհետեւ սցենարը չի եղել։ Նման իրավիճակում նորից ոչ մի երաշխիք չկա, որ մոտեցումը դարձյալ սուբյեկտիվ չի լինելու, այսինքն՝ պետք է չճնշեն, ազդեցություն չունենան նախարարի վրա, հեռախոսազանգով չասեն՝ այսինչին տվեք այսքան գումար, ինչպես եղել է Գեւորգ Գեւորգյանի, Հասմիկ Պողոսյանի ժամանակ»։

Եթե գեղարվեստական հանձնախմբի գնահատմանը ներկայացված նախագծերի լսումները բաց լինեն, սուբյեկտիվության գործոնը կքչանա՞։ Սարբեկյանը բերում է Ռուսաստանի օրինակը, որտեղ լրագրողներն էլ կարող են մասնակցել այդ լսումներին, եւ դա առցանց է արվում։ Ինչ վերաբերում է նրան, որ գաղտնիությունն ապահովելու համար հայտերն անանուն են լինելու, պրոդյուսերը թերահավատ է այդ հարցում․ «Հիմա եթե ես գիտեմ, թե հանձնախմբի անդամներն ովքեր են, եւ եթե ես այդ մարդուն իմ թեման ասեմ, իմ թեման արդեն հայտնի է»։

Ըստ կանոնակարգի՝ գեղարվեստական հանձնախմբի մեջ կլինեն երեք առանձին անվանակարգեր՝ գեղարվեստական, վավերագրական եւ անիմացիոն ֆիլմերի։ «Նախ՝ դա ռոտացիոն կարգո՞վ է փոփոխվելու եւ ի՞նչ պարբերականությամբ, պետք է հասկանանք՝ ունե՞նք մասնագետների այդչափ մարդկային ռեզերվ, թե՞ ոչ։ Ինչո՞ւ 5-5-5-ի փոխարեն չվերցնել մի հանձնախումբ, որի մեջ կլինի 7-9 հոգի, որտեղ ընդգրկված կլինեն ե՛ւ անիմատորներ, ե՛ւ վավերագրողներ, ե՛ւ խաղարկայինի մասնագետներ։ Ի՞նչ միտք ունի 3 հանձնաժողով ստեղծել, ինչո՞ւ եք մանրացնում, հանձնաժողովներն իրենք իրենցից պետք է ընտրեն նախագահ, ո՞ւմ է պետք այդ նախագահը։ Ես նաեւ առաջարկում էի, որ այդ փորձագետների աշխատանքը վճարովի լինի, որովհետեւ կամավոր աշխատանքի դեպքում չես կարող նրանից պահանջել, որ ամեն ինչ ժամանակին անի»։

Նախարարի եւ նախարարության բաց աշխատաոճը տեսանելի չէ նաեւ բյուջեի հարցում։ «Բյուջեի հետ կապված՝ բացված չէ, օրինակ՝ 2017-ին հանրապետական բյուջեով կինեմատոգրաֆիայի տողով հատկացում է եղել 653 մլն դրամ, բայց դրանից համարյա կեսն է հասել արտադրությանը՝ 280-290 մլն-ն, մնացած կեսի բացվածքը մենք չենք տեսնում, թե էլ ում են գումարներ տվել, ինչքան գումար են տալիս այդ 2 կառույցների՝ Կինոկենտրոնի եւ «Հայկ» կինոստուդիայի պահպանման համար, որն ընդհանրապես փակ է եւ երբեք իր կայքում չի ունեցել բյուջեի մասին ոչինչ, Կինոկենտրոնն էլ՝ թերի»,- ասում է Սարիբեկյանն ու հավելում, որ 610 մլն էլ այս տարի է նախատեսված կինեմատոգրաֆիային, որից 274 մլն-ն է ուղղվելու ֆիլմարտադրությանը․ «Իսկ մնացած գումարը որտե՞ղ է ծախսվելու։ Ի դեպ, այս տարի մոտ 40 մլն-ի չափով ավելի քիչ է նախատեսված կինեմատոգրաֆիային։ Այս տեսակ աշխատանքով հնարավոր է տանեն հասցնեն նրան, որ վաղը, մյուս օրը կինեմատոգրաֆիային ընդհանրապես գումար չտան։ Կինեմատոգրաֆիային ընդամենը 610 մլն են տալիս, այն դեպքում, երբ օպերային թատրոնին միլիարդ 200 միլիոն են տալիս կամ մշակութային միջոցառումների կազմակերպման համար միլիարդ 300 մլն, իսկ կինոյի 610 մլն-ն մինչեւ գալիս-հասնում է արտադրության, փոշիանում է, 30-40 մլն-ով ի՞նչ ֆիլմ պիտի նկարես, հիմա նորմալ օլիգարխն այդքան գումար տալիս է, որ իր երեխու հարսանիքը նկարեն։ Չկա նաեւ, թե ինչ ուղղությունների ֆիլմեր են լինելու՝ մանկապատանեկան, ռազմահայրենասիրական։ Հիմա ներկայացվել է 42 հայտ, որից 37-ը՝ խաղարկային եւ լիամետրաժ ֆիլմ, իսկ 5-ը՝ դեբյուտային, իսկ ո՞ւր են վավերագրական ֆիլմերի հայտերը, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ դեռ առանձին գործելու է «Հայկ» կինոստուդիան»։

Ինչ վերաբերում է նրան, որ պետական բյուջեի 30 տոկոսը կտրամադրվի դեբյուտային ֆիլմերին, ապա այստեղ նույնպես վիճահարույց պահ կա․ «Այդ գործառույթները նորից Կինոկենտրո՞նն է իրականացնելու, թե՞ ինչ-որ մի կառույցի պետք է տա, ի վերջո, այս 30 տոկոսը քիչ գումար չէ։ Հետո՝ դեբյուտի դեպքում կարող է լինել լիամետրաժ ֆիլմ, որը կարող է, ենթադրենք, 100 մլն է ուզում»։

Մանվել Սարիբեկյանը զարմանում է, թե նման մեծ աշխատակազմ ունենալու դեպքում ինչու գործն առաջ չի գնում․ «Աշխատանքը պարալիզացվել է, ես, որպես պրոդյուսեր, համատեղ արտադրողիս մեկուկես տարի է արդեն՝ փորձում եմ պահել, բայց ժամանակ է գնում, հիմա էլ վստահ եմ՝ մինչեւ ապրիլի վերջը ոչինչ չի լինի, որովհետեւ բոլորը սպասելու են կառավարության նոր կազմի ընտրությանը։ Բացի այդ, այն, ինչ իրենք ներկայացրին, դրա վրա պետք չէր 8-9 ամիս ծախսել։ Մեր պետական կառույցները ոչ մի կերպ ժամանակը չեն արժեւորում, որովհետեւ իրենք իրենց սենյակներում նստած՝ իրենց աշխատավարձը ստանում են, բայց մեր՝ մասնավոր կինոարտադրողներիս համար ժամանակը փող է»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X