Շան գլուխը թաղված է Ռուսաստանում

Ռուսական հետախուզության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի դեմ բրիտանական Սոլսբերիում իրագործված մահափորձից հետո Լոնդոնի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունները լարվել են ծայրաստիճան: Երկուշաբթի Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը վերջնագիր ներկայացրեց Կրեմլին` պահանջելով մեկօրյա ժամկետում բացատրել, թե ինչպես է Ռուսաստանում դեռ խորհրդային ժամանակներից սինթեզվող новичок քիմիական թունանյութը, որն ունի նյարդակաթվածահարող ազդեցություն, տեղափոխվել եւ գործադրվել Մեծ Բրիտանիայի տարածքում:

Մոսկվան բացատրություններ չներկայացրեց, փոխարենը ՌԴ ԱԳ նախարարը հայտարարեց, որ Բրիտանիան պետք է Ռուսաստանին տրամադրի այդ թույնի ցուցանմուշը: Ենթադրելի է՝ Լավրովը դա հայտարարում էր Ռուսաստանի ներքին լսարանի համար, բայց արդյունքը եղավ այն, որ Լոնդոնից պատասխանեցին, թե Մոսկվան թող քիչ գլուխ ցավեցնի․ քիմիական թունանյութերն արտադրվում են կենտրոնական Ռուսաստանում Չապաեւսկի մոտակայքում գտնվող Շիխանի հետազոտական կենտրոնում, որը Մեծ Բրիտանիայի Porton Down-ին համարժեք կառույց է։

Այնպես որ՝ թող Ռուսաստանը ձեւեր չթափի եւ եթե կարծում է, որ իրեն հանիրավի մեղադրում են, թող նախ քիմիական զենքի միջազգային փորձագետներին թույլատրի Շիխանի մուտք գործել: Հասկանալի է, որ Ռուսաստանը հազիվ թե փորձագետների մուտքը թույլատրի, հետեւաբար, Մեծ Բրիտանիան էլ չհապաղեց երեկ Ռուսաստանի դեմ որոշ պատժամիջոցներ հայտարարել, դրանց թվում՝ ռուս դիվանագետների արտաքսումը եւ Ռուսաստանի հետ կապ ունեցող բանկային հաշիվների սառեցումը, եթե կլինեն տվյալներ, որ դրանք կարող են օգտագործվել Մեծ Բրիտանիայի քաղաքացիների եւ ռեզիդենտների կյանքին կամ ունեցվածքին սպառնալիքներ ստեղծելու համար:

Մեկնաբանություն
X