Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է

>

Երևանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ «Նարեկացի» արվեստի միությունում «Երեւան» խորագիրը կրող, Հայաստանի 14-րդ մայրաքաղաքն իր հարուստ պատմությամբ, կոլորիտով, տեսարժան վայրերով, գույներով ու բույրերով, իր հայտնի ու անհայտ բնակիչներով, առօրյա կյանքով արտացոլող ճեպանկարների ցուցասրահում տեղի ունեցավ հանդիպում երկխոսություն քաղաքամայր Երևանին ձոնված իր ինքնատիպ երգերով հանդիսատեսի կողմից սիրված արվեստագետի՝ Ֆորշի (Վահան Գևորգյան) հետ:

Ֆորշը հանդիպման էր եկել ոտքով՝ քայլելով իր սիրած քաղաքի փողոցներով, գուցեև ներշնչվելով նոր երգի ծնունդ տվող մտահղացումներով…

Երևան, Երևան իմ միակ օթևան,

Ես կանցնեմ կգնամ, դու ապրիր հավիտյան…

Երևանին նվիրված նրա երգերն առանձնանում են իրենց անմիջականությամբ, Երևանը ներկայացնելով այնպիսին, ինչպիսին կա՝ առօրյա կյանքով, վարք ու բարքով, իր հերոսներով, ովքեր բոլորով իրենց դերն են խաղում ու հենց այդպես էլ ապրում մեր սիրած քաղաքում:

Սա նկարիչ Արմեն Խոջոյանն է, սա էլ Ռիփսիկն է սուրճ է եփում…

Սա հանրահայտ Լևոն Մալխասյանն է, շատ կարգին մարդ, մեր այս քաղաքում…

Սա «Կազիրոկն» է, սա «Պապլավոկը», սա գռաֆ ռաֆիկը, իր բուտկայում,

Սա Մերուժանն է, Սա էլ Լյովիկը, մենք բոլորով մեր դերն ենք խաղում…

Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած քաղաքում…

Հատկանշական է, որ դեռևս 17-րդ դարում Երևանին ձոնված առաջին երգիծական՝ «Գովասանություն Երևանա քաղաքին» երգում նույնպես զգացվում է ժամանակի շունչը, հեղինակը՝ հայ նկարիչ, բանաստեղծ և երաժիշտ Նաղաշ Հովնաթանը, արտացոլում է քաղաքի և նրա բնակիչների կենցաղավարության թերությունները, երևանյան շուկայի, ապրանքի թանկության, մարդկանց նիստուկացի, ամռան տապի և անառողջ ջրի մասին իրականությունը: Իսկ աշուղ Հրկեզի «Յերևանը» երգում գովերգվում է երևանցիների բարեկեցիկ կյանքը, քաղաքի շենքերը, աղբյուրներն ու վտակները, ամուր կամուրջները, պտղաբեր այգիները և քաղաքի հուսալի ապագան:

Իհարկե շատերից շատ ունես հիմա

Սավառնակ, տրակտոր, ավտո, տրամվա

Քո կաուչուկիցդ ոչ մի տեղ չկա,

Հրաշալի քաղաք, ազատ Յերևան:

Հայկական հին և նոր ժամանակների երգարաններում հանդիպող քաղաքամայր Երևանին ձոնված հարյուրից ավելի երգերի մեջ իրենց ուրույն ոճով առանձնանում են Ֆորշի երևանյան երգերը: Երեւանը ոչ միայն շենք, շինություն, փողոց ու հրապարակ է, այլ հիշողություն, անմոռաց ապրում, տպավորություն, ափսոսանք այն կորուստների համար, որ քաղաքն ունենում է ամեն օր. պատմական շենքեր, վայրեր, որոնք վաղուց չկան, քանդվել են, ձեւափոխվել կամ աղճատվել… Որպես իսկական երևանցու Ֆորշի՝ հարազատ քաղաքի հանդեպ տածած սերն ու սրտացավ վերաբերմունքը արտացոլվում է նրա երգերում: «Երևանյան Վալս»-ում հին Երևանն է ներկայացվում.

Կար թատրոն մեր առաջվա փողոցում, այժմ կա մեծ մի շուկա

Կար այգի ուր միշտ աղմուկ էր լսվում ու քաղաքում տարածվում,

Իսկ հիմա ես դարձել եմ վկա այն ամենին, ինչ չկա…

Սա հին Երևանն է բացված, քո հին ընկերը հոգնած…

Սա ես եմ սա դու ես կանգնած, լքված քաղաքի պահակները դարձած…

Ֆորշը մասնագիտությամբ ջութակահար է: Ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանը, որից հետո ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժնում։ 1994 թվականին հիմնադրել է «Ռե Մինոր» խումբը և համերգներով հանդես եկել տարբեր երկրներում։ 2008 թվականին հիմնել է «Ֆորշ և ընկերներ» կազմակերպությունը, որը Սևանի ափին իրականացրել է «Երաժիշտներ հանուն խաղաղության» միջազգային փառատոնը։ Ֆորշը հեղինակել է ավելի քան 50 երգ։ Հարցին, թե հաճախ եք երգեր նվիրում ձեր ընկերներին, ինչպես օրինակ «Ես եմ քո հավատարիմ ընկերը» երգը, նա պատասխանեց.

-Ինչքան հավատարիմ ու հարազատ ընկեր ունեմ, բոլորն ասում են, որ այդ երգը հենց իրենց է նվիրված: Ես էլ երջանիկ եմ, որովհետև եթե ինձ այդքան սիրելի մարդիկ ասում են, որ դա իրենց է նվիրված, ուրեմն լավ երգ է ստացվել: Իսկ իրականում այդ երգը որևէ մեկին նվիրված չէ, ուղղակի ով ուզում է, իրեն եմ նվիրում:

Հանդիսատեսի այն հարցին, թե ինչ է լսում Ֆորշն այժմ, նա պատասխանեց, որ լսում է հրաշագործ շեփորահարի՝ Արթուրո Սանդովալի միակ երգը՝ «Estate», և բոլորին խորհուրդ է տալիս լսել այն… Իսկ ի՞նչը ձեզ դուր չի գալիս Երևանում, ի՞նչը կփոխեիք մեր քաղաքում հարցին ի պատասխան ամեն առավոտ իր քաղաքի հետ երկխոսության մեջ մտնող արվեստագետն ասաց, որ շատ բան կա, որ դուր չի գալիս, բայց հիմա արդեն ավելի շատ մտածում է, թե ինչն է դուրս գալիս, քանզի ավելի հեշտ կլինի դուր չգալու մասին մոռանալ ու մտածել, թե ինչն է մեզ դուր գալիս մեր մայր քաղաքում… Երևանը դուռ ու շենք չէ, Երևանը մենք ենք, Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է…

Վարդինե Իսահակյան

Մեկնաբանություն
X