Նման բան դեռ չէր եղել

Թվում էր, թե «Դեպի Եվրատեսիլ» ներհայաստանյան մրցույթից հետո, որի ժամանակ հաղթող ճանաչվեց Սևակ Խանաղյանը, հանրությունը պետք է ուշադրության կենտրոնում պահեր «Եվրատեսիլ» երգի մրցույթը, հայաստանյան ԶԼՄ-ները պետք է պարբերաբար անդրադառնային մրջազգային հարթակներում մեր մասնակցի մասին տեղ գտած հրապարակումներին ու կարծիքներին, ինչպես լինում էր սովորաբար։

Բայց արի ու տես, որ այս տարի մեր մասնակցի նկատմամբ միջազգային հանրության ուշադրությունը չափազանց նվազել է։ Նման պասիվ վերաբերմունք մեր պատվիրակության նկատմամբ վերջին տարիներին դեռ չէր եղել։Խոսենք փաստերով։

Ամեն տարի բուքմեյքերական գրասենյակները մինչ բուն մրցույթի մեկնարկը տալիս են ֆավորիտների անունները, հաղթանակի գործակիցները։ Թեև մինչև մրցույթի առաջին փորձի ելույթները, այդ հորիզոնականները որոշակի փոփոխությունների ենթարկվում են։ Այս տարի ևս 43 պետությունների հնարավոր «հորիզոնականները» ներկայացնում են բուքմեյքերական գրասենյակները։

Ուշագրավն այն է, որ մեր մասնակցի՝ Սևակ Խանաղյանի հաղթելու շանսերը նվազագույն են գնահատվում, նա նույնիսկ լավագույն 20-յակում չէ այս պահին։

Ըստ բուքմեյքերական գրասենյակների տվյալների՝ Հայաստանն այս պահին 23-րդ հորիզոնականն է հավակնում գրավել։ Նկատենք, որ նախորդ տարի, երբ Հայաստանը ներկայացնում էր Արծվիկը, նույն բուքմեյքերական գրասենյակները նրա հաղթանակն ավելին էին գնահատում։ Նա միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում էր, Արծվիկը մինչ մրցույթը, հավակնում էր լավագույն տասնյակում հայտնվել, սակայն «Եվրատեսիլը» անկանխատեսելի մրցույթ է, և պատահեց այնպես, որ Արծվիկը զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը։

Վերադառնանք Սևակին։ «Քամի» երգը, որով երգիչը Լիսաբոնում կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2018» մրցույթին, օտարազգի վլոգերների, երկրպագուների շրջանում բավական լավ արձագանքներ է ստացել, սակայն նրանցից շատերը իրենց մեկնաբանություններում նշում են, որ երգը, այնուամենայնիվ, մրցակցային չէ։

Այս մոտեցումը հաստատելու եկավ Իսրայելի այս տարվա եվրատեսիլյան ներկայացուցիչը՝ Նեթան։ «Խաղալիք» երգով, երաժշտական նոր ոճով, ռիթմով ու վառ տեսահոլովակով նա միանգամից դարձավ մրցույթի այս տարվա ֆավորիտը։

Իսկ այդ ցանկի լավագույն 5-յակն ունի հետևյալ տեսքը․

1․Իսրայել

2․Էստոնիա

3․Չեխիա

4․Բուլղարիա

5․Ավստրալիա

Հիշեցնենք, որ 63-րդ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում, մայիսի 8-ին, 10-ին և 12-ին։ Մրցույթին կմասնակցի 43 երկրի ներկայացուցիչ։

Մեկնաբանություն
X