Սերժ Սարգսյանը պետք է հետևի Քոչարյանի օրինակին

Տասնամյակներ անց, եթե պատմագետները քննարկելու լինեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակաշրջանը, ապա, անշուշտ առաջնային պլան կմղեն բռնապետին բնորոշ նրա վարքագիծը՝ անհանդուրժողականությունն ու այլատյացությունը, քաղաքական հարցերը երկաթով և արյամբ լուծելու մոտեցումները, բռնություններն ու ճնշումները լրատվամիջոցների և քաղաքական հակառակորդների նկատմամբ։ Վերջապես՝ առանձնահատուկ քննարկման առարկա կդառնան հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի իրադարձությունները, չէ՞ որ նա գերագույն գլխավոր հրամանատարն էր և առաջնային պատասխանատուն երկրի ներքին և արտաքին անվտանգության ու կայունության համար։

Նշվածի համատեքստում պետք է փաստել, որ ապագայի պատմագետներին հեշտ չի լինելու ըստ պատշաճի վերլուծել Հայաստանի «Քոչարյանական ժամանակաշրջանը», քանի որ այն լեցուն է տարատեսակ մութ անկյուններով և հակասական, իրարամերժ փաստերով։ Մասնագետներին հատկապես կհետաքրքրի հետևյալ հարցադրումը․ արդյո՞ք Քոչարյանի օրոք որևէ դրական տեղաշարժ տեղի ունեցել է, թե՞ ոչ։ Խնդրո առարկայի շուրջ երկար մտածելուց հետո ես եկել եմ այն եզրակացությանը, որ այո՛, իսկապես եղել է։ Իմ համոզմամբ Հայաստանի Հանրապետությանը Քոչարյանի մատուցած ամենամեծ ծառայությունը նրա հեռանալն էր։ Ճիշտ է, նա հեռացավ արյամբ և այդ արյունը թափվեց ժառանգորդի սահուն «գահակալումը» ապահովելու նպատակով, բայց, այնուամենայնիվ, հեռացավ։ Սահմանադրություն չփոխեց, իշխանությունը հավերժացնելու փորձ չարեց և ամենակարևորը՝ այդ նպատակի համար պետական ինստիտուտները չարժեզրկեց ու հողին չհավասարեցրեց։

Կարո՞ղ էր արդյոք Քոչարյանը հավերժացնել իր իշխանությունը։ Իհարկե պետք է փաստենք, որ 2008 թ․ քաղաքական իրավիճակը բոլորովին այլ էր և որևէ կերպ հնարավոր չէ հավասարության նշան դնել արդի Հայաստանում տիրող իրավիճակի հետ։ Սկսենք նրանից, որ Քոչարյանն իր կառավարման գրեթե ամբողջ ընթացքում (Հոկտեմբերի 27-ից հետո) թիկունքում զգացել է Սերժ Սարգսյանի և նրա թիմի ծանր շունչը։ Վերջին երկուսը մշտապես սուր մրցակցության մեջ են գտնվել, իհարկե շահերի համընկման տեսանկյունից մրցավազքն այդ երբեմն փոխարինվել է ժամանակավոր դաշինքներով և համագործակցությամբ։ Այսինքն՝ դեռևս Քոչարյանի կառավարման ժամանակաշրջանում Սարգսյանը իշխանությունը ժառանգելու վճռական հայտ է ներկայացրել և այս տեսանկյունից երկրորդ նախագահին չափազանց դժվար կլիներ չեզոքացնել ներիշխանական իր բավականին ազդեցիկ հակառակորդին։ Իրավիճակն այլ էր նաև ընդդիմադիր համակարգում։ Նշենք, որ 2007-08 թթ․ քաղաքական ընդդիմությունը չափազանց զորեղ էր և մեծ ժողովրդականություն էր վայելում՝ պատրաստ լինելով ամեն պահ վերցնել իշխանությունը։ Այսինքն իշխանությունը հավերժացնելու ճանապարհին Քոչարյանը կունենար բավականին լուրջ արգելքներ՝ հանդիպելով ինչպես ներիշխանական, այնպես էլ՝ ընդիմադիր հակառակորդների սուր դիմակայությանը։ Բայց նույնիսկ այս անհաղթահարելի թվացող արգելքների առկայությամբ, Քոչարյանը կարող էր այդպիսի ռիսկի գնալ։ Չէ՞ որ երկաթով ու արյամբ հարց լուծելը հոգեհարազատ է նրա գործելաոճին և այդ գործիքակազմի կիրառմամբ միգուցե նրան հաջողվեր չեզոքացնել իշխանության բոլոր հավակնորդներին։ Ի դեպ հետխորհդրային տարածքի բոլոր այն երկրների առաջնորդները, որոնք ընթացել են իշխանության հավերժացման ճանապարհով, Քոչարյանից ոչ պակաս զորեղ հակառակորդներ են ունեցել, բայց կարողացել են հաղթանակած դուրս գալ «գահի» համար մղվող պայքարում։ Այսինքն, չի բացառվում, որ երկրորդ նախագահն էլ կկարողանար չեզոքացնել բոլորին։

Բայց, ո՛չ, անկախ ամեն ինչից, նա հեռացավ՝ հայտնվելով լուսանցքից այն կողմ ընդհատակում։ Ճիշտ է, այս կամ այն քաղաքական ուժի միջոցով միջնորդավորված տարբերակով մի քանի անգամ փորձ արեց իր անուղղակի ներկայությունն ապահովելու և խաթարված դիրքերը ամրապնդելու համար, բայց արդեն ուշ էր։ Արդի Հայաստանում իրավիճակը այլ է։ Սերժ Սարգսյանի հետևողական քաղաքականության արդյունքում բոլոր ներքին հակառակորդները չեզոքացված են և չկա այնպիսի մի քաղաքական միավոր, որը ի զորու կլինի արգելակել նրա իշխանության հավանական հավերժացումը։ Որքան էլ, որ ողբերգական լինի, բայց չենք կարող չփաստել, որ ներկայումս Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետ գնալ-չգնալու հիմնախնդիրը թողնված է միայն հենց Սարգսյանի լայնախոհության և հեռատեսության հույսին։ Անշուշտ, նա հասկանում է, որ հիմա առանց լուրջ արգելքների կարող է նորից վերցնել իշխանությունը, բայց արդյո՞ք կկարողանա պահել այդ իշխանությունը։ Իշխանություն վերցնելը շատ ավելի հեշտ է, քան՝ պահելը, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ երրորդ ժամկետը պետության և իշխանության համար առաջադրելու է նորանոր մարտահրավերներ, որոնք կարող են հանգեցնել հիմքային խոշոր ցնցումների։ Սարգսյանը վստահաբար հասկանում է, որ այսօր խաղաղ կերպով չհեռանալու դեպքում, վաղը կարող է հեռացվել ժողովրդական մահակի կտրուկ ներգործությամբ։ Թերևս բոլորի շահերից բխող միակ լուծումն այն է, որ Սերժ Սարգսյանը հետևի Քոչարյանի օրինակին։

Մեկնաբանություն
X