Regnum-ն անհանգստացած է

Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցը Վաշինգտոն, երեւում է, Մոսկվայի համար անսպասելի էր: ՌԴ ԱԳՆ-ին մոտ կանգնած լրատվամիջոցի համարում ունեցող Regnum-ը, մասնավորապես, հանդես է եկել բավական ծավալուն հրապարակումով, որ ունի «Բավական է, ինչքան Մոսկվան խաղացել է Բաքվի կանոններով» բազմանշանակ խորագիրը:

Հեղինակները մատնանշում են ԼՂ նկատմամբ ԱՄՆ առանձնահատուկ մոտեցումը, ինչպես նաեւ ակնարկում, որ այդ հարցում բավական լոյալ է նաեւ Ֆրանսիան, որտեղ Արցախը կազմակերպում է մշակութային միջոցառումներ: Այսպիսով, ռուսական լրատվամիջոցը նկատել է տալիս, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի արեւմտյան համանախագահ երկրները՝ Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան, թեեւ ոչ ֆորմալ, բայց որոշակի կայուն կապեր ունեն Արցախի հետ, մինչդեռ Ռուսաստանը գերադասում է «խաղալ Բաքվի կանոններով»: Այսինքն, ձեռնպահ է մնում Արցախի հետ նույնիսկ հումանիտար մակարդակում շփումներից: Արտաքուստ կարող է տպավորություն ստեղծվել, թե Regnum-ը մտահոգված է Արցախի ապագայով: Իրականում, մինչդեռ, դա անհանգստություն է Հարավային Կովկասում ռուսական ներկայության մշուշոտ հեռանկարի շուրջ:

Հրապարակման բուն ասելիքն այն է, որ Արցախի եւ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միջեւ քաղաքական, մշակութային եւ այլ կարգի շփումները կարող են բերել տարածաշրջանում ռուսական ազդեցության թուլացմանը: Մինչդեռ Մոսկվայում իշխող է մոտեցումը, որ Արցախն ավանդաբար ունի ռուսական կողմնորոշում: Բայց Regnum-ի հոդվածը մղում է նաեւ ենթադրելու, որ Ռուսաստանի քաղաքական վերնախավում եւ փորձագիտական շրջանակներում Հարավային Կովկասում ներկայության հարցի շուրջ կա մոտեցումների երկվություն: Մի դեպքում շեշտը դրվում է հայ-ռուսական հարաբերությունների հետագա խորացման, այդ թվում՝ Արցախի հետ շփումների հաստատման վրա, երկրորդ տարբերակը, մինչդեռ, առաջնությունը տալիս է Ադրբեջանի հետ ռազմաքաղաքական, տնտեսական եւ սոցիալ-մշակութային ինտեգրացիային: Ո՞ր տեսակետն է իշխում Կրեմլում: Դատելով փաստացի իրավիճակից՝ երկրորդը:

Եւ Regnum-ի անհանգստությունը հենց այդ կապակցությամբ է: Փաստացի առաջարկ է հնչեցվում, որպեսզի Մոսկվան քննարկումների հրավիրի Արցախի նախագահին, կայուն կապեր հաստատի Ստեփանակերտի հետ: Նման գաղափարներ հնչել են նաեւ նախկինում: Նույնիսկ որոշ փորձեր արվել են, բայց երեւում է՝ դրանք բախվում են Կրեմլի պաշտոնական դիրքորոշմանը եւ կորցնում քաղաքական իմաստը: Ռուս-ամերիկյան ներկայիս լարված հարաբերությունների համատեքստում կանխատեսելի՞ է, որ Մոսկվան դադարի «խաղալ Բաքվի կանոններով»: Հազիվ թե: Իսկ հակառակը միանգամայն հավանական է: Մանավանդ որ օրերս էլ Ադրբեջանը հայտարարել է, թե պետք է խորացնել համագործակցությունն այն երկրների հետ, որոնց «նկատմամբ ԱՄՆ-ը նյարդային է շնչում»:

Մեկնաբանություն
X