Արցախը ճիշտ ուղու վրա է

Բաքվում շատ տաքգլուխներ, սկսած նախագահ Ալիեւից ու վերջացրած նրա տիկնոջով, շատ անհանգիստ են այս օրերին եւ ակնդետ հետեւում են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ամերիկյան այցին, որի կիզակետը, անշուշտ, լինելու է այսօր նրա ընդունելությունը Կոնգրեսում: Ինչպիսին կլինեն այցի արդյունքները՝ առայժմ դժվար է ասել: Չի բացառվում ոչինչ, ընդհուպ Արցախի անկախության ճանաչումը կամ դրա նախադրյալների առկայության մասին ամերիկյան կողմի հստակ հայտարարությունը: ԱՄՆ-ն, արդյոք, չի՞ որոշել Մինսկի խմբում իր ձեռքը վերցնել նախաձեռնությունը եւ խնդրի կարգավորումն սկսել բոլորովին այլ կետից, դիցուք` Արցախի Հանրապետության կարգավիճակի հստակեցումից: Դա այն է, որ մինչ օրս թողել են երկրորդ, երրորդ պլանում, մինչդեռ, թերեւս, պետք էր հենց դրանից սկսել:

Վերջին շրջանում ԱՄՆ վարչակարգի կտրուկ գործողությունները, օրինակ` Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը կամ ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի կարգավորման ուղղությամբ ամենաանսպասելի տարբերակի ընտրությունը, թույլ են տալիս մտածելու, որ Արցախի անկախության ճանաչումն այնքան էլ անիրագործելի խնդիր չէ ԱՄՆ-ի համար, մանավանդ որ Վաշինգտոնում ամիսներ առաջ արդեն խոսում էին Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարման ծավալների անթույլատրելի չափերից եւ ղարաբաղյան հակամարտությունը համարում այն հիմնական գործոնը, որը Ռուսաստանին թույլ է տալիս վերահսկել միանգամից թե՛ Ադրբեջանին եւ թե՛ Հայաստանին: Ճանաչելով Արցախի անկախությունը դե ֆակտո սահմաններով` ԱՄՆ-ն, փաստորեն, կնվազեցնի Ռուսաստանի հետ կապված Ադրբեջանի եւ Հայաստանի մեծ սպասելիքները եւ Ռուսաստանին կդնի վերջնական ընտրության առաջ` ռազմավարական դաշնակից Հայաստանի եւ ռազմավարական գործընկեր Ադրբեջանի միջեւ:

Կարելի է Ադրբեջանի նախագահական ընտրությունների առաջաձգումը եւ օրերս այնտեղ սկսված լայնամասշտաբ զորավարժությունները դիտարկել սպասվող մեծ փոփոխությունների ֆոնին: Ոչ ոք չի կարող բացառել, որ Ալիեւի հերթական վերընտրությունն Ադրբեջանի նախագահի պաշտոնում հենց այն գինն է, որ վճարում է Արեւմուտքը` Հարավային Կովկասի դարպասներն իր առջեւ բացելու համար: Ճանաչելով Արցախի անկախությունը` ԱՄՆ-ն Ռուսաստանին զրկում է Հարավային Կովկասը կռվով հանձնելու, հայ-ադրբեջանական պատերազմ հրահրելու հնարավորությունից: Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանական բանակի զորախաղերին, ապա դրանք ոչ այլ ինչ են, եթե ոչ Արցախի անկախության միջազգային ճանաչման դեմ կայսրական տերության միանգամայն ադեկվատ արձագանք: Դեռ ոչ մեկին չի հաջողվել խոզին ստիպել, որ մորթելուց առաջ չճղճղա: Մի խոսքով` Ադրբեջանի արձագանքն այդ տեսանկյունից բնական է թե՛ արտաքին գործընկերների եւ թե՛ սեփական հանրության աչքում:

Նկատենք նաեւ, որ սա Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի առաջին արտասահմանյան ուղեւորությունը չէ, սակայն այս այցի շուրջ անսովոր հետաքրքրություն է առաջացել մի շարք պատճառներով, այդ թվում եւ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի այն հայտարարության կապակցությամբ, որ ԼՂ-ն ստեղծել է բոլոր ժողովրդավարական ինստիտուտները, եւ ժամանակն է, որ միջազգային հանրությունն իր մեծ ընտանիք ընդունի այդ երկիրը: Սա բացահայտ կոչ է հենց ԱՄՆ իշխանություններին` ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը եւ վերջնականապես կարգավորել մի հակամարտություն, որը շահ հետապնդող երկրների կողմից մինչ օրս էլ սխալմամբ ներկայացվում է որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարց կամ տարածքային վեճ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Ի վերջո, ԱՄՆ-ն ունի Կոսովոյի փորձը` ճանաչելու փոքրամասնության ինքնորոշման իրավունքը: Իսկ Ղարաբաղի պարագայում ԱՄՆ ձեռքերը միանգամայն ազատ են, որովհետեւ, ի տարբերություն Կոսովայի, որն անջատվեց Սերբիայի սուվերեն տարածքից, Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի սուվերեն տարածք:

Անկախ ամեն ինչից, կճանաչի՞ այս փուլում ԱՄՆ-ն Արցախի անկախությունը, թե՞ Բակո Սահակյանին Ստեփանակերտ կճանապարհի դարն ապրած ամերիկյան տեսլականներով, թե Լաչինի միջանցքն այսքան ու այսքան լայնություն է ունենալու, միեւնույն է, Արցախի անկախության ճանաչման գործընթացը ճիշտ ուղղությամբ է ընթանում եւ ունի միակ լուծումը: Արցախի ղեկավարների միջազգային շփումները, օտարերկրյա պատվիրակությունների այցերը, արցախյան արտադրանքի արտահանումը, ներդրումների ծավալների մեծացումը, Արցախում տիրող քաղաքական ստաբիլ վիճակի պահպանումը, Արցախում ժողովրդավարական ինստիտուտների ցանցի ամրապնդումը դեպի անկախություն առաջնորդող մեր ամենազորավոր եւ ամենահամոզիչ կռվաններն են:

Ժամանակն է, որ օտարները Ղարաբաղի իշխանությունների հետ երկխոսեն առանց Երեւանի եւ Բաքվի: Ի վերջո, Երեւանը եւ Բաքուն, որպես շահագրգիռ մայրաքաղաքներ, բոլորովին այլ երանգ են հաղորդում Արցախի հարցին` ընդհուպ շփոթեցնելով միջազգային հանրությանը: Եթե մենք խոսում ենք երկրագնդի վրա տարբեր ազգերի խաղաղ գոյակցության մասին, ապա դա նշանակում է բոլոր ազգերի իրավունքների հավասարություն: Արցախահայությունը չի կարող բացառություն կազմել, եւ նրա հարցն էլ չի կարող կարգավորվել այնպիսի արտառոց ծամածռություններով, որոնք փաստաթղթերի տեսքով բերվել են բանակցային սեղանների մոտ եւ նետվել աղբարկղերը:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X