Լիկբեզ Թոֆիկ Աբասովին

Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Էվանսը, ինչպես նրան մեջբերում է ադրբեջանցի քաղաքագետ Թոֆիկ Աբասովը, վերջերս հրապարակած հոդվածում գրել է, որ Լեռնային Ղարաբաղը Ստալինի որոշմամբ է հանձնվել Ադրբեջանին: Հակադարձելով ամերիկացի հեղինակին, Թոֆիկ Աբասովը հղում է անում Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովբյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի բանաձեւին, ըստ որի Լեռնային Ղարաբաղը «ոչ թե հանձնվել է Ադրբեջանին, այլ՝ թողնվել նրա կազմում, որտեղ եղել է»։

Քանի որ ադրբեջանցի քաղաքագետը Ռուսաստանի կոմկուսակցության Կովբյուրոյի որոշմամբ է հիմնավորում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ներկայիս Ադրբեջանի հավակնությունները, ուրեմն հարկ է անդրադառնալ հարի ամբողջ նախապատմությանը: Խնդիրն այն է, որ 1918-20թ.թ. գոյություն ունեցած Ադրբեջանական դեմոկրատական հանրապետությունը, չնայած գործադրած ահռելի ջանքերին, այդպես էլ չի կարողացել իրավազորություն հաստատել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Ավելին, 1919թ. օգոստոսին կողմերի՝ ԱԴՀ եւ ԼՂ, միջեւ կնքվել է ժամանակավոր համաձայնագիր, որով ԼՂ վերջնական կարգավիճակի հարցը թողնվել է ապագայում կայանալիք խաղաղության խորհրդաժողովի իրավասությանը, իսկ արդեն 1920թ. ապրիլին, Շուշիի ջարդերից հետո, Լեռնային Ղարաբաղի հայության համագումարը երկրամասը հռչակել է Հայաստանի անբաժանելի մաս: Այդ վիճակում է, որ Ադրբեջանում հաստատվել է խորհրդային իշխանություն: Որ Լեռնային Ղարաբաղը խորհրդայնացած Ադրբեջանի իրավազորությանը ենթակա չէր, վկայում է Ադրբեջանի Հեղկոմի վերջնագիրը, որով Հայաստանից պահանջվում էր հեռանալ Լեռնային Ղարաբաղից: Այդ վերջնագրին հետեւել է բոլշեւիկյան 11-րդ բանակի հարձակումը եւ արդեն 1920թ. օգոստոսի 10-ին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքվում է զինադադարի համաձայնագիր:

Ըստ այդմ, Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը ճանաչվում են ռուսական զորքերի կողմից ժամանակավորապես օկուպացված, սահմանվում է, որ այդ տարածքների վերջնական կարգավիճակը պետք է որոշվի կողմերի՝ Հայաստանի եւ Ռուսաստանի, միջեւ խաղաղության պայմանագրով: Նման պայմանագիր չի ստորագրվել: 1920թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանում իշխանությունն անցել է բոլշեւիկյան Հեղկոմին: Լեռնային Ղարաբաղի խնդիրը մնացել է չկարգավորված: Հարցին լուծում տալու համար է, որ 1921թ. հուլիսի առաջին օրերին Թիֆլիսում գումարվում է Ռուսաստանի կոմկուսակցության Կովբյուրոյի նիստը: Նախապես որոշվում է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին է միանում, ապա այն «թողնվում է» Ադրբեջանի կազմում: Հենց այս «թողնել» բառից է կառչում Ադրբեջանը՝ բանը ներկայացնելով այնպես, որ Լեռնային Ղարաբաղը «կար Ադրբեջանի կազմում, Կովբյուրոն այդ փաստն է արձանագրել»: Նախ, հարցի քննարկման փաստը հակառակն է ապացուցում, քանի որ ի՞նչ իմաստ ուներ անդրադառնալ ԼՂ կարգավիճակին, եթե երկրամասն արդեն իսկ Ադրբեջանի «կազմում էր»: Երկրորդ, ռուսերեն оставить ոճական մի քանի նրբերանգներ ունի: Դրանցից մեկի իմաստով оставить-ը նշանակում է «տրամադրել ինչ-որ մեկի տնօրինմանը»:

Այս տրամաբանությամբ՝ Լեռնային Ղարաբաղը, որը Ռուսաստանի կողմից օկուպացված էր, տրվել է Ադրբեջանի տնօրինմանը՝ նրա համար սահմանելով «մարզային լայն ինքնավարության» կարգավիճակ: Սա է Կովբյուրոյի որոշման իմաստը:

Մեկնաբանություն
X