Թիլլերսոնը Ջարվանկայի փոխարե՞ն, թե՞ Ջարվանկայից առաջ

Երկուշաբթի Համայնքների պալատում Միացյալ Թագավորոության վարչապետ Թերեզա Մեյի կողմից Ռուսաստանին ներկայացված անօրինական ուժի գործադրման (այլ կերպ ասած` պատերազմական ակտի) մեղադրանքից եւ ՌԴ իշխանություններին պատասխանելու համար տրված մեկօրյա վերջնաժամկետից հետո, դժվար էր պատկերացնել, թե երկրագնդի վրա մեկ այլ իրադարձություն կարող է պատահել, որ Մեծ Բրիտանիա - Ռուսաստան ծայրահեղ սրված դիմակայությունից ուշադրություն շեղի:

Սակայն մեր ժամանակների հմայքն այն է, որ Սպիտակ տանը մի շոումեն, չասելու համար խեղկատակ է նստած, որը միշտ էլ մի տարբերակ կգտնի իրեն միջազգային լրահոսի կենտրոն նետելու: Թրամփը երեկ էլ իրեն չդավաճանեց եւ միջազգային նյուս-մեյքեր դարձավ նրանով, որ առավոտյան Tweeter-ի իր հաշվից տեղեկացրեց ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին պաշտոնանկ անելու մասին: Համաձայն պետքարտուղարության` Թիլերսոնն ինքը մնացյալ աշխարհի նման իր հեռանալու մասին տեղեկացել է նշյալ Tweet-ից եւ լրատվամիջոցներից:

Հանուն ճշմարտության պետք է նշել, որ այնպես չէ, թե Թիլերսոնի համար իր հեռացումը կարող էր կատարելապես անսպասելի լինել: Դեռ ամռանը մամուլ հասած տեղեկությունից, եւ Թիսլերսոնի խուսանավել, բայց ուղղակի չհերքելուց հետո, որ ինքը Թրամփին moron (թարգմանաբար` տխմար արարած) է կոչել, հասկանալի էր, որ Թրամփի եւ պետքարտուղարի միջեւ առկա են խորը տարաձայնություններ: Այլ հարց, որ Թրամփի հետ համաձայնելու համար պետք է առհասարակ նրա կարգի տխմար լինել, ինչը շատերի արժանապատվությունից ցածր է: Դրա համար էլ, բոլորն էլ աստիճանաբար հեռանում են:

Ինչպես Ալեք Բոլդուինն է ծաղրում, շուտով Թրամփը ԱՄՆ-ն միայնակ է ղեկավարելու, ինչպես հիմա Սպիտակ տունն է միայնակ ղեկավարում, քանի որ բոլորը հրաժարականներ են տալիս կամ հեռանում: Թիլերսոնից բացի խոսվում է մոտ ապագայում նաեւ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերի եւ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելիի հնարավոր հրաժարականների մասին: Բայց առավել դրամատիկն ու հետաքրքրականն այն է, որ մոտ երկու շաբաթ առաջ ամերիկյան լրատվամիջոցները հաղորդեցին Թրամփի փեսայի գլխին կուտակված նոր ամպերի մասին, ինչի արդյունքում աշխատակազմի ղեկավար Ջոն Քելին իջեցրել էր Քուշների վստահելիությունը եւ կարգավիճակը Սպիտակ տանը, վերջինիս համար անհասանելի դարձնելով ԱՄՆ անվտանգությանն առնչվող բազմաթիվ խորհրդակցություններ եւ փաստաթղթեր:

Քուշների կարգավիճակը իջեցվել էր, քանի որ FBI-ը նրա հանդեպ վերպահումներ ունի, վերջինս ստել է FBI-ին տրվող ցուցմունքներում, հետո ետին թվով մի քանի անգամ նույն ցուցմունքներն ուղղել: Համարվում է նաեւ, որ նրա կաշառատվություն-կաշառակերությունների մեջ է խառնված Մերձավոր Արեւելքում: Անգամ Washington Post-ը հաղորդել էր, թե Մեքսիկան, Արաբական Էմիրությունները, Իսրայելը եւ էլի մի երկիր խորհրդակցություններ են գումարել Ջարեդ Քուշներին իրենց ծրագրերին ծառայեցնելու հնարավորությունները քննարկելու համար, քանի որ բոլոր այդ երկրները Քուշների հետ իրենց առնչություններից հանգել են եզրակացության, որ նա միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության փորձ չունի, փոխարենը ահագին կուտակած պարքեր եւ Թրամփի վրա ազդելու հնարավորություններ ունի: Իսկը ճակատագրի նվեր:

Ահա բոլոր այդ բացահայտումներից հետո խոսվում էր, որ գեներալ Ջոն Քելին աշխատում է Ջարվանկային Սպիտակ տնից, առհասարակ Վաշինգտոնից հեռացնելու եւ Նյու Յորք ուղարկելու ուղղությամբ: «Ջարվանկա» բառը կազմվել է Թրամփի փեսայի եւ դստեր` Ջարեդի եւ Իվանկայի անունների համադրությունից, որը «սինթեզել է» Սպիտակ տնից նույնպես հեռացած, իսկ ժամանակին Թրամփի գլխավոր խորհրդական ու ստրատեգ ծառայած Սթիվ Բենոնը: Բենոնն ինքը հադուրժել չի կարողացել Ջարվանկային, բայց Բենոնի հեռանալուց հետո էլ Ջարվանկային ատողների եւ Սպիտակ տնից հեռացնել ցանկացողների շարքերը չեն նոսրացել: Հետաքրքիր է, արդյոք Թիլերսոնի հեռացման հարցում Ջարվանկան դեր ունի, թե ոչ, քանի որ Թիլերսոնն էլ նրանց հակակրողների շարքում էր, բայց գլխավոր հարցն այն է, թե արդյոք Թիլերսոնը հեռացավ Ջարվանկայի փոխարեն, թե ընդամնեը` Ջարվանկայից առաջ: Եվ էական հանգուցալուծումը առջեւում է արդյոք գեներալ Ջոն Քելին կհասցնի Սպիտակ տնից կհեռացնի Ջարվանկային, թե ինքն էլ կհեռանա Ջարվանկայից առաջ:

Մեկնաբանություն
X