Ադրբեջանը «զայրանում է»

Բաքվում ԱՄՆ դեսպանը հրավիրվել է արտգործնախարարություն, որտեղ նրան է փոխանցվել Ադրբեջանի բողոքի նոտան՝ Միացյալ Նահանգներ Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցի կապակցությամբ: Դա կարելի էր անուշադրության մատնել, եթե չավարտվեր «զայրալի» շեշտադրմամբ, որ Ադրբեջանը «կտա համարժեք պատասխան»։

Վաշինգտոնի նկատմամբ ի՞նչ «համարժեք» քայլեր կարող է ձեռնարկել Բաքուն: Նույնիսկ ադրբեջանցի մեկնաբաններն են դա անիրատեսական համարում: Բայց ահա այն երկրների հետ, որոնց նկատմամբ ԱՄՆ-ը «նյարդային է շնչում, համագործակցության ջանքերը մեծացնել կարելի է եւ պետք է»:

http://minval.az/news/123771645

Դժվար չէ կռահել, թե խոսքը որ երկրների եւ ինչ համագործակցության մասին է: Բաքվից, փաստացի, Միացյալ Նահանգներին «սպառնում են» Ռուսաստանի եւ Իրանի հետ համագործակցության խորացմամբ: Բայց հիշյալ վերլուծականի հեղինակը չի զլացել նաեւ նկատել տալ, որ «ամերիկացիները կարող են ում ասես ընդունել, միեւնույն է, ղարաբաղյան խնդիրը լոբբինգի նեխահոտ փչող կուլուրաներում չէ, որ լուծվելու է»: Ընդսմին, նա միջանկյալ քննադատում է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահին, ով ասել է, որ ԼՂ հարցը չունի ռազմական լուծում եւ ամփոփում. «Չէ՞ որ պատերազմն սկսել են հայերը, խոսքն այն մասին է, որ ադրբեջանցիները պետք է ավարտեն այն»:

Ստացվում է, որ Արցախի նախագահի այցն ԱՄՆ «չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը», եւ Բաքուն Վաշինգտոնին «սպառնում է» պատերազմով: Քանի որ, ինչպես այնտեղ են կարծում, ԱՄՆ-ը «միակ երկիրն է, որ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղին, եւ դա արվում է Հայաստանի միջոցով տարածաշրջանում դիրքեր ամրապնդելու համար»:

Այսինքն, Ադրբեջանը դեմ է տարածաշրջանում ամերիկյան ներկայության ամրապնդմանը: Եւ, որպեսզի դա տեղի չունենա, պատրաստ է «ավարտին հասցնել պատերազմը»: Իսկ ու՞մ ներկայությունն ամրապնդելու համար է դա արվում՝ մնում է ենթադրել: Բայց ադրբեջանական «տրամաբանությունն», իրոք, հավասարը չունի. հանուն աշխարհաքաղաքական մրցակցության մեջ կողմերից մեկի հաղթանակի Բաքվում պատրաստ են բառիս բուն իմաստով հրդեհել տարածաշրջանը: Այդ դեպքում ո՞վ է ավերակների վրա իշխելու՝ Ալիեւի ռեժիմին բոլորովին չի հուզում: Եւ, այնուամենայնիվ, տպավորություն է, որ ամեն ինչ մի նպատակով է արվում՝ սեփական հանրությանը ցույց տալ, թե «ինչքան ուժեղ է, որ կարողանում է զայրանալ նույնիսկ Վաշինգտոնի դեմ»: Գործնականում Բաքուն որեւէ քայլ ձեռնարկելու, այդ թվում՝ «պատերազմ ավարտելու» քաջություն չունի:

Մեկնաբանություն
X