Այս աթոռակռվին չեմ ուզում մասնակցել

Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնն արդեն երկար ժամանակ դարձել է կռվախնձոր եւ իր վրա է սեւեռել մշակութային հանրության ուշադրությունը։ Դեռ հունվար ամսին տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը հանգուցալուծում չստացավ․ թեպետ մրցույթին հայտ էր ներկայացրել 4 հոգի, բայց մրցութային հանձնաժողովը հաղթող չճանաչեց 2-րդ փուլ անցած թեկնածուին։ Ուստի 2-րդ մրցույթը հայտարարվեց, որին, ինչպես տեղեկացանք մշակույթի նախարարությունից, դիմել է դարձյալ 4 հոգի։ Թե 1-ին մրցույթի ժամանակ եւ թե 2-րդի, հիմնական հավակնորդները թատրոնի դերասան Արա Դեղտրիկյանն ու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Եղիշե Խերանյանն էին, բայց, ինչպես պարզեցինք, Եղիշե Խերանյանն այս անգամ չի առաջադրել թեկնածությունը։ Ինչո՞ւ։

-Ի վերջո, իմ ամենասկզբի ցանկությունը հաղթեց՝ չեմ ուզում այլեւս վարչական աշխատանքներով շատ զբաղվել։

-Բայց առաջին մրցույթին, երբ Ձեր հայտը ներկայացնում էիք, Ձեզ ոգեւորել էին հենց թատրոնի կոլեկտիվի եռանդն ու էնտուզիազմը, հիմա դա այլեւս չի՞ ոգեւորում։

-Միակ բանը, որ ինձ հետ էր պահում այս վերջնական որոշումից, դա թատրոնի կոլեկտիվի վստահությունն էր իմ հանդեպ, բայց ընթացքում այնքան շատացան ինտրիգները, որ ընթացքում այդ ամեն ինչը դարձավ աթոռակռվի նման մի բան։ Հիմնական մեղքը նախարարության որոշ ընկերների անհարկի միջամտություններն էին․ դա շատ պարզ ուզում եմ ասել։

-Ի դեպ, օրեր առաջ նախարարը մեզ հետ զրույցում ասել էր, որ չի կարծում, թե Դուք այս մրցույթում ֆավորիտ եք եւ, ընդհանրապես՝ արժանի եք շարունակել ղեկավարումը։ Նախարարի այս թերահավատությունը Ձեր անձի հանդեպ ինչո՞վ է պայմանավորված։

-Գիտեք, այդ հարցն իրեն պետք է տայիք։ Ես որեւիցե մեկնաբանություն չունեմ իր ասածին, միայն մի բան կասեմ, որ նույն նախարարն իմ աշխատանքային հնարավորություններին եւ բոլոր իմ հնարավորություններին քաջատեղյակ է շատ վաղուց։ Թե ինչու է այդպես ասել, թող ինքը մեկնաբանի։ Ես դրա հետ կապված ոչ մի խնդիր չեմ տեսնում, համենայնդեպս, ես ինձ շատ լավ գիտեմ, իմ հնարավորությունները, իմ արածն էլ շատ լավ գիտեմ, եւ ինձ համար այստեղ ամենակարեւորը ոչ թե նախարարի գնահատականն է, այլ՝ կոլեկտիվի։

-Ամեն դեպքում, Ձեր տարիքային շեմը ներում էր առաջադրվել։

-Այո, ես դեռ 5-6 տարի ունեմ, 60 տարեկան եմ՝ մի քիչ ավելի։ Եթե նախարարն այդ ինֆորմացիային չի տիրապետում, դա այդքան էլ լավ չէ։ Հետո՝ գիտեք ինչ, այդ թոշակի տարիքը… բոլորի մոտ էլ մի օր կգա։ Սա ինձ համար 7-րդ հիմնարկն է, եւ ես միանգամից այս փորձին չեմ եղել, տարբեր հիմնարկներ ղեկավարելով՝ ես փորձը կուտակել եմ եւ այսօր եթե կարողանում եմ որեւիցե հարց դրական լուծել (իսկ 6-րդ ամսում մեզ մոտ արդեն բավականին դրական են ցուցանիշները, դրանում յուրաքանչյուրն էլ կարող է համոզվել), ինձ բերել է միայն փորձի կուտակումը։ Երիտասարդներին միշտ էլ պետք է տեղ տալ, բայց երիտասարդը պետք է փորձառուի կողքին սովորելով աճի ու գա նրան, որ վաղը կարողանա ինքնուրույն ղեկավարել։ Դա չպետք է արվի որպես ինքնանպատակ, դա պետք է արվի շատ հիմնավորված, եւ այդ փոխանցումը շատ սահուն պետք է լինի, ոչ թե կտրուկ։ Այսինքն՝ եթե մարդը դարձավ 60 տարեկան, մեր նախարարի խոսքով նշանակում է, որ 60 տարեկանից հետո այդ մարդը պիտանի՞ չէ։ Ես էլ հակառակն եմ պնդում՝ նա դեռ շատ բան կարող է անել, թեկուզ հենց երիտասարդներին պատրաստելով այս դժվարին աշխատանքին։

-Ասացիք, որ ընթացքում ինտրիգները շատացան, դրանք դրսի՞ց էին ուղղորդվում, թե՞ ներսից։

-Ես մի բան ասեմ, երբ ինձ նշանակում էին, որեւիցե թեկնածություն չկար, այսինքն՝ ես նույնիսկ իմ համաձայնությամբ աջակցեցի նախարարությանը, որ այդ պահին նորմալ լուծում լինի, բայց մի տեղ, որտեղ աշխատանքը կարգավորվում է, եւ ամենահիմնական կոնֆլիկտային վիճակը վերացավ, սկսեցինք նորմալ ստեղծարար աշխատանք անել, ցանկացողները շատացան, հիմա մեկը՝ իր ցանկությամբ, մեկին կողքից ինչ-որ մեկը հորդորեց, մեկն ուզում է իր մարդուն տեսնել․ մեր իրականության մեջ հեռու չեն նման բաները, ովքեր ցանկանում են իրենց մարդկանց տեսնել, անկախ նրանից՝ իրենց այդ մարդը կարո՞ղ է գործից գլուխ հանել, թե՞ ոչ։ Ու ոչ թե առողջ մրցակցության նման դարձավ, այլ աթոռակռիվ, որին չեմ ուզում մասնակից դառնալ։ Իմ կարծիքով՝ մի քիչ շոուի վերածվեց։

-Պարոն Խերանյան, թատրոնի գեղարվեստական ղեկավարի հարցն էլ օդում առկախված է, նախարարի ցանկությունն է՝ հրավիրել տարբեր ձեռագրերով բեմադրիչների։ Որքանո՞վ է հնարավոր տարբեր ձեռագիր բեմադրություններով թատրոնի դեմք ձեւավորել։

-Հիմա այս ընթացքում 3 պրեմիերա ենք ունեցել, 4-րդն ընթացքի մեջ է, որն ապրիլին կլինի, 4-ն էլ տարբեր ռեժիսորներ են բեմադրել, տարբեր ձեռագրեր են, ամեն մեկը յուրօրինակ մոտեցում է դրսեւորում։ Սա լավ է, բայց ես կարծում եմ եւ նախկինում էլ ասել եմ, որ թատրոնը պետք է ունենա իր գեղարվեստական ղեկավարը, որը պետք է մշակի այդ ստեղծագործական կարմիր թելը։ Հիմա ես երկկողմանի աշխատում եմ ե՛ւ նրա փոխարեն, ե՛ւ նրա, բայց դա ճիշտ չէ, թատրոնը պետք է անպայման ունենա գեղարվեստական ղեկավար, պարտադիր չէ, որ այդպես էլ կոչվի, լինի մարդ, ով պատասխանատու լինի գեղարվեստական բոլոր հարցերի համար եւ խորքերից գա։

-Իսկ ինչպե՞ս են Ձեր հարաբերություններն Արա Դեղտրիկյանի հետ, այս ընթացքում հասցրել եք զրուցել մրցույթի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

-Շատ նորմալ, այդ թեմայով ո՛չ այն ժամանակ ենք զրուցել, ո՛չ հիմա, ես նրան, որպես դերասան, բարձր գնահատել եւ գնահատում եմ։ Որեւէ կերպ այս ընթացքը խոչընդոտ չէ իմ վերաբերմունքին, որեւիցե բան չի փոխվել։

-Ի՞նչ եք կարծում՝ նա կկարողանա՞ տնօրենի պարտականությունները ստանձնել, հատկապես, որ նախարարն անթաքույց բարձրաձայնել է իր համակրանքի եւ նախապատվության մասին։

-Գիտեք, նորմալ է, չնայած այսպիսի բան կա․ եթե մրցույթ եք հայտարարել, մրցույթի ընթացքում ինչ էլ լինի, չի կարելի, որ պաշտոնատար անձն իր կարծիքը որեւիցե մեկի հանդեպ ասի։ Ընդհանրապես, ճիշտ չէ ասել՝ սա լավն է, սա վատն է, որովհետեւ դա ինչ-որ տեղ դիտվում է նաեւ որպես միջամտություն ընտրական պրոցեսին, բայց դե՝ եթե հայտնել է, դա իր իրավունքն է։ Կար ժամանակ, որ նա նույն խոսքերն իմ մասին էր ասում, եւ կարծում եմ՝ հիմա էլ որեւիցե վատ բան չկա, ամեն դեպքում՝ նորմալ եմ ընկալում դա։

-Գուցե նախարարի հետ ունեցե՞լ եք ստեղծագործական կամ աշխատանքային տարաձայնություններ թատրոնի եւ ոչ միայն դրա հետ կապված, եւ դրանով է պայմանավորված նրա վերաբերմունքի փոփոխությունը։

-Ոչ, ընդհանրապես, մենք նախարարի հետ այդպես էլ չկարողացանք քիչ թե շատ լուրջ սկզբունքային հարցերի շուրջ զրուցել։ Նրա նշանակման հաջորդ օրվանից առայսօր պետք է լիներ զրույց-հանդիպում, քննարկում, բայց այդպես էլ չեղավ, տարբեր պատճառներով՝ օբյեկտիվ, սուբյեկտիվ, ձգձգվեց եւ չկայացավ մեր հանդիպումը։

-Ի դեպ, ինչպես եւ նախորդ անգամ, այս անգամ էլ 4 հայտ է եղել տնօրենի թափուր պաշտոնի համար։

-Ես չեմ հետաքրքրվել եւ իրոք տեղյակ էլ չեմ։ Անցած անգամ էլ չէի հետաքրքրվել, թե ովքեր են հայտ ներկայացրել։ Տա Աստված բոլորին հաջողություն, հատկապես՝ եթե ցանկանում են որեւիցե դրական բան անել։

Մեկնաբանություն
X