Ռուսաստանի դեմ սահմանվում են նոր պատժամիջոցներ

Փետրվարից ի վեր Հայաստանում թիվ մեկ հետաքրքրության առարկան, թերեւս, ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրությունն է, առավելապես պրն Սարգսյանի` ոչ լեգիտիմ թեկնածու լինելու, ՀՀԿ-ի պնդաճակատությամբ ընտրվելու եւ անլուծելի սահմանադրական կազուսի պատճառով, երբ չի հասկացվում, թե ով կարող է Արմեն Սարգսյանի հակասահմանադրական ընտրության արդյունքով կայացված ԱԺ որոշումը բողոքարկել ՍԴ-ում: Գործող Սահմանադրությամբ՝ նման իրավասություն ունի ԱԺ խմբակցությունը, բայց գործող ՍԴ-ի մասին օրենքով բողոքարկել կարող են միայն թեկնածուները, ԱԺ խմբակցության իրավասությունն իրացնելու կարգավորումներն ուժի մեջ կմտնեն ՍԴ-ի մասին նոր օրենքով, ապրիլի 9-ից, բայց այդ ժամանակ էլ նոր նախագահն այլեւս պաշտոնն ստանձնած կլինի:

Ինչեւէ՝ տեսնենք, թե դեպքերը Հայաստանում ինչպես կզարգանան, սահմանադրական կազուսն ինչպես կհանգուցալուծվի, բայց Հայաստանից դուրս մնացյալ աշխարհում էլ բուռն իրադարձություներ են զարգանում, հատկապես՝ Միացյալ Թագավորությունում եւ Կորեական թերակղզում:

Մեծ Բրիտանիայում երեկ Համայնքների պալատում հանդես եկավ վարչապետ Թերեզա Մեյը: Ինչպես հայտնի է, մարտի 4-ին, կիրակի օրը Միջին Անգլիայում գտնվող Սոլսբերի փոքրիկ քաղաքում նյարդերը կաթվածահարող քիմիական թունանյութով ահաբեկչություն էր իրականացվել ռուսական ГРУ-ի նախկին գործակալՍերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր հանդեպ: Գործակալը եւ դուստրը կրիտիկական դրությամբ դեռ գտնվում են հիվանդանոցում, իշխանությունները միջոցներ են ձեռնարկում Սոլսբերիի մնացյալ բնակչությանը թույնի ազդեցությունից պաշտպանելու համար, իսկ Բրիտանիայի կառավարությունն այդ ահաբեկչությունից հետո երկու-երեք անգամ COBRA-ի նիստեր գումարեց (COBRA-ի նիստեր գումարվում են Մեծ Բրիտանիայի կամ նրա քաղաքացիների անվտանգությանն սպառնացող շոշափելի վտանգների դեպքում): COBRA-ի նիստերի արդյունքում ՄԹ կառավարությունը հանգել էր այն եզրակացության, որ Սոլսբերիում գործադրվել է պաշտպանական շրջանակներում новичок պայմանական անվամբ հայտնի քիմիական թունանյութը, որը սինթեզվում է ՌԴ հատուկ ծառայությունների լաբորատորիաներում:

Ելնելով վերոնշյալից, ինչպես խորհրդարանին զեկուցեց վարչապետ Մեյը՝ երեկ Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել էր ՄԹ ԱԳՆ, որտեղ ԱԳ քարտուղար Բորիս Ջոնսոնը դեսպանին հայտնել էր, որ Սոլսբերիում ահաբեկչությունն իրականացվել է ՌԴ հատուկ ծառայությունների լաբորատորիաներում սինթեզվող новичок նյարդակաթվածահարող բաղադրիչով, ինչը նշանակում է, որ կա՛մ ահաբեկչությունը իրականացվել է ՌԴ իշխանությունների գիտությամբ, կա՛մ հավանությամբ, եւ կա՛մ ՌԴ իշխանությունները չեն կարողանում վերահսկել իրենց հատուկ ծառայությունների լաբորատորիաները, եւ новичок-ը հայտնվել է ՌԴ-ի կողմից չվերահսկվող անձանց ձեռքում: Ջոնսոնը խնդրել է մինչեւ այսօր, օրվա վերջը ՌԴ կառավարության կողմից պատասխանել, թե երկընտրանքի որ տարբերակն է համապատասխանում իրականությանը:

ՌԴ իշխանությունների պատասխանն ստանալուց եւ գնահատելուց հետո այսօր Թերեզա Մեյը վերադառնալու է խորհրդարան՝ Համայնքների պալատին նոր զարգացումների մասին զեկուցելու եւ ՌԴ-ի դեմ սահմանվող նոր պատժամիջոցներ հայտարարելու համար: Վարչապետ Մեյը նաեւ հայտարարեց, որ Սոլսբերիում իրականացված ահաբեկչությունը Մեծ Բրիտանիան գնահատում է որպես ՌԴ-ի կողմից իր դեմ ուղղված անօրինական ուժի կիրառում (այլ կերպ ասած՝ պատերազմական ակտ) եւ դրան պատասխանելու է ամենայն խստությամբ: Համայնքների պալատի տրամադրությունն այն է, որ եթե Մեծ Բրիտանիան Ռուսաստանին պատերազմ չհայտարարի, գոնե է դրան համազոր քայլ պետք է կատարի։

Արդեն հայտնի է, եւ բարձրաձայն հնչում են գնահատականներ, որ Մեծ Բրիտանիայի պատասխանով նոր սառը պատերազմ կհայտարարվի Ռուսաստանին, որն այլեւս կշարունակվի առանց զիջումների, մինչեւ Ռուսաստանի հերթական փլուզումն ու Պուտինի ռեժիմի կործանումը: Վերջապես Արեւմուտքում հանգեցին այն խելամտությանը, որ Ռուսաստանին պետք է պատժել, ոչ թե ներել:

Ռուսաստանից հետո մյուս իզգոյ-երկիրը, որն իր ռազմական արսենալով, բալիստիկ հրթիռներով եւ միջուկային մշակումներով գլխացավանք է դարձել երկրագնդի համար, Հյուսիսային Կորեան է: Հյուսիսային Կորեան սովորաբար միջազգային լրահոսում է հայտնվում կա՛մ ՄԱԿ-ի կողմից սահմանվող նոր պատժամիջոցների, կա՛մ բալիստիկ հրթիռների փորձարկումների, կա՛մ էլ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի հերթական հայհոյական փոխհրաձգությունների պատճառով: Բավական է հիշել, որ Թրամփը Կիմին հրթիռ-մարդուկ էր կոչում, որին իր ռեժիմով վերացնելու է երկրի երեսից, Կիմն էլ Թրամփին «վախեցած շուն» ու «լունատիկ» է կոչել, որին մայրցամաքային ԱՄՆ-ի հետ մոխրի է վերածելու:

Լեզվակռվի մակարդակում երկուսն իրար միանգամայն արժանի են, ինքնահաստատման, անլրջության եւ անկառավարելիության հարցում՝ նույնպես: Հետեւաբար, որքան էլ անսպասելի էր Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի մինչեւ մայիս գագաթնաժողով գումարելու եւ տետ-ա-տետ բանակցելու պատրաստակամությունը, այնքան էլ առայժմ թերահավատություն կա այդ գագաթնաժողովի իրապես գումարվելու հեռանկարի նկատմամբ: Երեկ Հարավային Կորեայից հայտարարեցին, թե իրենք Փխենյանից առայժմ գագաթնաժողովին մասնակցելու պաշտոնական հաստատում չեն ստացել:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X