ՏԻՄ տխուր ընտրություններ

Մարտի 11-ին Հայաստանի 20 համայնքներում ՏԻՄ ընտրություններ էին՝ ավագանու անդամներ, համայնքների ղեկավարներ էին ընտրում։ Բայց եթե անցյալում ՏԻՄ ընտրությունը դառնում էր համապետական նշանակության իրադարձություն, եւ մենք՝ լրագրողներով, դիտորդներով զբաղվում էինք դրանով, հասարակությունն էլ ուշադիր հետեւում էր, թե ով որտեղ ընտրվեց, քանի ձայնով, ապա այժմ դրանք գրեթե աննկատ անցան։ Իշխանություններին հաջողվել է այնքան արժեզրկել ընտրությունների ինստիտուտը, այնքան տաղտկալի ու կանխատեսելի դարձնել այն, որ հանրային ուշադրությունը հավասարվել է զրոյի։

Ըստ ԿԸՀ տվյալների՝ հիմնականում հաղթել են ՀՀԿ-ական թեկնածուները, գործող համայնքապետերը, քանզի մեծ մասում մրցակցություն պարզապես չի եղել։ Իսկ երբ չկա այլընտրանք, բնական է, որ ընտրողների մասնակցությունն էլ կնվազի։ Մարտի 11-ին մեր քաղաքացիները բավականին պասիվ են եղել․ ընտրությանը մասնակցել է ընտրողների 44.91 տոկոսը կամ 10 հազար 246 ընտրող՝ 22 հազար 816-ից։ Կոտայքի մարզի Հացավան համայնքի բնակիչը մեր թղթակցին ասել է․ «Չեմ գնացել ընտրության, քանի որ չեմ հավատում, որ ինչ-որ բան կփոխվի, մեր գյուղը ոնց կա էս տարիների ընթացքում, այնպես էլ կմնա: Մարդիկ հիասթափվել են, էսօր քնում-արթնանում են, մտածում, թե ինչ եփեն, որ օրը ապառիկը ոնց փակեն: Ժամանակին մեր գյուղում լավ հացահատիկ էին ցանում, այս տարի դա էլ չի լինի, քանի որ դիզվառելիքը թանկացել է, եւ գյուղացուն վարուցանքը ձեռք չի տալիս»։

Այս գյուղում ընտրողների թիվը 456 է, ընտրությանը մասնակցել է 169 մարդ: Ընտրված համայնքապետ Շավարշ Սարգսյանը, սակայն, վատ չի զգում։ «Համայնքում ավագանու ընտրություն չկար, ես էլ միակ թեկնածուն էի: 3 ընտրող էլ լիներ քվեարկության, ես կանցնեի»,- ասել է նա:

Մեկնաբանություն
X