«Պոլիմետալը» փորձելու է մի նոր սեպ խրել հյուսիսային Հայաստանում՝ Թեղուտի հարևանությամբ

«Պոլիմետալ Արմենիա» ՍՊԸ-ն նախատեսում է 2018-2021 թթ. ժամանակահատվածում իրականացնել երկրաբանահետախուզական աշխատանքներ ՀՀ Լոռու մարզի Ալավերդի և Շնող, Տավուշի մարզի Կողբ և Նոյեմբերյան համայնքների վարչական սահմաններում գտնվող տարածքներում: Նախատեսվող գործունեության նպատակը տարածաշրջանի հանքահումքային ներուժի և տարածաշրջանում լեռնահանքային ոլորտի զարգացման հեռանկարների վերհանումն է:

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով նախնական փորձաքննության գործընթացի շրջանակներում 2018 թ. մարտի 20-ին, ժամը 18:00-ին ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի մշակույթի կենտրոնի շենքում՝ ք. Նոյեմբերյան, Նոյեմբերի 29-ի փող., 1 շենք հասցեում տեղի կունենա Նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային քննարկում: Հանրային քննարկումն իրականացնում են Ձեռնարկողը և Նախատեսվող գործունեության իրականացման տարածքների համայնքների ղեկավարները՝ համատեղ:

«Պոլիմետալը» հիմնադրվել է 1998թ.։ Այն Ռուսաստանում, Ղազախստանում և Հայաստանում ոսկի ու արծաթ արտահանող առաջատար ընկերություններից մեկն է: Ընկերությունը ունի երկրաբանական հետախուզական աշխատանքներ իրականացնելու, լեռնահանքային ձեռնարկություններ նախագծելու, կառուցելու և շահագործման հանձնելու ավելի քան 20 տարվա հարուստ փորձ: «Պոլիմետալը» Հայաստանում գործունեությունը սկսել է 2015թ․։ Ընկերությունը ձեռք է բե­րել Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի նկատմամբ ընդերքօգտագործման իրավունք ունեցող «Լիճքվազ» ՓԲԸ-ի բաժնետոսմերը, իսկ 2016թ. ապրիլին՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատը:

Ընդհանրապես վերջին երկու տասնամյակներին հանքարդյունաբերությունը կարծես թե մշուշոտ մի տարածք լինի, որտեղ մուտք գործելը խստիվ արգելվում է։ Ավելին՝ հանքարդյունաբերությունը, կարծես թե, ներհայաստանյան իրականությունից կտրված ու մեկուսացած կղզյակ լինի։ Պարբերաբար ինչ-որ ձեռնարկություններ են հայտնվում, երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնում և կառավարության հետ համաձայնության հասնելուց հետո սկսում շահագործել այս կամ այն հանքը՝ անխնա ոչնչացնելով Հայաստանի բնությունը։ Թերևս Թեղուտի օրինակը ասվածի լուռ վկայությունն է։

Շուրջ մեկ տասնամյակ բնապահպաններն ու իրավապաշտպան կազմակերպությունները, արվեստի գործիչներն ու հանրային այլ խմբեր բարձրաձայնում էին հանքի շահագործման անթույլատրելիության մասին։ Բայց, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո այն ի վերջո բացվեց, իսկ 2018 թ․ փետրվարին պարզ դարձավ, որ «Վալլեքս» գրուպն անժամկետ դադարեցրել է Թեղուտի հանքի շահագործումը՝ ավիրված ու ոչնչացված թողնելով շրջակա միջավայրն ու բնությունը։ Թեղուտի հանքը բացելուց առաջ «Վալլեքս» ընկերության ղեկավարները Շնող և Թեղուտ գյուղերի բնակիչներին խոստանում էին լուծել գազիֆիկացման և խմելու ջրի խնդիրները։ Տարիներ են անցել, Թեղուտի գազիֆիկացման հարցը մնացել է թղթի վրա, իսկ Շնողը գազիֆիկացված է մասնակիորեն։ Այս համայնքներն անտառամերձ են, և դրանց սոցիալ-տնտեսական վիճակը խիստ կապված է անտառի հետ։ Հանքի շահագործման ծրագրի մեկնարկից սկսած` բնակիչները զրկվել են անտառի բարիքներից օգտվելու հնարավորությունից` վառելափայտից, վայրի հատապտուղներից, հանգստյան վայրերից։ Հիմա հանքում աշխատող Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչներն ի՞նչ պետք է անեն։ Հանքը փակվեց, իսկ շրջակա միջավայրի մի զգալի մասը ոչնչացված է, այսինքն՝ բնատնտեսության համար էլ լուրջ խոչընդոտներ կան։

Եվ Թեղուտի այս տխրահռչակ պրակտիկայից հետո հիմա էլ «Վալլեքս»-ին փոխարինելու է գալիս «Պոլիմետալը»՝ փորձելով մի նոր սեպ խրել հյուսիսային Հայաստանում՝ Թեղուտի հարևանությամբ։ Իհարկե ՀՀ կառավարությունն ու ձեռնարկության մամուլի խոսնակները փաթեթներով իրավական ապացույցներ կներկայացնեն՝ տարածքների շահագործման օրինականությունն ու անհրաժեշտությունը հիմնավորելու համար, բայց բոլորի համար էլ պարզ է, որ սա Հայաստանի ընդերքը թալանելու շղթայի հերթական էպիզոդներից մեկն է։ Այսինքն ՀՀ-ն վերածվել է հումք արտահանող աշխարհագրական տարածքի։ Հարստանում են միայն հանքեր շահագործողներն ու կառավարության անդամները, իսկ բնակչությունը շարունակում է ապրել նույն թշվառ պայմաններում։ Ընդհանրապես, եթե այս կամ այն կամայական տարածքում տնտեսական լայն գործունեություն է իրականացվում՝ լինի դա հանքարդյունաբերություն թե ուրիշ այլ նախաձեռնություն, ապա դա որպես կանոն պետք է նպաստի տվյալ տարածքի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Քանի որ արդյունաբերության մի ճյուղի զարգացումը հիմք է նախապատրաստում այլ ոլորտների զարգացման համար ևս՝ ենթակառուցվածքներից մինչեւ այլ մանր ոլորտներ։

Հայաստանում նման որեւէ տենդենց երբևէ չի նկատվել։ Ընդհակառակը նոր հանքերի ի հայտ գալը հանգեցրել է հարակից գյուղերում ապրող մարդկանց աղքատացմանն ու սնանկացմանը՝ քանի որ վերջիններս զրկվել են իրենց բնությունից։

Մեկնաբանություն
X