Кառակулы

Ժամանակակից առակագրություն

***

Մի անգամ էս արջը անտառում մեծ ժողով էր կանչել, որ ասի՝ նոր օրենք կա, բա թե՝ կարծիք հայտնելը հիմնարար իրավունք ա, ու էդ հիմքով իրար գզել չկա ու չի լինելու: Էս նապաստակը մի քիչ վախվորած եկավ կանգնեց արջի դիմացն ու՝ արջ, բայց քո երեխեքն ինչ դանդալոշ են, քո պես, ու դա իմ կարծիքն ա: Էս արջի աչքերը արնոտեցին, ձեռները սկսեցին դողալ, բայց դե՝ ինքն էր էդ օրենքը հանել, մի կերպ իրեն զսպեց, որ չասեն՝ մի բան ասում, ուրիշ բան անում ա:

Էս նապաստակը, որ տեսավ արջի մոտ անցավ տրյուկը, ոգեւորությունից էլ լրիվ վախը կորցրեց: Գնաց կանգնեց գելի դիմաց, բա թե՝ արա գել, դու խի՞ խոտ չես ուտում, ուղեղդ լրիվ խոտակերի ա, ու դա իմ կարծիքն ա: Գելը մի պահ էշացավ, հետո մի հատ համփ արեց, ու էս նապաստակի կեսը մնաց բերանում:

Սկյուռիկը խառնվեց իրար, թե՝ ա՜րջ, էս ի՜նչ ա կատարվում, կարծիք հայտնելու համար սպանում են, բան, բա օրենքը, բան: Արջն էլ տարավ-բերեց, թե.

-Ի՞նչ կարծիք, մեր գել ախպերը սոված էր պռոստը, չէ՞, գել ջան:

-Հա, բա էլ ի՞նչ, արջ ջան:

Ու էդտեղ արջը շնորհակալ ժպտաց, իսկ սկյուռիկը լիքը բան ջոկեց:

***

Մի օր խոզը պլակատ կախեց, թե շաբաթ իրիգուն անտառի մեյդանում 3 տոննա տանձ կուտեմ: Կենդանիները ափալ-թափալ հավաքվեցին՝ նայեն-տեսնեն-ուրախանան: Արջն ասաց՝ չեմ հավատում: Կզաքիսը, թե՝ ամոթ քեզ, միշտ պետք ա շանս տալ ազնիվ կենդանիներին: Շաբաթ օրը խոզը մի տասը կիլո զոռով կերավ, աղիքները պայթեցին՝ սատկեց: Սաղ սկսեցին սգալ, ողբալ ու քննարկել՝ էդ ոնց եղավ, որ չստացվեց: Արջը հարցրեց՝ հա, բայց կարա՞ր ուտեր 3 տոննա: Սաղ արջին թարս չափեցին՝ մի չարախնդա, հենց սկզբից էլ նավսում էիր: Արջն ասաց՝ օքեյ, էդ 3 տոննա տանձից մի հարուր կիլոն լցրեց մեշոկն ու գնաց տուն:

***

Մի օր իմաստուն եղջերուն, նկատելով, որ դարավոր կաղնու ճյուղերն ու իր գլխին աճող պոզերը շատ նման են, կաղնին հայտարարեց սրբատեղի: Ու բոլոր եղնիկները գալիս էին ծառի մոտ՝ երկրպագության: Գայլերը լսեցին նոր պաշտամունքի մասին ու եկան հագեցնելու հետաքրքրությունը: Հետո մի թեթեւ հագեցրեցին նաեւ քաղցը՝ տապալված եղնիկին անվանակոչելով զոհ, ծիսակարգը՝ զոհաբերություն: Սա դարերի ընթացքում վերածվեց բարի ավանդույթի, որին համերաշխ հետեւում էին ինչպես գայլերը, այնպես էլ եղնիկները:

***

Առյուծն ու եղնիկը որոշեցին միասին ընթրեն: Պայմանավորվեցին՝ ամեն մեկն իր համար իր ուտելիքը բերի: Եկան նստեցին, եղնիկը սեղանին մի խուրձ խոտ դրեց ու հարցրեց՝ առյուծ ախպեր, բա դու հետդ չե՞ս բերել: Առյուծը, թե՝ հեն ա, նստած ես, էլի: Ու որ ամեն ինչ արդար լինի, առյուծը սպասեց, որ սկզբում եղնիկն ուտի իր խոտը:

***

Մի օր եղնիկն իմացավ, որ ռնգեղջյուրը առյուծների հետ տալ-առնելիք ա ունեցել ու կրած ա դուրս եկել: Մոտեցավ ռնգեղջյուրին ու հարցրեց՝ լսի, մեռնեմ դուխիդ, բա դու խոտակեր չե՞ս: Սա թե՝ է հա՜: Եղնիկն էլ բան չհարցրեց, գնաց խառնվեց առյուծների պրայդին: Մի ջահել առյուծ սրա ազդրը համփ արեց ու տարավ վայելելու: Եղնիկը կաղալով եկավ ռնգեղջյուրի մոտ ու զայրացավ, թե՝ խաբեցի՞ր: Ռնգեղջյուրն էլ, թե՝ չէ, այ ոչխար, պռոստը հարցդ էր սխալ. պետք ա հարցնեիր՝ քո կաշին է՞լ ա իմինի նման նուրբ:

***

Մի օր ոզնին հարցրեց գայլին՝ այ տղա, դու ընդհանրապես քեզ մեղավոր չե՞ս զգում, երբ ուտում ես էդ խեղճուկրակ նապաստակներին: Գայլի աչքերը մի պահ զարմանքից թռան ճակատին, հետո մտածեց, գիտակցեց իր արածի ողջ հրեշավորությունը ու կերավ ոզնուն: Ոչ թե որ փակի ոզնու բերանը, այլ որովհետեւ սոված էր:

***

Մի օր անտառի բոլոր կենդանիները ֆորում հրավիրեցին՝ խոսելու էքզիստենցիալիզմի նշանակության, դադայիզմի եւ սյուրռեալիզմի ընդհանրությունների եւ նման բաների մասին: Թարսի նման մարդկանց մոտ էդ օրը որսի սեզոնի բացումն էր:

***

Ուրեմն մի խումբ գելերի կանչում են հեռուստատեսություն՝ մասնակցելու թոք-շոուի, որպես մի խումբ աղվեսների օպոնենտ: Թեման՝ «Ինչպես պատրաստել նապաստակի միսը»: Գելերն ասում էին՝ տապակել, աղվեսներն ասում էին՝ խաշել, նապաստակներն էլ SMS քվեարկությամբ որոշում էին, թե ով ա ճիշտ, ով՝ սխալ:

Վահագն Թեւոսյան- լրագրող, սցենարիստ

Լուսանկարի հեղինակ՝ Գեորգի Պատարյա

Հրապարակ մշակութային հավելված

Մեկնաբանություն
X