Երկու դիմանկար․ Մեր հայրերը

ԳԱԳԻԿԸ

Ամեն Աստծո օր լուսահոգի հորս եմ հիշում։ Ինձ լքեց մեկ եւ ավելի տարի առաջ (ինչու ինձ՝ քանզի բոլորից շատ հենց ինձ էր սիրում՝ առաջին երեխան էի ու արտաքինով էլ իրեն շա՜տ նման)։ Մոտ մեկ տարի անկողնային դարձած՝ դրանից տառացիորեն շաբաթներ առաջ գյուլլի պես արագաքայլ հայրս անսպասելի կորցրեց քայլելու ունակությունը։ Խնամում էի։ Ծանր էր։ Հոգսերի տակ կորացած՝ գումարած անշարժացած ծնողի խնամքը։ Ուժերս ու մարմինս ապստամբում էին, ու երբեմն հիստերիկ պոռթկումներ էի ունենում։ Ախր, հիվանդապահին էլ կարելի է հասկանալ, չէ՞․ ասում են՝ խնամատարի գործն է՛լ ավելի զոռ է, քան հիվանդինը, մանավանդ՝ երբ դրանից առաջ էլ անկողնային սկեսուր ես խնամել։

Ամեն Աստծո օր եմ հորս հիշում… Ի՞նչ արեցի ես նրա համար, հը՞։ Կենդանության ժամանակ շորերն էի լվանում, արդուկում, լողացնո՞ւմ… Անկողին ընկավ՝ պահեցի, մահացավ՝ հուղարկավորեցի՞, տապանաքա՞րը դրեցի… Եվ ընդամե՞նը…

Կիսատության, չբավարարվածության որդը հորս անգոյության օրվանից դարձել է ներսիս մշտակա բնակիչը, չարախնդում է վրաս, ապտակներ ծեփում երեսիս՝ ինչո՞ւ էիր հոգեխանգարման արբունքի հասած՝ վրան բղավում… Վա՜խ, իմ անչար, երեխայի պես անսահման մաքուր, բյուրեղյա ջինջությամբ պապա…

Թեպետ… քեզ «պապա» երբեք չեմ ասել։ Հիշո՞ւմ ես՝ ոնց էիք բոլորդ դա «բացատրում» ինձ… Դու ինձ ունեցել էիր շատ երիտասարդ, այնպես, որ իմ ու քո տարիքային բաժանումը մեծ չէր։ Տատս ու պապս էին ինձ, որպես առաջին թոռնիկի, պահել-փայփայել, երես տվել, ու բոլորդ ինձ ասել էիք՝ Գագիկը եղբայրդ է, մորս էլ որպես քույր էիք ներկայացրել։ Էդպես էլ տատ ու պապս մինչեւ վերջ «մամա-պապա» մնացին, դու, Գագիկ ջան՝ «մեծ եղբայր»։ Հիշո՞ւմ ես, Գագիկ, դու ինձ երբեք չէիր գրկում, չէիր փաղաքշում, չէիր գզմրտվում հետս, ինչպես ուրիշ պապաներն էին «խաղում» իրենց երեխաների հետ։ Միայն ճակատս էիր նրբագույն համբուրում՝ արի, բալի՜կ ջան, արի մի հատ ճակատիդ պաչի՜կ տամ… Ու մեկ էլ մեն միակ հանաքով խոսքդ՝ տո մոկոլո՜զ։ Ի՞նչ էր նշանակում «մոկոլոզը»՝ երբեք չհարցրի, քանզի հասկանում էի՝ նշանակում է մի բան, որը շա՜տ սիրելիներից բացի, այլ ոք չի կարող վաստակել։ Այն ժամանակ չէի էլ հասկանում «ճակատը համբուրելուդ» հզորությունը։ Չգիտեմ… հորս՝ ճակատը համբուրելու մեջ այնքա՜ն գորովանք, նրբություն, սե՜ր կար…

Հայրս բազմաշնորհ մարդ էր․ մասնագիտությամբ խառատ էր ու փայլուն մաթեմատիկա իմանալու շնորհիվ գերբարդ, մաթեմատիկական ճշգրտությամբ ավտոդետալներ էր չափագրում։ Ու ինչքա՜ն էր սիրում իր մասնագիտությունը, ի՜նչ հաճույքով էր մետաղին շունչ տալիս ու հպարտանում դրանով։ Ֆիզիկա, քիմիա, երկրաչափություն, եռանկյունաչափություն, աստղագիտություն գիտեր՝ մաթեմատիկայից բացի։ Բա գրականությո՜ւն, մանավանդ՝ հայ միջնադարի քնարերգությունը․ սեղանի գրքերը Սայաթ-Նովան, Նարեկացին, Քուչակն… էին, որ էնքան էր կարդացել, բացուխուփ արել՝ մաշվել- բզկտվել էին… Երգիդ մեղմ ձայնը ունկերումս լռվել-մնացել է․ ի՜նչ մելոդիկ ու թովիչ էիր երգում՝ գիրքը բացված, գուրգուրանքով ափերիդ մեջ առած․ «Աշխարհքս մե փանջարա է, թաղերումեն բեզարիլ իմ…»։

Լավ նկարել էլ էր կարողանում՝ նստեիր դեմը, էնպես «կոպիա» կնկարե՜ր որ։ Համ էլ сам себе պոետ էր, բա՜յց… քաղաքական թեմաներով․ «անտիսավետսկի» կարճ բանաստեղծություններ էր գրում՝ քառատողեր, հիշում եմ՝ թանաքով ու գրչածայրով (ինքն էր էդպես ասում), ու միշտ թաց թանաքը հաստ մատներից լղոզվում էր թղթի վրա։ Եվ ի՜նչ ֆանտաստիկ հիշողություն՝ մեկ-երկու անգամ կարդալուց հետո բռում ճմրթած թուղթն այլեւս աղբ էր դառնում, իսկ ինքը նույնաթեմա բազում բանաստեղծությունները ո՜նց էր անգիր, առանց պաուզայի մեկը մյուսի հետեւից հիշում։

Իմ դպրոցը մոտ էր, մենակ էի գնում-գալիս, բայց, այ, դաշնամուրի՝ պետք էր, որ Գագիկն ուղեկցեր։ Չէի ուզում, միշտ լացուկոծով էի համաձայնում՝ մայրս ամեն բարլուսախառն, տնից դուրս գալուց առաջ, «նա վսյակի», զգուշացնում էր հորս, մրթմրթում վրան, թե մի օր էս մարդը մեզ իր ոտանավորներով բռնել կտա։ Բայց դա հորս «դունդուկ» գլխում (մորս խոսքերն են) ոչ մի կերպ չէր տեղավորվում։ Ամբողջ ճանապարհը՝ տրանսպորտում թե դրսում, բողոքի քառատողերն արտասանելով էր ինձ ուղեկցում, մեկին էլ հանդիպելիս, երբ հարցնում էին՝ Գագիկ ջան, ո՞նց ես, բանաստեղծություններով էր պատասխանում՝ զիլ, կծու, անխնա… Եվ ինչքա՜ն համեստ էր իր ունակությունների հարցում, բացարձակ չէր կարեւորում սեփական արժանիքները։ Ափսոս… գլխիս եմ տալիս՝ ինչո՞ւ ոչ մի ոտանավոր գրի չառա կամ գծանկարներից մեկնումեկը չպահեցի…

Իսկ ես հորս բազում շնորհներից միայն նկարելու եւ ստեղծագործելու ձիրքով եմ քաշել։ Էսօր հորս լուսանկարը, որտեղ ընդամենը քսանվեց տարեկան է եւ նկարվել է պապիս մահվան առիթով՝ թավ մորուքով, կապտախաժ աչքերում՝ լույս, ցավ, կորուստ միախառնված, տեղադրեցի իմ իսկ ձեռքով «հնարված» շրջանակի մեջ։ Այդ նկարը միշտ շատ եմ սիրել, իսկ հիմա մի ուրիշ կարգի է վերարժեւորվում մեջս։

Հիմա նստած՝ հորս մասին եմ գրում․ ուզում եմ կիսատությունս լցնել, անավարտության զգացումս խեղդել, ուզում եմ պոռթկումներիս «մեղավորությունից» ազատվել… Չեմ կարողանում։ Ամենից հետո, թերեւս, ոչինչ էլ չի մնում անել… Մնում է միայն նայել Գագիկի՝ իմ ձեռքով «կահավորված» լուսանկարին ու հասկանալ, որ, մեկ է, ինչ էլ անեմ՝ հորս հանդեպ պարտքերս անզոր եմ մարել…

ՀԱՅՐԻԿԸ

Մեր պապաները հեռացան մի երեք ամսվա տարբերությամբ։ Արամի մեջ էլ դեռ փակված չէ կորստյան վերքը։ Հոր՝ վիրաբույժ Հակոբ Թամամյանի։ Կհարցնեք՝ ինչու հորիցս հետո Արամի հայրը…

Ես ու Արամը ճակատագրորեն շատ նման ենք իրար։ Իմ հայրն ինձ համար Գագիկ էր, Արամը հորը «Հայրիկ» էր ասում։ Հայրիկին վաղուց եմ ճանաչում, ուղիղ էն ժամանակներից, երբ Արամի հետ ծանոթացա։ Բայց… ճանաչել եմ տաղանդավոր Արամ Պաչյանի սիրուն պատմվածքներից, զգայացունց էսսեներից, որտեղ Հայրիկն այնպիսի բարձրակետի է հասցված, այնչափ պաշտելի մի կերպար է, որ, թվում է՝ հազար տարվա ծանոթներ ենք։ Առաջին անգամ Հայրիկի հետ ծանոթացա մի էսսեից, որտեղ 7-8 տարեկան Արամը, մեկ տարով ավագ քույրն ու երիտասարդ մայրը, Նոր տարվա սեղանը գցած, հեւիհեւ սպասում են հորը, որ պիտի, ահա, ուր որ է՝ մի կարճ պահով գա ռազմաճակատից։ Սեղանը գցված է, բայց ընտանիքն այդպես էլ չի հավաքվում սեղանի մոտ, որովհետեւ թուրքը նորից գնդակոծել է, ավերել, զոհեր ու վիրավորներ կան… Հակոբը շա՛տ է պետք ճակատին։

Իմ ու ռազմական վիրաբույժ Հակոբի ծանոթությունը հենց այս պահից է սկսվում։ Մեկ ուրիշ տեղ՝ «Օվկիանոսում», ընտանիքով հավաքված են թեյի սեղանի շուրջ։ Քաղցրավենիք ու հոնի մուրաբա վայելելու հետ, ընտանեկան սովորույթին հավատարիմ, հայր ու որդի իրենց կարդացած գրքերն են քննարկում։ Հայրիկը, որ շատ ընթերցասեր էր, ու, երեւի, ինքն էլ նրան է քաշել (թեպետ մորական պապն էլ ահավոր շատ էր կարդում), այնպես ֆանտաստիկ է նկարագրում գիրքը, որ դեռահաս տղուկը, հորով զմայլված՝ չի էլ նկատում, թե ինչպես է հոնի՝ պտղամսից վաղուց անջատված կորիզը պտուտակի պես արագ ֆռռում բերանում։ Ահավասիկ՝ այս մի տեղում էլ դպրոցահասակ տղան երկար մտածած իր «ֆոկուս»-սյուրպրիզն է ուզում անել սիրելի Հայրիկի համար ու ակամա հրկիզում է տոնածառը։

Զինադադարից հետո կամավոր Հայրիկը վերադառնում է, շարունակում է աշխատել մասնագիտությամբ, բազում կյանքեր է փրկում, բարդ ու հաջողված վիրահատությունների արդյունքում վաստակում հիվանդների եւ գործընկերների սերն ու պաշտամունքը։ Պատերազմի արյունաներկ ճանապարհով անցած այրը, սակայն, տեսածն ու ապրածը պետք է հետո՝ «խաղաղ» օրերին, ճգներ խեղդել իր մեջ, խխունջի պես պարփակվեր պատյանում, կրծոտվեր։ Զոհ ու խեղում տեսած, որտեղ ասես վիրավոր վիրակապած ու վիրահատած, ազատամարտիկին ոտքից ու ձեռքից «զրկած», տաք կերակուրին ու փափուկ անկողնուն, հարազատների ջերմությանը կարոտ մարդը պիտի կոշտանար, դառնար անժպիտ, խոժոռ, «անսեր»…

Ես ու Արամը շատ շուտ մտերմացանք։ Երեւի՝ որովհետեւ ճակատագրորեն իրար շատ էինք նման։ Ինքը դարձավ իմ «խոստովանահայրը», ես՝ իր «խոստովանամայրը»։ Երկուսս էլ՝ զգացմունքային, խենթ, պոռթկումների պրկված կծիկ, նրբազգաց…

Երբ պիտի գրկվեր ու երես առներ ծնողից, պատերազմը կանգնեց հոր ու որդու արանքում, ու պիտի տարիներ հետո գիտակցության մեջ դրոշմվածը աղաղակեր՝ ինչի՛, ախր ինչի՛ մի անգամ չգրկեցիր ինձ, չհամբուրեցիր, պապ… Կարկուտի պես հատու՝ օդում ջարդվող բառեր… Ու… ապշելու բան՝ շուրթերի անկյուններում ու մուգ-շագանակ աչքերում թույլ նշմարվող բարի ժպիտ։

Իմ հաղարջներով շորը Արամին մոր երիտասարդությունը պիտի հիշեցներ՝ կարմիր «վիշնյաներով» չթե խալաթը, ու պիտի հետո կարոտով գրեր այդ մասին։ Պիտի ընթերցեիր ու տողատակերից տղայի հաստ շուրթերի անկյուններում հիացմունք գծագրեիր։ Մոր հանդիմանանքի խոսքերն անգամ պիտի քաղցրությամբ հիշեր՝ յանի գործ ես գտել, հա՞․ գրո՜ղ, չէ-չէ՜ մի… Դե երբ որ սոված կմնաս, գրքերդ հատ-հատ կուտես։ Հա, չմոռանաս մի քիչ էլ աղ ու բիբար անես, որ համով լինի…

Այնուամենայնիվ, Արամին հաջողվում է գոնե մեկ անգամ գրկել հորը։ Ի՛նքը գրկել… Դա Հայրիկի վերջին օրերն էին, երբ նա հիվանդանոցում երկարատեւ բուժվում էր։ Ասել է՝ արի՛, Հայրիկ ջան, արի գոնե ե՛ս քեզ համբուրեմ։ Ու գրկել է ժամանակից շուտ հյուծված ու քայքայված Հայրիկի հեռացող մարմինը։

Ափսոս, որ ես բժիշկ Հակոբին առաջին ու վերջին անգամ իր մահվան առիթով տեսա՝ երկնագույն բժշկական պիլոտկայով ու խալաթով լուսանկարից։ Կեցվածքում հպարտություն կար, վեհություն, հայացքում՝ ցավ, վիշտ, զուսպ սեր… Անգամ անպաճույճ, համեստ տնից էր հասկացվում՝ ապրել է մաքուր, ժուժկալ եւ ազնիվ։

Արուս ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X