Արձանի հեղինակը չի վախենում, որ այն կարող են վնասել

Հասարակական-քաղաքական գործիչ Արամ Մանուկյանի հուշարձանի շուրջ աղմուկը շաբաթներ առաջ փոթորկեց սոցիալական ցանցերն ու մամուլը։

Հեղինակը՝ քանդակագործ Դավիթ Մինասյանը, Արամ Մանուկյանին պատկերել էր եռագույնի մեջ փաթաթված՝ ճեղքված քարե սալահատակի մեջտեղում՝ մեծածավալ չափերով, ինչը հանրության կողմից միանշանակ չընկալվեց։

Քանդակը պետք է տեղադրվի այս տարի, Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյա հոբելյանի շրջանակներում՝ մայիսի 28-ին, Հանրապետության հրապարակում՝ Արամի եւ Նալբանդյան փողոցների հատույթում։ Այս հատվածում քանդակի պատվանդանի համար սալիկներն արդեն հանել են՝ տեղ նախապատրաստելով նոր արձանի համար։

Քանդակագործ Դավիթ Մինասյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես են ընթանում աշխատանքները։ «Նորմալ»,- կարճ պատասխանեց նա ու նշեց, որ արձանի բացումը նախատեսված է հենց մայիսի 28-ին․ «Բայց ես, որպես հեղինակ, ժամկետի պատճառով որեւէ թերացում անթույլատրելի եմ համարում»։ Իսկ արձանի համար անհրաժեշտ գունավոր քարերը բերվե՞լ են, քանի որ դրանք պետք է դրսից ներկրվեին։ «Ամեն ինչ լավ է, բաներ կան՝ եկեք թողնենք՝ թող սյուրպրիզ մնան, որովհետեւ արվեստը եւ ստեղծագործական պրոցեսը ենթադրում են սյուրպրիզ»,-ասաց քանդակագործը։

Մտավախություն չունի՞, որ արձանը տեղադրվելուց հետո կարող են վնասել, քանի որ հասարակության կողմից այն չընդունվեց։ Հեղինակն ասաց․ «Ընդամենը աղմուկ եղավ, Ֆեյսբուքում հասկացող-չհասկացող, կեսը՝ քաղաքական առումով, կեսը՝ մասնագիտական, ներվայնացած առումով, էն մյուս կեսը չգիտեմ ինչ առումով որոշեցին մի էսքիզով, որ վատ է։ Հիմա էլ մարդիկ գալիս տեսնում են ընթացքը՝ որոշում են, որ լավ է, հիմա ես որի՞ վրա հենվեմ, թողեք անեմ, էլի, վերջացնեմ»։

Այն, որ աղմուկը միայն Ֆեյսբուքում չէր, այլեւ հենց հանձնաժողովի անդամները բարձրաձայնեցին, որ մրցույթն արդար չի անցել, եւ այլ տարբերակ է հաստատվել, Մինասյանը հորդորեց Հ1-ով հեռարձակված հաղորդումը նայել, որտեղ պատասխանել է նրանց բոլորին՝ ասելով որ սխալվում են․ «Մատենադարանը, երբ բացվել է, Մեսրոպ Մաշտոցի արձանի մասին մարդիկ ասել են՝ նման չէ, գլուխը ջարդել են, հետո հեղինակը նորից է գլուխը քանդակել, տարել տեղադրել, որը շեդեւր է, հիանալի արձան»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X