Nothing

Պատահում է՝ հոգնում-հագենում ես տարաբնույթ երաժշտություններից, նրանց գեղագիտական, գաղափարային նկրտումներից, նրանց զգացմունքային, կարոտախտային, խոհական, քնարական կամ, որ առավել անտանելի է՝ զվարճանքային դերակատարություններից, հագենում ես այն աստիճանի, որ մեկ ելեւէջ իսկ ի վիճակի չես ներառելու։ Եվ այս դեպքում օգնության ձեռք կարող է մեկնել մետաղային ծանր ռոքը, որն այնքան երաժշտություն չէ, որքան ակտ, գործողություն… Այս ասպարեզում էքսկուրսներ կատարելիս շատ ուշագրավ, թարմացնող անակնկալների կարող ես հանդիպել, օրինակ՝ «System of a down» խումբը, ով իր բողոքն ընդդեմ ցեղասպանության, պատերազմների, բռնությունների, երեսպաշտության՝ պարզապես ժայթքեցնում է աշխարհի դեմքին, «Sepultura» խումբը՝ իր հզոր, թվում է՝ անսպառ էներգետիկ ռեսուրսով, որ նաեւ էթնիկ արմատներ է ներբերում ծանր ռոք, «Slayer» խումբը՝ իր հատու, արտառոց «ֆիրմային» ֆրազներով, ում կծու սարկազմը, թունդ հայհոյանքը քաղքենիության, կաղապարվածքների, բռնությունների շղթաներից պահ առաջ ազատվելու պոռթկումներ են, «Morbid Angel» խումբը, որի բրուտալ ծանրությունը, թանձրությունն ու խորությունն անհավատալի են։ Այս խումբը ոչ միայն անարդարությունների, բռնությունների եւ անազատության շղթաներն է ուզում պոռթել, այլեւ այս իրականության հետ կապող շղթաները՝ առհասարակ, ազատությունը տեսնելով անդինում։ Սակայն քիչ է, դու գնալով ագահանում ես, ավելին ես ուզում՝ էլի, էլի…

Եվ, ահա, մի անակնկալ հանդիպում եւս, մի չափազանց ուշագրավ երեւույթ՝ «Meshuggah» շվեդական խումբը։ Նրա ձայնագրություններից առաջինը, որ հանդիպեց, 2002 թվականի «Nothing»-ն էր։ Այս Nothing-ը հետագայում կրկնվում է տարբեր տարիներին, այլեւայլ տարբերակներով, առհասարակ՝ Nothing-ով, ասել կուզի՝ ոչնչով կարծես թե ներծծված են խմբի բոլոր կատարումները, ոչինչն ասես նրանց ստեղծագործության առանցքն է։ Առաջին իսկ հնչյուններից սկանդինավյան պաղ թանձրությունն օվկիանոսային խորությամբ քեզ առնում է իր մեջ, մասնատում է բջիջ առ բջիջ, դարձնում ոչինչ, դու ոչինչ ես ոչնչի մեջ, եւ այս վիճակի զգացողությունն անիրական է, ֆանտաստիկ։ Թմբուկն ասես ոչնչին է զարկում՝ խուլ, տարաշխարհիկ դղիրդներ վերհանելով նրա ընդերքից, գիտառների լարերը՝ ասես ճոպաններ, ոչնչի վրայով են կապած, թանձր, սարսռեցնող թրթիռներ են տարածում, իսկ ձայնողները (երգող չես ասի) ասես քուրմեր են՝ թավ, սերտ, խզխզուն, անդինային… Եվ ոչինչը ներխուժում է աշխարհ… Ոչինչը ոչինչ չի պահանջում, չի պարտադրում, չի համոզում, չի սիրաշահում, ազատ ես քո զուգորդումներում, գոռա, ոռնա, լաց եղիր, խնդա, ճչա, թափահարիր ձեռքերդ, գլուխդ, պտտվիր, ոլորվիր, ձայնիր ու շարժվիր ոնց կուզես, ազատ ոչինչ ես ոչնչի մեջ… Nothing…

Ծանր ռոքը բալասան է, առողջարան, մտիր կազդուրվիր՝ մաքրված դուրս արի. պատրաստ ես նորից բեռնվելու…

Գուրգեն Խանջյան- արձակագիր

Հրապարակ մշակութային հավելված

Մեկնաբանություն
X