Հանգիստ թողեք պատմությունը, այն հնարավոր չէ վերադարձնել

Պատմության ուրվականը շրջում է փողոցներով, անկոչ հյուրի պես մտնում է բոլորի տները՝ բույն դնելով մարդու գանգի մեջ: Նկատե՞լ եք հանրային դիսկուրսի մեջ գրեթե բացակայում է ստեղծել բայը: Դրա փոխարեն հիմնականում կիրառվում են վերստեղծել կամ կստեղծենք տարբերակները: Բայց սա դեռ ամենը չէ: Կա շատ ավելի անհասկանալի հարացույց ևս, որն է՝ վերադարձը: Այսինքն առաջնային պլան է մղված ինչ-որ տեղ, ինչ-որ ժամանակաշրջան կամ անցյալում գոյություն ունեցած ինչ-որ իդեալականացված տարակերպի վերադառնալու հիվանդագին միտումը, ավելի ճիշտ՝ մոլուցքը: Այլ խոսքով ասած՝ ունենք մարգինալ ներկա, մշուշոտ ապագա և կատարյալ անցյալ, որին պետք է անպայման վերադառնալ: Այն պետք է դեռ վերստեղծվի: Վերստեղծենք խորհրդային կրթական համակարգը: Վերադառնանք դասական ուղղագրությանը: Վերստեղծենք մշակույթը: Վերադառնանք քրիստոնեական-հայկական ավանդույթներին: Եվ այսպես շարունակ, այսպես վերստեղծելով՝ վերադառնանք Արտաշես 1-ի Մեծ Հայքին, որը պատմահայր Մովսես Խորենացին դիտարկում է որպես կատարյալ հայրենիք, իսկ Ողբը՝ դրա հակադիռ բևեռ:

Հայերն իրենց մշակույթին վերաբերվում են ինչպես հանգուցյալի: Ասվածի վառ ապացույցն է այն, որ ոչ ոք դրա մասին չի խոսում ներկա ժամանակով, իսկ եթե խոսում է, ապա դրա բացակայության մասին. «Իսկ դուք գիտե՞ք, թե ինչ մշակույթ են ունեցել հայերը»: Ահա այսպիսի նախադասությամբ ենք մենք դիմավորում Հայաստան ժամանած զբոսաշրջիկներին, բայց երբեք չենք ասում, թե ինչ ունենք այժմ: Հայաստանում գործում է հետևյալ սկզբունքը. հանգուցյալի ետևից՝ կամ լավը, կամ ոչինչ: Եթե ուշադրություն եք դարձրել, հայկական մշակույթի մասին խոսելիս նույնպես մենք խոսում ենք կամ լավը, կամ ոչինչ: Դեռ ավելին՝ հայերը շատ են սիրում հանգուցյալների պաշտամունքը՝ նրանց հաղորդելով բացառիկ և վերբնական հատկություններ: Ճիշտ նույնը կատարվում է նաև մշակույթի պարագայում: Երևի թե զբոսաշրջիկներն այնքան էլ կոռեկտ չեն համարում, որպեսզի հարցնեն, թե ո՞ւր է այդ մշակույթն այսօր, որտե՞ղ է, և վերջապես որտե՞ղ են դրա կրողները: Կամ էլ երևի հարցնում են և որպես պատասխան ստանում հայկական մշակույթի «գլուխգործոց» խորովածը, չէ՞ որ ազգային ավանդույթ է, բոլոր դժվար հարցեր տվող արտասահմանցիների բերանը փակել ուտել-խմելու միջոցով:

Հարդյունս այս ամենի ո՛չ ստեղծվում է և ո՛չ էլ վերստեղծվում, պարզապես արձանագրվում է հերթական շրջապտույտը ունայնության մեջ կամ դրա շուրջ, ունայնություն ունայնության մեջ կամ էլ դարձ ի շրջանս յուր: Պատմությամբ ապրում են, պատմությամբ՝ շնչում, տառապում, ոգեշնչվում, ափսոսում և ի վերջո շահարկում: Պատկերացրեք մարդուն երիկամի մեջ ինչ-որ անհանգիստ քարի հետ միասին, որը շարժման արդյունքում անկանոն այս ու այն կողմ է թռնում՝ պարբերաբար հարվածելով մարդուն: Ինչպիսի ծանր իրավիճակ է չէ՞, նեղ տարածություն, տարերային շարժում և հարվածող քար՝ անկանոն ու անկանխատեսելի: Երիկամի նեղ տարածությունը արդի գաղափարական միջավայրն է, մարդը ապագայինն է, իսկ հարվածող քարը՝ ցավոտ անցյալը: Այսինքն ներկայումս ձևավորվել է գաղափարական նեղ, միագիծ սևուսպիտակ միջավայր, որտեղ մարդը առաջ շարժվելու հնարավորություն չունի և դրանից ելնելով հայացքն ուղղում է դեպի անցյալ, որի հարվածների ալիքի տակ մարդը դատապարտված է, պարզապես զրկված է ծառից իջնելու, մեջքն ուղղելու և քարից կրակ ստանալու հնարավորությունից: Այսինքն ստեղծագործական ճիգն արգելակված է, նա չի կարողանում նոր տուն կառուցել, քանզի դեռևս հիշում ու պահանջում է հին կացարանը, որը գտնվում էր ծառի վրա: Հանգիստ թողեք պատմությունը, այն հնարավոր չէ վերադարձնել։

Մեկնաբանություն
X