Գավառի բնակիչները վախեցած են

Վերջին մեկ տարում Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում սպանություններն ու կրակոցները շատացել են: Գավառցիներն ասում են, որ Գավառում փողոց դուրս գալը վտանգավոր է դարձել, մանավանդ գիշերը, որովհետեւ բացակայում է գիշերային լուսավորությունը: Իսկ 54-ամյա Հայրապետ Հերգնյանի սպանությունից բնակիչները ցնցված են: Սպանվածի հարազատներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ սպանվածի տղան բանակում է ծառայում, Հայրապետն էլ շուկայում արտարժույթի առքուվաճառքով էր զբաղվում, լուծելով օրվա հացի խնդիրը. «Արդեն վախենում ենք փողոց դուրս գալ, մեկ էլ տեսնես մի տեղից կրակոց ա հնչում: Նրբանցքներ կան, որ չունեն գիշերային լուսավորություն, ահ ու վախով ենք աշխատանքից հետո տուն հասնում: Անցած տարի հենց քաղաքի կենտրոնում փոխմարզպետի որդուն սպանեցին»,- ասում է զրուցակիցս:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին՝ ժամը 22-45-ին, Գավառ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել ամուսնու՝ 1963թ. ծնված Հ. Հերգնյանի անհայտ կորելու վերաբերյալ: Հերգնյանը Գավառի շուկայի տարածքում զբաղվում էր տարադրամի փոխանակմամբ: Սպանության մեջ կասկածվողը համագյուղացի Միշա Մխիկյան է, ով կալանավորված է: Քննություն է գնում։ Բացի այդ, դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ 2017թ. նոյեմբերի 2-ին Միշա Մխիկյանի վերաբերյալ դատական նիստ է կայացել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը:

Գավառցիները մեզ պատմեցին, որ ուղիղ մեկ ամիս առաջ էլ կրակոցներ են հնչել քաղաքում, որի ժամանակ հրազենային վնասվածքներ ստացած Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ, 31-ամյա Հայրապետ Հարությունյանը տեղափոխվել է հիվանդանոց. «Գավառը կրիմինալ քաղաք է դարձել: Մեկը մյուսից վրեժ ա լուծում, խմում են, մի քիչ գլուխները տաքանում, կռիվը պատրաստ է»:

Ըստ դատալեքսի, 31-ամյա Հայրապետ Հարությունյանը եւս դատապարտված է եղել է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, առողջության ծանր վնաս պատճառելը:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X