Հրապարակ մշակութային հավելվածի նոր համարը՝ վաղը

Սիրելի ընթերցող․

Վաղը՝ մարտի 9-ի «Հրապարակ» օրաթերթի համարում, կարող եք ընթերցել նաեւ Հրապարակ Մշակութային Հավելվածի 2-րդ համարը։

Համարում կարող եք կարդալ արձակագիր Գուրգեն Խանջյանի «Nothing» էսսեն․ «Ոչինչը ոչինչ չի պահանջում, չի պարտադրում, չի համոզում, չի սիրաշահում, ազատ ես քո զուգորդումներում, գոռա, ոռնա, լաց եղիր, խնդա, ճչա, թափահարիր ձեռքերդ, գլուխդ, պտտվիր, ոլորվիր, ձայնիր ու շարժվիր ոնց կուզես, ազատ ոչինչ ես ոչնչի մեջ… Nothing… Ծանր ռոքը բալասան է, առողջարան, մտիր կազդուրվիր` մաքրված դուրս արի. պատրաստ ես նորից բեռնվելու…»։

Բանաստեղծ Արմեն Շեկոյանի «Մեծ սպասում» վերնագրված անտիպները․

«Մենք՝ անհասցե ու ընկեցիկ,

էլ չենք զորում նոր թափ առնել։

Տարիներով ծամծըմեցինք

դժվարամարս գաղափարներ․․․ »։

Թատերագետ Գայանե Մկրտչյանի թատերախոսությունը՝ «Տրամվայ «Ցանկություն»» ներկայացման պրեմիերայի առնչությամբ․ «Միայն սիրահարության պար-տեսարանում ճանաչելի ջազային Արամոն էր: Ներկայացման լավագույն տեսարաններից էին երկուսի (Արամոյի եւ Լուիզայի) հրաշալի ջազային պարը՝ իբրեւ սիրային երկխոսության բեմական պլաստիկ լուծում: Սա է ներկայացումը, եւ սա տեսնելու համար են գալիս թատրոն, այլապես կարելի է հանգիստ թիկնած՝ պիեսը կարդալ․ սա չես տեսնի կարդալիս, սա է մտահղացումը եւ իրականացումը»:

Դրամատուրգ, թարգմանիչ, դերասան Էլֆիք Զոհրաբյանի էքսպրոմտ- սատրիան վերնագրված․ «ՄԱՐԴԱՍՊԱՆԸ ձեր «ամենա»սիրելին է. ո՞ւմ պարգեւատրել»․ «Մարդկանց մատները սահում են քո բաղձալի մարմնի վրայով, դու կրքավառ քաշում ես նրանց քո հետեւից դեպ ո՞ւր...Է՛յ, մա՛րդ, չլսեցի՞ր, ռումբ պայթեց կողքիդ, հո չվախեցա՞ր. լավ է, որ անտարբեր մնացիր, դե տարված էիր ՆՐԱՆՈՎ...»։

Լրագրող, սցենարիստ Վահագն Թեւոսյանի առակները՝ «Кառակулы» շարքում․ «Ուրեմն մի խումբ գելերի կանչում են հեռուստատեսություն՝ մասնակցելու թոք-շոուի, որպես մի խումբ աղվեսների օպոնենտ: Թեման՝ «Ինչպես պատրաստել նապաստակի միսը»: Գելերն ասում էին՝ տապակել, աղվեսներն ասում էին՝ խաշել, նապաստակներն էլ SMS քվեարկությամբ որոշում էին, թե ով ա ճիշտ, ով՝ սխալ»:

Արվեստաբան, կուրատոր Սեդա Շեկոյանի «Թանգարանը որպես նոր պառլամենտ եւ փոփոխությունների գործակալ» հոդվածը․ «Հայաստանի թանգարանները բացակայում են ոչ միայն աշխարհի թանգարանային քարտեզից, այլև հաճախ իրենց քաղաքներից, համայնքներից, իրենք իրենցից։ Պարզ է, որ այս արդյունքներով հայաստանյան թանգարանը ոչ միայն չի կարող լինել փոփոխության գործակալ, այլև ստատուս քվոյի՝ իրերի ներկա դրության գլխավոր պահապաններից է»։

Մեկնաբանություն
X