Մեր տաճարը գոմ են սարքել, սակայն կգա ժամանակը, եւ այնտեղ նորից խնկարկություն կլինի

Շատերն ինձ ասում են․ «Քեզ պե՞տք է, որ գրում ու գրում ես սոցցանցերում, դու քո կյանքով ապրի, քո մասին մտածի, թէ չէ հայ ազգ, հայ հայրենիք ... վերջին հաշվով սուտ բաներ են դրանք բոլորն էլ, եղունգ ունես՝ գլուխդ քորի ու ուրիշների համար էլ մի անհանգստացի, որովհետև այդ նույն ուրիշները թքած ունեն քեզ վրա»:

Հասկանալի է, բայց չէ՞ որ մենք մարդ ենք հենց այն պատճառով, որ մեր սեփական անձի ու ինքնության զգացողության մեջ չեք ներառում բացառապես միայն մեր ֆիզիկական մարմինը և մեր գոյությունը չենք պայմանավորում այդ մարմինը ապրեցնելու և բազմացնելու գործով, ինչպես դա արվում է կենդանիների մոտ: Անգամ կենդանիների մոտ էլ դա այդքան միանշանակ չի, քանի որ նրանք նույնպես ապրում են խմբերով ու ընտանիքներով, նրանց մոտ նույնպես կա ներտեսակային համերաշխություն ու նրանց փոխհարաբերությունների մեջ նույնպես գործում են մեկը մյուսին արտաքին վտանգներից պաշտպանելու մեխանիզմներ, ու այդ ամենը ոչ միայն բնազդային ռեֆլեքսոր գործողություններ են, այլ միգուցե ինչ որ պրիմիտիվ գիտակցության ու որոշակի զգացմունքների հետևանք նաև:

Օրինակ` փղերի մոտ կա «հոգեհանգստի արարողություն», երբ մի փիղ սատկում է, փղերի այդ ընտանիքի անդամները պարտադիր սատկած փղի մարմնի մոտ ինչ որ բաներ են անում, ու գիտնականները պարզել են, որ այդ նույն բաներն անում են բոլոր փղերը, երբ իրենց ընտանիքի անդամ որևէ փիղ սատկում է։ Դա արդեն նշան է այն բանի, որ այդ կենդանիները ունեն «հոգեհանգստի ծես», ու այդպիսի բաներ հաստատ կլինեն նաև մյուս բարձրակարգ կենդանիների մոտ, հատկապես որոշ կաթնասունների, ու սա գալիս է ապացուցելու, որ անգամ կենդանիների մոտ կա աբստրակտ գիտակցության որոշակի տարրեր, հետևաբար և զգացմունքներ: Իսկ մենք մարդ ենք, ու պիտի ունենանք շատ ավելի բարձր գիտակցություն և խորը զգացմունքներ, պիտի կարողանանք սիրել մեր նմաններին, պիտի կարողանանք ապրել մյուսների կյանքով, պիտի ունենանք իդեալներ, արժեքներ, հանուն որի պատրաստ կլինենք զոհաբերել սեփական մարմնի կոնֆորտ վիճակը, որովհետև մեր մարմնի կոնֆորտը միշտ չէ, որ մեր կոնֆորտն է նաև, որովհետև մեր ինքնությունը միայն մեր մարմնով չի պարփակվում, որովհետև մենք Էություն ենք վերջապես ու հոգի: Ինչևէ, սոցիոլոգները մի լավ բառակապակցություն են հորինել` սոցիալական պատասխանատվության մակարդակ. որքան ցածր է այդ մակարդակը մարդու մոտ, այսինքն՝ որքան մարդը իրեն պատասխանատու չի զգում սեփական սոցիումի համար, այնքան այդ մարդը հակասոցիալական է:

Պատահական չի, որ մորթապաշտ ու եսակենտրոն մարդու համար անհասկանալի է հայրենասիրություն ասվածը, նա սեփական եսի վրա է միշտ սևեռված, այդպիսիները հակված են հանցագործությունների, որովհետև թքած ունեն այն ամենի վրա, որը սեփական մաշկի սահմաններից դուրս է: Հիմա մեր երկիրը բռնազավթած ուժերը հենց այդպիսիներին են խրախուսում, իսկ նորմալ մարդկանց հալածում են: Բայց ոչինչ, սա էլ կանցնի, սա նույնպես փորձություն է, որի մեջով պատվով պիտի անցնենք ու չայլանդակվենք:

Կարևորը չմոռանանք, որ մեկս մյուսով ենք ուժեղ և որ պետք ենք միմյանց, որ մեր բոլորիս ԵՍ-ը ընդամենը մի մեծ ՄԵՆՔ-ի բաղադրիչ մասնիկներն են, և որ այդ ՄԵՆՔ-ով պիտի ապրենք ու առաջնորդվենք միշտ, ու դա այդպես է, որովհետև եթե այդպես չլիներ, ապա մենք պիտի, օրինակ, ուրախանայինք, որ ժամանակին հայոց ցեղասպանություն է եղել, քանի որ եթե չլիներ ցեղասպանությունը, ապա իրադարձությունները լրիվ այլ կերպ կզարգանային և մեր տատերն ու պապերը չէին հանդիպի, մեր հայրերն ու մայրերը չէին ծնվի ու հետևաբար մենք չէինք լինի: Բայց չնայած դրան, մենք տխրում ենք, երբ հիշում ենք ցեղասպանության մասին, մենք դա մեր սեփական ողբերգությունն ենք համարում, ու դա է ճիշտը, որովհետև մենք հասկանում ենք, որ սեփական ԵՍ-ից առավել մեր ինքնությունը պայմանավորված է մեր ՄԵՆՔ-ով: Մեզանից յուրաքանչյուր ոք մի տաշած քար է Աստծու տաճարի պատերի մեջ, մեր տաճարը խոնարհված է հիմա, մեջը գոմ են սարքել, սակայն կգա ժամանակը, որ նորից կվերականգնվի այն, կմաքրվեն պատերը տիղմից ու մամուռից, ու նորից խնկարկություն կլինի այնտեղ:

Մեկնաբանություն
X