Մեզ համար թիվ 1 վտանգը կամավոր ստրուկներն են

Հարցազրույց Լոս Անջելես տեղափոխված դերասան Աշոտ Ադամյանի հետ

- ԱՄՆ-ում ինչպե՞ս ընդունվեց ԱԺ-ի կողմից ՀՀ չորրորդ նախագահի ընտրությունը:

Շատ նման է այստեղի հասարակության ու հայաստանյանի վիճակը, էն որ ասում ա՝ ոմանք՝ խոզի ճտի հրճվանքով, ոմանք՝ անտեղյակության սպասելիքներով, իսկ նրանք, ովքեր քիչ թե շատ տեղյակ են քաղաքականությունից, Հայաստանից, իհարկե՝ վրդովմունքով:

- Նկատի ունեք Նիկոլ Փաշինյանի ասած՝ լեգիտիմության նա՞վսը Հայաստանի Հանրապետության վրա, որ մի օրինակարգ նախագահ չպետք է ունենանք:

Դա շարունակվում է. նավսը կարծես մեզ պատել է, բաց չի թողնում, որովհետեւ նման բացառիկ խախտումներով այդ գործընթացն ընտրություն անվանե՞լ․․․ մենք հո շիզոֆրենիկ չե՞նք: Առհասարակ՝ այն, ինչ կատարվում է քաղաքական դաշտում, բնական գործընթաց անվանելը: Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանից պահանջվող փաստաթղթերին, բնականաբար, էդ մարդը չի կարող այն ներկայացնել, որովհետեւ այն պայմանները, որ դրված են նախագահ լինելու համար, չեն համապատասխանում այդ մարդու… ի՞նչ ասեմ՝ ապրած կյանքի ընթացքին:

- Քաղաքականության մեջ վաղուց եք․ սկզբում հետեւել, ինչ-որ շրջան՝ նաեւ ակտիվ պրոցեսների մեջ եք եղել: Ընդհանրապես, մեր պառլամենտում լսե՞լ էիք ելույթներ, որոնցում թեկնածուի արժանիքները ներկայացնող նման շռայլ բառեր ու բառակապակցություններ լինեին: Դուք հեռվից՝ օվկիանոսից այն կողմ տեսնում եք, որ կամաց-կամաց մոտենում ենք միջինասիական մոդելին:

Մեր մոդելը, ըստ իս, շատ յուրահատուկ է: Մի շատ հիմար խոսք կա՝ մերն ուրիշ ա, բայց էդ զզվելի խոսքն իսկապես արմատներ է տվել, եւ հիմա չեմ կարող նույնիսկ ասել, թե սա ինչ մոդել է: Էս մոդելն անվանում չունի՝ բացի նրանից, որ Հայաստանն այլեւս ինչ-որ քրեաօլիգարխիկ, զոնային մի կառույց է, որտեղ որեւէ կանոն չի գործում, որտեղ իրավազուրկ է հենց ինքը՝ տերը՝ երկրի ժողովուրդը, որը սմքեց էս տարիներին: Արտագաղթ ունենք սարսափելի, ունենք անբռնազբոս խրախճանքի տրված իշխանավորներ եւ հասարակություն, որի մի մեծ հատված վերածվել է հզորագույն ստրուկների: Ու էս ամենի համար, ես մի անգամ էլ եմ ասել, ես խղճում եմ մեկ մարդու՝ Պատմահորը: Իսկ մոդելի անվանում չեմ կարող գտնել, սա ֆենոմենալ մի բան է, յուրահատուկ, որը ստեղծել են մեր միջի ցածորակ, անբարեպաշտ, անօրեն, ապօրինի իշխանություններն ու նրանց ծառաները՝ այդ հզորագույն ճորտերը: Կամավոր, քանի որ կամավոր ստրուկից ավելի զզվելի բան չկա: Բայց մեզանում էդ բանակն ահռելի մեծ է ու մեզ համար թիվ 1 թաքնված վտանգը:

- Իսկ այս ամենը Ձեզ ինչ-որ ֆիլմ կամ բեմադրություն հիշեցնո՞ւմ է։

Հիշեցնում է Սալտիկով Շչեդրին, օրուելյան ինչ-որ սյուժեներ: Մասնավորապես, որ մարդը մի բան կարող է ասել, կարեւոր չէ: Որովհետեւ կարծեմ թե հայտարարել էր, հիմա պարզվում է՝ նրան կարող են «ստիպել», եւ շատ ծիծաղելի մի բան էլ, չեմ հիշում՝ որ մեկն էր, որ կարող ա Սերժ Սարգսյանին «ծեծելով» ստիպեն դառնալ վարչապետ: Շատ ծիծաղելի է: Հոմերական ծիծաղ: Դե իսկ տղամարդ-տղամարդկություն, նման բան եթե մնացել է, ինքը դրան չպետք է գնա: Ինչին չեմ հավատում: Իհարկե, նրան «կստիպեն», իհարկե, նա կլինի վարչապետ: Իրենք ունեն այդպիսի նպատակ՝ կրկին անգամ ընտրել Սերժիկին:

- Իսկ ԱՄՆ մամուլին հետեւե՞լ եք, այս հնարավորությունը քննարկվե՞ց ամերիկյան լրատվամիջոցների կողմից, նաեւ Պուտինի հետ նմանություններ տանելու համատեքստում:

Հյուսիսային այն մարդը, որ ղեկավարում է Ռուսաստանը, նմանատիպ հայտարարություն է արել, ինչ Սերժ Սարգսյանը 2014-ին: Փաստը ցույց է տալիս, որ ներիշխանական տարածքներում խոսքը գրոշի արժեք չունի, եւ նշածս անձանց 2 ելույթները կարծես իրարից արտատպված լինեն: Եվ, այո, այստեղի մամուլը նման զուգահեռներ տանում է:

- Պարոն Ադամյան, մի առիթով ընդդիմադիրների միավորման վերաբերյալ ասել էիք, որ «խոսել-մոսելու» ժամանակն արդեն վաղուց մեծ նշանակություն չունի:

Այո, կհամախմբվեն, աչքս կտեսնի, որովհետեւ հերիք է, այլապես կարող են ասել՝ «կարող ենք թռնել» Յուպիտեր, կարող են ասել՝ երկինքը ծիրանագույն է, հողը ջրեղեն է, ջուրը հողեղեն է, եթե դրանք խոսքեր են, այդ ամենն անիմաստ է:

- Տեւական ժամանակ է՝ տեղափոխվել եք ԱՄՆ: Այդտեղ ե՞ւս ամերիկացիներն այդքան հետեւում են Թրամփին, որն ամեն օր «բոցում է»:

Ինչ ասես գրում են Թրամփի մասին, ինչ մուլտիկներ ասես, որ չեն նկարում: Ինչ ասես, որ չեն անում՝ է՛լ ծեծում են, է՛լ կախում են լրատվական տարածքում, եւ կա մի հսկայական հատված, որը, ճիշտն ասած, այնքան էլ հետաքրքրված չէ քաղաքական ընթացքներով: Որովհետեւ Թրամփը, որքան էլ սրան-նրան ձեռք չի տալիս, նրան ընտրել է մի ստվար զանգված, եւ նա կլինի, թե ոչ՝ երկիրը ցնցումներ չի ապրելու: Եվ այս մարդը, որ գտնվում է Սպիտակ տանը, ստանում է պոպոքներ ցանկացած կողմից, բայց, հիմնականում, ամերիկացիները չափազանց քիչ են հետեւում քաղաքական անցուդարձին: Որովհետեւ, մեծ հաշվով, մարդիկ այդքան էլ հետաքրքրված չեն քաղաքականությամբ: Մեզանում քաղաքականացված է նույնիսկ մանկապարտեզի երեխան: Իսկ Լոս Անջելեսում նույն վիճակն է. սարսափելի քաղաքականացված է, որովհետեւ այստեղ գրեթե պատճենահանված է նույն՝ հայաստանյան վիճակը, տեղ-տեղ՝ մարգինալացված, իրարից խռոված, իրար չընդունող մարդիկ, որոնք ուրիշների մոտ ներկայանում են որպես կուռ ազգ:

Անի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X