Ձոն կնոջը

Այսօր մարտի 8-ն է՝ Կանանց միջազգային օրը։ Ու թեեւ շատերը պայքարում են այս օրը վերացնելու-մոռացնելու համար, որ կանանց նվիրված հայեցի տոնը մեր օրացույցում մնա ապրիլի 7-ը, սակայն մարդիկ շարունակում են նշել այս օրը՝ շնորհավորանքներ հղելով կամ մի փունջ ծաղիկ նվիրելով շրջապատի կանանց։

Իրականում կանանց ոչ թե հերթապահ խոսքերն ու ծաղկեփնջերն են պետք, ոչ էլ անգամ թանկարժեք օծանելիքի սրվակները, այլ հանրության լիիրավ անդամ զգալու, ինքնիրացման հնարավորությունները։ Երբ կինն սկսի գնահատվել նույն չափանիշներով, ինչ տղամարդիկ։ Երբ երեխա ունենալը չդառնա երկրագնդի շառավղից դուրս մղվելուն հավասարազոր իրադարձություն, որին տղամարդու մասնակցությունը նվազագույնի է հասցված, իսկ կնոջ վրա դրված է երեխա ունենալու- պահելու-մեծացնելու-դաստիարակելու, երբեմն նաեւ՝ «նպատակին հասցնելու» հոգսը։ Երբ կնոջ նկատմամբ հարգանքը դրսեւորվի ոչ թե դուռը բացելով եւ աթոռ զիջելով, այլ նրա մտքի, կամքի, ցանկությունների ազատ կամարտահայտմամբ։

Եվ, առհասարակ՝ կինն իրավունք ունենա անել այն ամենը, ինչ անում են տղամարդիկ, եւ չարժանանա «բա կնոջը վայե՞լ է» կամ «հայ կինն իրավունք չունի» արտահայտություններին։ Երբ տղամարդը կհամաձայնի, որ կինը բացարձակապես նույն իրավունքներն ունի, ինչ ինքը, եւ այդ իրավունքների ու պարտականությունների բաշխումը կարող է տարբեր լինել միայն ֆիզիոլոգիական առանձնահատկություններից բխող պատճառներով, մեզանում ամեն ինչ իր տեղը կընկնի։ Այդ ժամանակ տղամարդիկ կհասկանան, որ տղամարդու դավաճանությունը ոչնչով չի տարբերվում կնոջ դավաճանությունից, որ եթե տղամարդը կարող է ուշ տուն գալ, ապա դա կնոջն էլ է կարելի, որ եթե տղամարդը 12-13 ժամ աշխատում է, քանի որ «կարիերա է անում», նույնը կարող է նաեւ կինն անել։

Մեկնաբանություն
X