Հայաստանում պետք է ֆիլմ նկարել այն ժամանակ, երբ բան ունես ասելու

Հարցազրույց կինոռեժիսոր Ռուբեն Քոչարի հետ․

-Պարոն Քոչար, մի քանի օր է արդեն՝ ապրում ենք 4-րդ հանրապետությունում եւ ունենք նոր նախագահ․ ի՞նչ սպասելիքներ ունեք այս փոփոխությունների ֆոնին։

-Առանձնապես՝ ոչ մի, ոնց ապրում ենք, այնպես էլ պետք է շարունակենք ապրել։ Կռիլովը մի լավ առակ ունի, ասում է․ «А вы, друзья, как ни садитесь, Всё в музыканты не годитесь»։ Միակ կարեւոր բանն ինձ համար՝ որ ցնցումներ չեն լինում։ Ամեն տեսակի ցնցում առաջին հերթին արվեստի վրա է ազդում, որովհետեւ ամենանուրբն է ու խոցելին։ Երբ ինչ-որ բաներ են կատարվում երկրում, առաջին հուսահատության մեջ ընկնողները դա արվեստի մարդիկ են։ Ժողովուրդը մի լավ խոսք ունի, ասում է՝ սենց էլ մնա, լավ է, մենակ կռիվ չլինի։ Բայց, մյուս կողմից էլ, այսպես ինչքա՞ն, ինչպես ասել է Լյուդովիկոս XIV-ը՝ «պատերազմից խուսափել չի կարելի, այն կարելի է միայն հետաձգել»։ Հիմա մեզ մոտ նման վիճակ է։

-Այս տարիների ընթացքում էլ իշխանությունների կողմից ժողովրդի «բերանը» փակելու, նրան սաստելու միակ «զենքը» եղել է դա՝ լռեք, մի բողոքեք, քանի որ պատերազմող երկիր ենք։

-Բանն այն է, որ ամբողջ աշխարհում է այդ քաղաքական մոտեցումը։ Ամերիկան, որ Ամերիկա է, ինքն էլ միշտ վախի մեջ է, բայց երկու վախը մի մահ է։ Ինչի՞ց վախենաս, պատերազմն էլ կյանքի մի տեսակ է, մեր ամբողջ կյանքը պատերազմ է, դրանք հարաբերական հանգստություններ են։

-Ու այդ պատերազմների արանքում մի քանի սերունդներ են կորսվում։

-Այո, կորսվում են, այս արտագաղթը բա էլ ի՞նչ է, կորցնում ենք, չէ՞, դա հո միայն մահանալը չէ՞, ավելի վատ, մահն այն է, որ մարդիկ հեռանում են, ու չես հասկանում՝ այդ մարդը կա՞, թե՞ չկա։ Հիմա ես չգիտեմ՝ իմ ընկերների մի մասը կա՞, թե՞ չկա, նրանք հա՛մ կան, հա՛մ չկան։ Հետո՝ ես նաեւ չգիտեմ մի երկիր, որտեղ արվեստագետները գոհ են, ասում են՝ լավ ենք ապրում։ Որտե՞ղ է լավ, ամեն տեղ էլ դա կա, ուղղակի այդ ամեն ինչն իր ձեւի, հարաբերությունների մեջ է։ Հիմա Ամերիկայում ո՞վ է գոհ։ Ճիշտ արվեստագետն այնտեղ էլ լավ չի ապրում եւ ընդհանրապես ոչ մի տեղ էլ լավ չի ապրում։

-Ճիշտ արվեստագետը ո՞րն է, որ իշխանություններին չի՞ հաճոյանում, կոմպրոմիսների չի՞ գնում ինքն իր հետ, իր արվեստում։

-Ամեն մարդ իր գործը պետք է ունենա երկրում։ Օրինակ՝ արվեստագետն այն մարդը չէ, որ պետք է փողոց դուրս գա ու բողոքի, ինքը միշտ տուժածն է, բայց նաեւ գոյատեւող տեսակը, ինքը հեղափոխական է՝ ուրիշ իմաստով։

-Իսկ ճիշտ արվեստագետը քաղաքացիական կեցվածք չպե՞տք է ունենա։

-Իհարկե, պետք է ունենա։ Այդ կեցվածքն արվեստի մեջ է երեւում, արվեստագետը նա է, ով ինչ-որ բան է ստեղծում, այդ ստեղծածն է իր ըմբոստությունը։ Եթե մեր արվեստագետները դուրս գան փողոց, ասեն՝ կառավարություն, հեռացիր, չի աշխատի․ արվեստագետը պետք է բան ստեղծի, որը դա ասի։ Եթե իր ստեղծածը չի ասում, ուրեմն իր գոռալն արժեք չունի։

-Օրինակ՝ վերջին շրջանում կնշե՞ք արվեստի մի գործ, որն իր մեջ ունի այդ ըմբոստությունը։ Ի դեպ, վերջերս Արամ Մանուկյանի արձանը շատ մեծ աղմուկ բարձրացրեց, ի՞նչ կարծիք ունեք դրա մասին։

-Անկեղծ ասած՝ տեղյակ չեմ այդ պատմությանը, քանի որ չեմ հետեւում ֆեյսբուքներին․ ո՞րն էր խնդիրը։

-Հեղինակն Արամ Մանուկյանին պատկերել է եռագույնի մեջ փաթաթված՝ ճեղքված քարե սալահատակի մեջտեղում՝ մեծածավալ չափերով, ինչը հանրության կողմից քննադատության ենթարկվեց։

-Կարծում եմ՝ ժողովուրդը կարծիք ասում է ժամանակի մեջ՝ լինելուց հետո։ Կարծեմ Միքելանջելոյի հետ կապված մի այսպիսի պատմություն կա․ արձան է սարքում, արվեստանոցի դուռն էլ միշտ բաց է լինում, մարդիկ անցնում են ու տեսնում, թե ինչ է սարքում, կոշկակարը գալիս ասում է՝ սենց կոշիկ չի լինում, դերձակն ասում է՝ շորն էս ի՜նչ ես արել, ամեն մեկն իր մասնագիտության գծով դիտողություն է անում, ով ինչ ասում է՝ Միքելանջելոն սարքում է։ Վերջում 2 արձան է դնում, մեկը մարդկանց խորհուրդներով սարքած, մյուսը՝ ինչպես որ ինքն է մտածել, որոնք արդյունքում հեչ իրար նման չեն լինում, եւ բնական է, որ իր սարքածն ավելի լավն է լինում։ Կան գործեր, որ ժամանակի մեջ են ընկալվում, ինչքան արվեստագետն ուժեղ է եւ ժողովրդից առաջ է ընկած, այդքան ժողովուրդն իրեն ուշ է ընկալում։

-Եթե ամեն տեղ խնդիրները նույնն են, ու ամեն տեղ դժվար է, ինչպես նշեցիք զրույցի սկզբում, ի՞նչն է, որ ստիպում է մարդկանց թողնել ու հեռանալ այս երկրից։

-Սովետի ժամանակ էլ մարդիկ ուզում էին գնալ, որովհետեւ մարդն է այսպիսին, հատկապես՝ հայը։ Մարդն իր տեղում տիտիկ անել չգիտի, թռչունների պես է, անընդհատ ուզում է շարժվել, ամբողջ աշխարհն ընկալել, իսկ հայը՝ առավել եւս։ Մենք դարերով պանդուխտ ենք եղել, դա նույնիսկ արվեստի ուղղություն է դարձել, պանդխտության երգեր ունենք։ Բոլոր ժամանակներում էլ մարդն իր կյանքից դժգոհ է եւ գիտի, թե դրսում փլավ են բաժանում։ Պետք է քո երկրում մնաս ու եթե պայքարի ինչ-որ հարց ունես, մնաս ու քո երկրում պայքարես։ Ընդհանրապես, քանակը լիքը բան է փոխում աշխարհում, հատկապես՝ կինոյի աշխարհում։ Եթե ասում են՝ 10 մլն-անոց ժողովուրդ, ուրեմն քո ասելիքը ոչ մեկին պետք չէ, բայց եթե մի քիչ ավել լինես՝ չինացիների պես, ինչ ասես, կլսեն։

-Հիմա, օրինակ, Պարսկաստանը Չինաստան չէ, բայց կարողանում են իրենց մշակույթը, արվեստը, կինոն աշխարհի համար հետաքրքիր դարձնել։ Ինձ համար, օրինակ, իրանցի ռեժիսորների ֆիլմերը սպասված են։

-Նախ՝ Իրանը 10 մլն չէ։ Եթե դու իրենց ռեժիսորների կենսագրությունները կարդաս, կտեսնես, որ նրանք լուրջ ուսում ստացած մարդիկ են, բոլորը դրսում սովորած ռեժիսորներ են, եւ հետո՝ պարսիկը փիլիսոփա ժողովուրդ է, իր ձեռագիրը, մտածելակերպն ունի կինոյում։ Մենք ի՞նչ ունենք, մեր ո՞ր ռեժիսորն է դրսերում սովորել, մեր սերնդից դեռ մի քանի հոգի կան, որ ՎԳԻԿ-ում, բարձրագույն կուրսերում սովորել են, բայց հիմա դա էլ չկա։ Մինչդեռ առանց ուսումի չես կարող ընկալվել, դրա համար մեր սերիալներին նայեք, գիտես, թե փող չլինելու պատճառո՞վ են այդ սերիալներն այդպիսին, ինչքան ուզում ես փող տուր, մեկ է՝ նույն ձեւի են նկարելու։

-Ասացիք՝ պարսիկներն իրենց ձեռագիրն ունեն, իսկ ո՞րն է մեր ձեռագիրը կինեմատոգրաֆում։

-Այդ ձեռագիրը դեռ մշակվում է, մենք այն վերջնականապես չենք գտել, ժամանակ է պետք։ Մոտ կես դար ապրեցինք սովետական երկրում, եւ այդ սովետական հոգեբանությունն ու մտածողությունը խանգարեցին, չնայած Մալյանի մոտ արդեն սկսում էր ձեւավորվել մտածողություն, բայց, մեկ է՝ այդ երկիրը թույլ չէր տալիս։ Հետո Փարաջանովը հայտնվեց եւ ձեռագիր առաջարկեց։ Նույնը՝ Փելեշյանի դեպքում, հիմա Փելեշյանին ասում են դոկումենտալիստ, բայց նա դոկումենտալիստ չէ, նա անում է գեղարվեստական ֆիլմ՝ դոկումենտալ կադրերից։ Եթե կա մարդու վերաբերմունք, դա արդեն դոկումենտալ չէ։ Բայց ամենակարեւորն արվեստի մեջ, կինոյում դա ասելիքների շարանն է, ինչի՞ մասին ենք խոսում, մեր ազգին հուզող հարցերը որո՞նք են։

-Այսօր, օրինակ, մեզ հուզող հարցերի շրջանակը ձեւակերպվա՞ծ է կինոյում, թե՞ յուրաքանչյուր ռեժիսորի մոտ առանձին է տրված։

-Ո՞րն է եւ ինչո՞ւմն է այսօր մեր ժողովրդի դարդը, դրա մասին չի խոսվում, սերիալներում զոքանչ-սկեսուր հարաբերություններ են, սա նրան սիրեց, նա՝ մյուսին, բայց որն է պատճառը, ինչու երեխաներից հրաժարվեց կամ թողեց գնաց՝ դրա մասին պետք է խոսվի, ասելիք պետք է լինի, բայց չկա։ Ժանրը կապ չունի։ Օրինակ՝ Չալդրանյանին իր ֆիլմերում ինչ-որ հարց է հուզում, նա ինչ-որ բանի մասին է խոսում։ Նույնը՝ Հարություն Խաչատրյանի դեպքում, նա միշտ հարց է դնում, թե այդ հարցը ոնց է լուծում՝ արդեն այլ հարց է, բայց ասելիք ունի եւ ֆորմա է գտնում դրա համար։ Բայց մյուսների մոտ ես չեմ տեսնում, թե ինչ հարցի մասին է խոսքը։ Կինոն էլ ունի իր ռաբիզը, որ իր ռաբիզ դերասաններով դահլիճներ է լցնում։

-Ձեզ այսօր ի՞նչ հարցեր են հուզում, որ փորձում եք Ձեր կինոյում արծարծել, եւ հիմա ինչի՞ վրա եք աշխատում։

-Ամառային օպերային թատրոնի ուղղությամբ եմ աշխատում։ Երկար ժամանակ որոշել էի ֆիլմ չանել, որովհետեւ եթե ֆիլմ անելը փող աշխատելու համար է, ապա դրանով փող չես աշխատի, ուրեմն պետք է ֆիլմ անել Հայաստանում այն ժամանակ, երբ բան ունես ասելու, եւ այդ ասելիքը պետք է շատ մեծ լինի, այլապես անիմաստ է, որովհետեւ, ինչպես Բենդերը կասեր, ես գիտեմ փող աշխատելու 360 տարբեր ձեւեր՝ հարաբերական ազնիվ ճանապարհով։ Հիմա կինոն ամենաազնիվ ճանապարհը չէ փող աշխատելու, որովհետեւ շուկա չունես, եւ կան շատ խնդիրներ։ Բայց այնպես ստացվեց, որ ամեն ինչ հավաքվեց մի տեղ։ Իմ այս նոր ֆիլմում, որի հերոսը նկարիչ Մայիս Մխիթարյանն է, ասելիքը մեծ է, ֆիլմի իմաստը հավատքն է, որովհետեւ առանց դրա չի լինում, ինչ էլ անում ենք, դրա մասին ենք խոսում, մեզ թվում է՝ զոքանչ-սկեսուրի մասին ենք խոսում, բայց իրականում էլի հավատի մասին ենք խոսում։ Մեղանչման մասին է ֆիլմը, մեղայականն ամենամեծ բանն է կյանքում, մարդը սխալական է, բայց պիտի կարողանաս սխալդ հասկանալ եւ խոստովանել։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X